Մայրության նպաստ նշանակելու օրենքում կառավարությունը նոր հստակեցումներ է կատարել


Մայրության նպաստ նշանակելու օրենքում կառավարությունը նոր հստակեցումներ է կատարել

  • 23-06-2017 14:44:41   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Գործադիրը փոփոխություններ և լրացումներ է կատարել նախկինում ընդունված որոշումներից մեկում՝ պայմանավորված ««Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ 2016թ. դեկտեմբերի 16-ի ՀՕ-223-Ն oրենքի ընդունմամբ: Նախագծով, վերը նշված օրենքին համապատասխան, սահմանվել է, որ օտարերկրյա քաղաքացի շահառուի մայրության նպաստ նշանակվում է, եթե նա հղիության և ծննդաբերության արձակուրդի իրավունք ունենալու ժամանակահատվածի առաջին օրվա դրությամբ առնվազն երեք տարի (36 ամիս) անընդմեջ հաշվառված է ՀՀ բնակության վայրի հասցեով: Այլ շահառուների դեպքում պահանջվում է միայն ՀՀ հասցեով հաշվառվելը:
 
Նախագծով հստակեցվել են նաև Արցախի Հանրապետության բժշկական կազմակերպությունում նախածննդյան հսկողության կանգնած կամ ծննդաբերած շահառուի` մայրության նպաստի իրավունքն իրացնելու համար անհրաժեշտ փաստաթղթերը (Արցախի Հանրապետության բժշկական կազմակերպության տված ծննդօգնության պետական հավաստագիրը կամ դրա պատճենը, եթե դիմումը ներկայացվել է երեխայի ծնվելուց հետո): Ընդ որում, այս դեպքում մայրության նպաստ նշանակվում է, եթե շահառուին Արցախի Հանրապետությունում մայրության նպաստ չի նշանակվել: Հստակեցվել են նաև տարածքային բաժնի կողմից մայրության նպաստ նշանակելը մերժելու հիմքերը:
 
***
ՀՀ կառավարությունն ընդունված որոշմամբ առաջարկել է ՀՀ Ազգային ժողովի նախա¬գահին 2017 թվականի հուլիսի 4-ին՝ ժամը 10:00-ին, գումարել ԱԺ արտահերթ նիստ:
Նիստի ավարտին վարչապետ Կարապետյանը ևս մեկ անգամ անդրադարձել է կառավարության գործունեության ծրագրին և նշել. «Մենք հայտարարել ենք, որ հստակ գիտենք՝ ինչն է պետք փոխել: Դա մանրամասն ըստ ոլորտների ձևակերպված է: Մենք հայտարարել ենք, որ հեշտ ճանապարհ չենք ընտրել, բայց միանշանակ ընտրել ենք ճանապարհ, որը մեր քաղաքացու կյանքի որակը փոխելու է: Խնդրում եմ՝ շատ պատասխանատու, ինտենսիվ մեր այսօրվա հանձնարարականներն ադապտացնել տեղերում և նույն տեմպով աշխատել»:
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն