Ինչո՞ւ է Սերժ Սարգսյանն անհանգիստ


Ինչո՞ւ է Սերժ Սարգսյանն անհանգիստ

  • 23-06-2017 17:42:23   | Հայաստան  |  Վերլուծություն

Երեկ, երբ խորհրդարանում կրկին բարձրացվեց 2018-ին վարչապետի խնդիրը, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը ելույթ ունեցավ եւ հայտարարեց. «2018-ին ով կլինի վարչապետ, անկախ վարչապետի անձից, դուք գործ կունենաք մեր կուսակցության հետ` նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ»:

 

Վերջին շրջանում Շարմազանովը, ինչպես նաեւ ՀՀԿ այլ ֆունկցիոներներ տարբեր առիթներով, պարբերաբար հիշեցնում են, որ ՀՀԿ-ն եւ Սերժ Սարգսյանը իշխանությունն են: Ընդ որում, հիշեցնում են հենց 2018-ին վարչապետի խնդրի համատեքստում, իսկ զուգահեռ գեներացվում է Կարեն Կարապետյանի հեռանալու կամ Սերժ Սարգսյանի ծրագրերին ենթարկվելու թեման:

 

Կասկած չկա, որ ՀՀԿ ֆունկցիոներները տվյալ պարագայում Սերժ Սարգսյանի խոսնակն են եւ արտահայտում են նրա կարծիքը:

 

Եթե առաջացել է ՀՀԿ-ի ու Սերժ Սարգսյանի իշխանությունը պարբերաբար հիշեցնելու պահանջ, դա կարող է վկայել, որ Սերժ Սարգսյանի ծրագրերը հարթ չեն ընթանում, մյուս կողմից՝ նրա հեռանալու «համոզմունքը» կարող է համակարգի անվերահսկելիության պատճառ դառնալ:

 

Ո՞ր դեպքի հետ գործ ունենք: Ըստ ամենայնի՝ երկուսի էլ: Ընդ որում, նոր իշխանության ձեւավորման հարցում Սերժ Սարգսյանը վերջին շրջանում բախվեց նաեւ արտաքին բավական լուրջ խնդիրների, ինչպես օրինակ Եվրամիության հետ սկանդալն ու ԱՄՆ առաջարկը 8 միլիարդ ներդրումների հնարավորության վերաբերյալ, թեեւ ակնհայտորեն հույս ուներ իշխանության ձեւավորումն էլ իրականացնել անաղմուկ:

 

Սակայն այս երկու հանգամանքները նրան դրել են բարդ իրավիճակում, քանի որ դրանք առաջացրել են նրա անձնական խնդիրների եւ հանրային-պետական շահի հակադրության իրավիճակ, այդ թվում կասկածի տակ դնելով գործընթացի լեգիտիմությունը: Թերեւս, սա է թե վարչապետի հարցի, թե ԵՄ դեսպանի հայտարարության կապակցությամբ բավական նյարդային արձագանքի պատճառը:  

 

lragir.am

Նոյյան տապան  -   Վերլուծություն