«S.O.S. Սևան» նախաձեռնության կլոր սեղան-խորհրդակցություն-մամուլի ասուլիսի ժամանակ կմեկնարկի ստորագրահավաք Սևանա լճից հավելյալ ջրառի դեմ
26-06-2017 17:09:08 | Հայաստան | Մամլո հաղորդագրություն
Սևանա լճին մեծ վտանգ է սպառնում հավելյալ 100 միլիոն մ3 ջուր բաց թողնելու պատճառով: Կառավարությունը հիմնավորում է իր որոշումը Սևան-Հրազդան հիդրոկասկադի էլեկտրաէներգիայի արտադրության ծավալների և ոռոգման տարածքների մեծացմամբ: Այս որոշումն ընդունվեց` առանց հանրության հետ քննարկման և հաշվի չառնելով ՀՀ բնապահպանության նախարարության առարկությունը, որի պահպանության տակ է գտնվում Սևանա լիճը` որպես բնության հատուկ պահպանվող տարածք: Վերջնական որոշումը պետք է կայացնի ՀՀ Ազգային ժողովը: Հարցը դրված է ՀՀ Ազգային ժողովի հուլիսի 4-ի նիստի օրակարգում: Սևանն անմտածված որոշումների օբյեկտ չէ, այն ազգային առաջնահերթություն է և մեր ազգային անվտանգության ռազմավարական երաշխավորը: «S.O.S. Սևան» նախաձեռնությունը կոչ է անում բոլոր նրանց, ում համար թանկ է Սևանա լիճը, թույլ չտալ Սևանա լճից հավելյալ ջրառը, որը Սևանա լճից հավելյալ 1 միլիարդ մ3 ջուր վերցնելու ՀՀ կառավարության ծրագրի առաջին քայլն է:
Սույն թվականի հունիսի 27-ին` ժամը 12:00-ին, «ԷկոԼուր» մամուլի ակումբում (Հանրապետության 49/2, Եվրոպա հյուրանոցի դիմաց, բակի կողմից նախավերջին մուտք) տեղի կունենա «S.O.S. Սևան» նախաձեռնության կլոր սեղան-խորհրդակցություն-մամուլի ասուլիսը, որի ընթացքում կմեկնարկի ստորագրահավաք Սևանա լճից հավելյալ ջրառի դեմ:
Կլոր սեղան-խորհրդակցություն-մամուլի ասուլիսին կմասնակցեն «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ի նախագահ Ինգա Զարաֆյանը, Գեղարքունիքի մարզի «Բլեջան» ՀԿ-ի նախագահ Լիաննա Ասոյանը և «Հայաստանի սոցիալական ձեռնարկությունների ասոցիացիա» ՀԿ-ի նախագահ Սաթիկ Բադեյանը, «Հանուն կայուն մարդկային զարգացման ասոցիացիա» ՀԿ-ի նախագահ Կարինե Դանիելյանը, Էկոլոգիական հասարակական դաշինքի համակարգող Սիլվա Ադամյանը, Հայկական բնապահպանական ճակատ նախաձեռնության անդամ Լևոն Գալստյանը, փորձագետ Սեյրան Մինասյանը, «Սևան» ազգային պարկի նախկին տնօրեն Գագիկ Սուխուդյանը, «Հայաստանի անտառներ» ՀԿ-ի տնօրեն, իրավաբան Նազելի Վարդանյանը, Երևանի Օրհուս կենտրոնի համակարգող Սիլվա Այվազյանը: