«Կառավարությունը հետևողականորեն շարունակում է աշխատանքները ծրագրային բյուջետավորման ներդրման համար». Կարեն Կարապետյան


«Կառավարությունը հետևողականորեն շարունակում է աշխատանքները ծրագրային բյուջետավորման ներդրման համար». Կարեն Կարապետյան

  • 26-06-2017 12:07:10   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի ելույթը ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովներում «ՀՀ 2016 թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության քննարկման կապակցությամբ
 
 
Բարև ձեզ, հարգելի գործընկերներ:
Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներից ելնելով՝ կառավարությունը ձեզ է ներկայացնում Հայաստանի Հանրապետության 2016 թ. պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը: Ազգային ժողովը քննարկումների բավական հագեցած ժամանակացույց է նախատեսել, որի ընթացքում, նախ, կներկայացվի այն մակրոմիջավայրը, որտեղ տեղի է ունեցել պետական բյուջեի կատարման գործընթացը, և կմանրամասնվեն հաշվետու տարվա սոցիալական, տնտեսական քաղաքականության հիմնական ուղղությունները և արձանագրված արդյունքները, ինչպես նաև կներկայացվեն ոլորտային ծրագրերի կատարողականի արդյունքները: 
Ինչպես հայտնի է, կառավարությունը հետևողականորեն շարունակում է աշխատանքները ծրագրային բյուջետավորման համակարգի ներդրման ուղղությամբ: Վերջինս ենթադրում է, որ թե´ բյուջետային ծրագրերը, թե´ դրանց կատարողականները պետք է ներկայացվեն՝ աստիճանաբար ավելի մեծ շեշտադրումներ կատարելով արդյունքային ցուցանիշներին: Այլ կերպ ասած, համեմատաբար մեծ ուշադրություն պետք է դարձվի ոչ թե այն բանին, թե որքան ֆինանսական միջոցներ ենք ծախսել, այլ թե ինչ արդյունքներ են արձանագրվել այդ միջոցների օգտագործմամբ: Հետևաբար, ոլորտային քննարկումների ժամանակ մենք նախատեսում ենք շարունակել ջանքեր գործադրել քննարկումները հենց այս տրամաբանությամբ հնարավորինս բովանդակային դարձնելու ուղղությամբ: 
2016 թ. տարեկան տվյալների ամփոփման արդյունքների, հարկաբյուջետային քաղաքականության և դրա շրջանակում կառավարության կողմից իրականացված գործողությունների վերաբերյալ առավել մանրամասն կներկայացնի ֆինանսների նախարարը:
Տնտեսության հետագա զարգացման հիմքերի ստեղծման նպատակով 2016 թ. սկսվել և ներկայում շարունակվում են քննարկումները, որոնք հիմնականում իրենց արտացոլումը գտել են վերջերս հավանության արժանացած կառավարության ծրագրում և առաջիկայում կարտացոլվեն պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրում ու պետական բյուջեի նախագծում: Հուսով եմ, որ մեզ սպասվում են կառուցողական քննարկումներ և ձեր կողմից կարվեն կոնստրուկտիվ առաջարկներ, որոնք կառավարությունը հաշվի կառնի իր կարճաժամկետ և միջնաժամկետ ծրագրերում, ինչն, անկասկած, կնպաստի պետական ֆինանսների առավել արդյունավետ կառավարմանը:
Կանխավ շնորհակալ եմ և մաղթում եմ արդյունավետ բյուջետային քննարկումներ:
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն