Հայաստանը դառնում է գավառ.ազգի կողմից ընտրված հավաքական կերպար չենք ունենալու


Հայաստանը դառնում է գավառ.ազգի կողմից ընտրված հավաքական կերպար չենք ունենալու

  • 26-06-2017 16:46:14   | Հայաստան  |  Հարցազրույցներ

Լրագրի զրուցակիցն է ԳԽ նախկին պատգամավոր, նախկին քաղբանտարկյալ Ազատ Արշակյանը

 

Պարոն Արշակյան, Երևանում Չեխիայի դեսպանն իր աջակցությունն է հայտնել ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկու՝ Հայաստանում անցկացված խորհրդարանական ընտրությունների արդյունքների վերաբերյալ արված հայտարարությանը։ Նա նշել է, որ Հայաստանի ներքին գործերի հետ կապ չունեն մտահոգությունները, որ կային։ Որքանո՞վ կարող են սրվել Հայաստան-ԵՄ հարաբերությունները Հայաստան-ԵՄ փաստաթղթի ստորագրման այս փուլում։ Ի՞նչ վտանգներ եք տեսնում։

 

Հայաստանի իշխանությունների հայտարարությունը հպատակության (верноподданические) հայտարարություններ են։ Իսկ, ըստ էության, Հայաստանը ԵՄ-ում, ԱՄՆ-ում, ԵՏՄ-ում չունի ձայնի իրավունք։ Հայաստանը դիտարկվում է որպես մարդասիրական բազա։ Այսինքն՝ Հայաստանի սյուզերենը նրան երկիր չի համարում։ Նա ամբողջ աշխարհին հայտարարում է, որ ինքը ունի արտոնյալ իրավունքներ որոշ երկրների նկատմամբ։ Այսինքն՝ կան երկրներ, որոնք երկիր են և իրավունքներով օժտված են՝ քաղաքական, տնտեսական, մարդասիրական, սոցիալական իրավունքներ ունեն, և կան երկրներ, որոն նման իրավունքներ չունեն։ Այդպիսի երկրներից մեկը ԵՏՄ-ում Հայաստանն է։ Այսինքն՝ նախկին Խորհրդային Միության տարածքի նկատմամբ Ռուսաստանը բոլոր հարմար առիթներով հայտարարում է, որ ինքն այդտեղ տեր ու տիրական է, որ այդ տարածքի երկրները լիարժեք ժողովուրդ չեն, պետական ժողովուրդ չեն, նրանց պետությունները թերարժեք պետություններ են, այդ երկրներն իր վասալներն են, դրա համար Ռուսաստանը պատրաստ է համաշխարհային պատերազմ սկսել այդպիսի իրավունքի համար։ Վերջին հայտարարությունները Ուկրաինայի, Վրաստանի հետ կապված դրա մասին են վկայում, և մենք պետք է դա հաշվի առնենք։

 

Իսկ ահա եվրոպացիների նեղ հայտարարությունը բոլորովին չի հետաքրքրում, նրանք մարդասիրական վերաբերմունք ունեն մեր նկատմամբ։ Նրանք ասում են՝ մենք որպես քաղաքակիրթ աշխարհի ներկայացուցիչներ, հովանավորում ենք ձեզ, ձեզ սովորեցնում ենք՝ ինչ անել այս պայմաններում, որում դուք հայտնվել եք, ինչպես կարող եք լավացնել ձեր կյանքը։ Հիմա մերոնք ասում են՝ չենք ուզում լավացնել մեր կյանքը։ Դա անհեթեթություն է։ Իհարկե, եթե մերոնք իրավունք ունենային խոսելու, պետք է շնորհակալություն հայտնեին և ասեին՝ ջանքեր չենք խնայի, որ նմանվենք ձեզ, բայց քանի որ մերոնք դրածո են, վախենում են, վախենում են ոչ միայն իրենց անձնական կարգավիճակի համար, այլ նաև վախենում են զայրացնել սյուզերենին, որ նա կարող է զայրանալ ու մեզ պատժել։

 

Հնարավո՞ր է՝ այդ փաստաթուղթն այդպես էլ չստորագրվի։

 

Դա շատ խորհրդանշական փաստաթուղթ է։ Վասալները չեն կարող ստորագրել, եվրոպացիները այս խեղճ ու կրակ վասալներին ասում են՝ կստորագրե՞ք, թե ոչ։ Վասալները ոչ հրահանգ ունեն, ոչ էլ արժանապատվություն, դրա համար էլ ասում են կստորագրենք, չենք ստորագրի, կգնանք, կգանք, Սվիտալսկուն դիտողություններ կանենք, թե մեր ներքին գործերին է խառվում։ Ինչի, դուք ներքին գործեր ունե՞ք, որ ձեր ներքին գործերին էլ ինչ-որ մեկը խառնվի։ Եվ կարծում եմ, որ եթե եվրոպացիները ուզում են մենք ստորագրենք, պետք է գնան Մոսկվա և մեզ սկուտեղի վրա բերեն այս թուղթը՝ ազատությունների խարտիան։ Եվրոպացիներն ասում են՝ հայեր, դուք քանդեք եվրասիական իմպերիան, հայերն էլ ասում են չէ, մենք կառուցող ենք, շինարար ժողովուրդ ենք։ Մեր գործը հայտ ներկայացնելն է, մենք ասում ենք, որ ազատություն ենք ուզում և դրա համար կռվում ենք։

 

ՀՀ իշխանությունները պաշտպանում էին ԿԸՀ-ին, որի անվստահության մասին բարձրաձայնել էր Սվիտալսկին։

 

Իշխանությունը ոչ թե ԿԸՀ-ին է պաշտպանել, այլ ինքն իր կարգավիճակն է պաշտպանում։ Սվիտալսկին, ըստ էության, հայտարարում էր՝ դուք ապօրինի եք, իշխանությունն էլ ինքնապաշտպանության է դիմում։ Երբ Սվիտալսկին ասում է՝ կան խնդիրներ ընտրական համակարգում, փաստորեն ասում է՝ դուք չեք ընտրվել։ Այ դա է իշխանությանն անհանգստացնում։ Եվրոպացիներն ասում են՝ մենք գիտենք, որ դուք ընտրված չեք, դուք օրինական իշխանություն չեք, ձեր օրենքները լեգիտիմ չեն, ձեր ընտրությունը ընտրություն չէ։ Այսինքն ասում են դուք ապօրինի զավակ եք, ձեր ծնողները չեն ձեզ ծնել, незаконнорожденный։ Մերոնք էլ ասում են՝ չէ, մենք ծննդական ունենք, մեր ԿԸՀ-ն ծննդական է տվել, կարող ենք տեղեկանք բերել, որ օրինական զավակներ ենք։

 

Նախորդ շաբաթ բավական քննարկվեց կառավարության ծրագիրը։ Վարչապետից հետաքրքրվում էին, թե ինչ է նա անելու 2018-ից հետո։ Ձեր կարծիքով՝ ինչո՞ւ է ընդդիմությանն ամենից շատ այդ հարցը հետաքրքրում։ Ի վերջո, ներքաղաքական այս զարգացումները ինչի՞ կարող են հանգեցնել:

 

Դրանք ներքաղաքական զարգացումներ չեն, ընդհանրապես Հայաստանում գործընթացները քաղաքական չեն։ Քաղաքական զարգացումները գերտերությունների՝ Ռուսաստանի և իր սլավոնաթուրքական դաշնակիցների մոտ են, իսկ մեզ ներքաշել են այդ սլավոնաթուրքական միություն, որտեղ մենք քաղաքական օբյեկտ չենք։ Այդ սլավորանթուրքական միության և Եվրամիության ու ԱՄՆ-ի պայքարը շատ լուրջ պայքար է։ Այդ թվում նաև մեր ազատության համար է պայքար ընթանում։ ԵՄ-ն և ԱՄՆ-ը պայքարում են իրենց շահերի համար, և այդ շահերը համընկնում են մեր շահերի հետ, որովհետև նրանք ազատություն և ժողովրդավարություն են տարածում։ Նրանք ԵՏՄ-ին ազատություն ու ժողովրդավարություն են պարտադրում։ Թե այնտեղից ինչ ազդանշան կգա, ինչ հրահանգ կգա Հայաստան, այդպես էլ կլինի։ Օրինակ՝ ժամանակին «պերեստրոյկան» ազատության ազդանշան էր, և մենք օգտվեցինք ազատության այդ միջանցքից և ազատագրեցինք Ղարաբաղը։ Հիմա մեզ մոտ իրենց քաղաքական գործիչ համարողները քաղաքական չեն, որովհետև մեզ մոտ ընտրությունները կեղծվում են և նրանք իրենց տեղում չեն։ Նրանց միայն իրենց պաշտոնն է հետաքրքրում, նրանց չի հետաքրքրում Հայաստանի ամենագլխավոր հարցը՝ գերությունից դուրս գալու ելքը։ Սա պետք է լինի քաղաքական գործիչների, այդ թվում՝ ընդդիմության գլխավոր խնդիրը։ Ըննդիմություն առաջին հերթին նշանակում է անազատության կարգավիճակից դուրս գալու ելքերի առաջարկում։

 

Ինչ վերաբերում է վարչապետին, նա իրենցից մեկն է, նա ինչպե՞ս կարող է ծրագիր առաջարկել, ինչ ծրագիր կարող է լինել, երբ մենք ազատորեն չենք կարող տնօրինել մեր ռեսուրսները, ազատորեն չենք կարող դաշինքների և քաղաքական հարաբերությունների մեջ լինել այլ երկրների հետ։ Այդ ծրագիրը կոչվում է «սնուցող միջավայր»։ Մենք սնուցող միջավայր ենք իմպերիայի համար, մենք դոնոր ենք և պետք է սնուցենք իմպերիային մեր աշխատուժով, մեր ինտելեկտով և էժան հումքով։ Հիմա էլ ասում են՝ մենք էլ ենք ուզում մի քիչ ղեկավարել, մի քիչ էլ տվեք մենք քշենք։ Իսկ ընդդիմություն կոչվածը ջուր է լցնում իշխանության ջրաղացին։ Ես չգիտեմ, թե ինչու են իրենք իրենց ընդդիմություն ասում, ինչի՞ն են դեմ, այդ մարդկա՞նց են դեմ, թե նրանք քաղաքականությանը։ Եթե նրանց քաղաքականությանն են դեմ, ի՞նչ գործ ունեն նրանց շարքերում նստած։ Չէ՞ որ նժարը, որի վրա իրենք կանգնած են, հենց այն նժարն է, որ կոչվում է անազատություն, ճորտություն։ Դուք այնտեղ կանգնել եք և աղաղակում եք ազատության մասի՞ն։ Նրանք ընդդիմություն չեն, նրանք իրենցից մեկն են, և պաշտոնների կռիվ է, թե ով ավելի շատ ռեսուրս կունենա, ով ավելի շատ ռեսուրսներին տնօրինելու տոկոս կունենա։ Տիզբոն գնալու իրավունքի կռիվ է, թե Տիզբոնից ում կգա խրախուսական մրցանակը։

 

Ձեր կարծիքով՝ ի՞նչ տեղի կունենա 2018-ի ապրիլին։ Կարո՞ղ է իրավիճակը փոխվել, երբ կավարտվի նախագահի լիազորությունների ժամկետը։

 

Մինչև 2018-ը շատ հնարավոր է լուրջ քաղաքական փոփոխություններ լինեն, և սկսվի պերեստրոյկան, այսինքն՝ Հայաստանն ազատություն ստանա, և մենք կարողանանք զբաղվել մեր կյանքը կազմակերպելով։ Մենք պետք է նվաճենք այդ ազատությունը, որի համար պայքարում ենք։ Մենք չենք կարող զորք հանել և ԵՏՄ-ի դեմ պատերազմ սկսել, բայց մենք մեր ունեցած հնարավորությունների սահմաններում պայքարում ենք մեր ազատության համար։ Այն փոքրիկ աջակցությունը, որ մենք տալիս ենք ազատության երկրներին, այդ թվում՝ նաև եվրասիական ժողովուրդներին, որոնք նույնպես դեմ են իրենց կարգավիճակին, նրանց հետ միասին 2018-ին կարող ենք նաև լուրջ գործեր անել։ Ես հույս ունեմ, որ 2018-ին այդ փոփոխությունը կլինի, և դա խորհրդանշական կլինի։

 

2018-ին վերջապես Հայաստանը դառնում է գավառ, անգամ նախագահ անունով պաշտոնյա չի ունենալու։ Այսինքն՝ Հայաստանը ներկայացնող քաղաքացի չենք ունենալու, ազգի կողմից ընտրված հավաքական կերպար չենք ունենալու։ Եվ դա կարող է մեր մեջ ըմբոստությունը բարձրացնել, ավելի վճռական քայլերի կգնանք, միայն հայտարարություններով չենք բավարարվի։

 

 

 

 

 

Նոյյան տապան  -   Հարցազրույցներ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play