Բանկերի աչքը լույս. «Մտել են մեր գրպանը»


Բանկերի աչքը լույս. «Մտել են մեր գրպանը»

  • 23-06-2017 16:45:14   | Շիրակի մարզ  |  Հասարակություն

Անհրաժեշտ կրեդիտ հավաքելու դեպքում բուժաշխատողների վերապատրաստումը պարտադիր չէ. նախարարությունը պահանջում է ինքնակրթվել
 
Շիրակի մարզի մի խումբ բուժքույրեր դժգոհում են, որ ստիպված են մասնագիտական վերապատրաստման դասընթացին մասնակցելու համար վճարել իրենց գրպանից: «Ասպարեզ»-ի հետ զրույցում բուժքույրերը պատմում են, որ վերապատրաստումն արժե 50 հազար ՀՀ դրամ, վճարելու են 5 տարվա վերապատրաստման համար, պահանջված գումարը վճարելու են մեկ ամսվա ընթացքում: «Մեր աշխատավարձը ամեն ամիս ընդամենը 60 կամ լավագույն դեպքում՝ 70 հազար դրամ է, մենք ինչու՞ պետք է մեր գրպանից վճարենք, ինչու՞ են պարտադրում մեզ վերապատրաստվել: Այդ գումարը պետք է վճարի պետությունը, կամ մեր հիմնարկը: Պետությունն ասում է՝ փող չունեմ, հիմնարկի տնօրենն ասում է՝ փող չկա, պարտք ունենք: Մենք էլ չունենք, ինչու՞ վճարենք: Բայց խնդիրն այն է, որ չվերապատրաստվելու դեպքում աշխատելու հնարավարություն չենք ունենալու, բանկերի աչքը լույս՝ մեզ  վարկ կտան, հետո էլ բարձր տոկոսով կպահանջեն փակել վարկը»,-բողոքում են նրանք եւ ավելացնում, որ Շիրակի մարզում քիչ չեն նաեւ անապահով պայմաններում ապրող բուժքույրերը:
 
Այս հիմնախնդիրները կարգավորվում են «Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» ՀՀ օրենքի, ինաեւ բժշկական կազմակերպությունների լիցենզավորման պահանջների համաձայն: ՀՀ-ում յուրաքանչյուր բուժաշխատող հինգ տարվա ընթացքում պարտավոր է անցնել մասնագիտական վերապատրաստում: Վերապատրաստման համար վճարվող գումարի չափն օրենքով չի կարգավորվում: Գումարը կարող է վճարել կամ տվյալ բժշկական կազմակերպության տնօրինությունը կամ մեկ այլ դոնոր կազմակերպություն կամ բուժաշխատողը:
 
«Անցած տարիներին մեր վերապատրաստումների համար վճարել են բուժհիմնարկները, բայց այս վերջին 2 տարում մեզ են ստիպում մեր գրպանից վճարել, ուզում ենք իմանալ, թե առողջապահության նախարարությունը տեղյակ է այս մեր խնդիրներից»,-հարցնում են բուժքույրերը:
 
«Ասպարեզը» բուժքույրերի բարձրաձայնած խնդիրների մասին պարզաբանումներ խնդրեց առողջապահության նախարարությունից: Նախարարության անձնակազմի կառավարման վարչության պետ Սամվել Սողոմոնյանը տեղեկացրեց, որ օրենքի համաձայն, վերապատրաստման եւ ֆինանսավորման բեռը կրում է բուժաշխատողը: Վարչության պետը նաեւ նշեց, որ բուժհիմնարկները եւս կարող են բուժաշխատողի փոխարեն իրենց բյուջեից վճարել վերապատրաստման դասընթացների դիմաց, եթե, իհարկե, տվյալ բուժհիմնարկն ունի համապատասխան գումար: Վերապատրաստման դասընթացին 100 տոկոս անվճար մասնակցում են այն բուժաշխատողները, ովքեր ունեն հաշմանդամության կարգ, անվճարունակ են, զոհված ազատամարտիկի ազգական են եւ այլն: Նման արտոնությունից տարեկան կարող է օգտվել 500 բուժաշխատող՝ 200 բժիշկ, 300 բուժքույր: Բացի պետական այս սահմանափակ աջակցությունից, միջազգային որոշ կազմակերպություններ եւս կարող են աջակցել բուժաշխատողներին՝ անվճար վերապատրաստվելու նպատակով:
 
Նախարարության անձնակազմի կառավարման վարչության պետ Սամվել Սողոմոնյանը մատնանշում է նաեւ մեկ այլ փաստ, որի մասին, որքան էլ զարմանալի լինի, բուժաշխատողներից շատերը տեղյակ չեն: Վճարովի վերապատրաստման դասընթացները պարտադիր չեն, եթե բուժաշխատողն ունի շարունակական մասնագիտական համապատասխան կրեդիտներ, որը ենթադրում է մասնագիտական շարունակական աշխատանք՝ առանց վճարովի վերապատրաստումների մասնակցելու:
 
Ի դեպ, երբ բուժաշխատողները տարիներ առաջ բարձրաձայնում էին վճարովի դասընթացների վերաբերյալ, նախարարությունը հայտարարեց, որ ՀՀ ազգային ժողովում քննարկվելու է օրենսդրական նախաձեռնություն՝ բուժաշխատողների շարունակական մասնագիտական զարգացման կրեդիտային համակարգի ներդրման վերաբերյալ: Այս համակարգն այսօր արդեն գործում է եւ բուժաշխատողը շարունակական սկզբունքով, մասնագիտական գործունեության ողջ ընթացքում պարտավոր է զարգացնել իր գիտելիքներն ու հմտությունները: Նա պարտավոր է հաճախել նաեւ գիտաբժշկական տարբեր սեմինարների, տպագրել գիտական աշխատություններ: Այս դեպքում, եթե բուժաշխատողը շարունակական մասնագիտական զարգացման անհրաժեշտ կրեդիտներ հավաքի, ապա հնարավորություն կունենա ստանալ մասնագիտական գործունեության հավաստագիր:
 
Սակայն բուժաշխատողների շարունակական մասնագիտական զարգացման կրեդիտային համակարգի մասին բոլոր բուժաշխատողները չէ որ գիտեն: Ոլորտի մասնագետներից ոմանք փոխանցում են, որ բուժաշխատողներն այսօր ավելի դյուրին տարբերակ են ընտրել՝  վճարովի վերապատրաստման դասընթացներին մասնակցելը՝ այդ կերպ շրջանցելով կրեդիտային համակարգը:
 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play