Գերմանիայում հայ մայրիկն իր դստեր հետ մրցանակ է ստացել


Գերմանիայում հայ մայրիկն իր դստեր հետ մրցանակ է ստացել

  • 26-06-2017 20:00:20   | Գերմանիա  |  Մամլո հաղորդագրություն

Գերմանիայում բնակվող հայուհի Մերի Սարիկյանն իր բալիկի հետ օրերս Գերմանիայի Մանհայմի «Ծնողների դպրոցում» ստացել է «Մայրիկի լավագույն օրակարգը» մրցանակը։ 
 
Նա հնարավորություն է ստացել մի խումբ մասնագետների հետ համատեղ Գերմանիայում եւ Երեւանում իրականացնելու ծրագիր՝ նախատեսված մայրիկների եւ երեխաների համար: Այժմ Մերին իր 7 ամսական դստեր՝ Էմիլիի հետ Հայաստանում է, հուլիսի 21-ին, ժամը՝ 15։00-ին, «Լոֆթ»-ում կկայանա բարեգործական բնույթ կրող միջոցառումը։ 
 
Մերին պատմում է, որ ծնողների դպրոց սկսել է հաճախել հղիության շրջանից եւ մասնակցել է բազմաթիվ կուրսերի՝ «Ինչպե՞ս կրծքով կերակրել երեխային», «Ծննդաբերության նախապատրաստական կուրսեր», «Ինչպե՞ս սկսել հավելյալ սնունդը», «Հետծննդաբերական վերականգնողական կուրս», «Հղիների յոգա» եւ այլն։
 
Մրցույթի առաջին փուլում տարբեր ազգության մայրերի առջև դրված առաջադրանքն էր՝ գրել գեղեցիկ պատմություն մայրանալուց հետո իրենց զգացմունքների մասին.
 
Մրցույթն ունի 2 անվանակարգ՝ «Մայրիկի լավագույն օրակարգը» եւ «Ամենածիծաղաշարժ պատմություն»։ Հանրությանը հայտնի «Emily & Mommy» մայրիկն ու դուստրը հաղթել են «Մայրիկի լավագույն օրակարգը» անվանակարգում. «Սկզբում մենք ընտրվեցինք լավագույն 10-յակի մեջ, իսկ եզրափակիչ փուլում պետք է ներկայացնեինք, թե ինչպես ենք կարողանում պահպանել մայր-կին-արտաքին աշխարհ կապերի միջև հավասարակշռությունը։ Մրցույթին մասնակցում էին ամենատարբեր ազգության մայրիկներ, և այդ փաստն ինձ համար կրկնակի ուրախալի է դարձնում հաղթանակս, քանի որ մեր պատմությունը փաստորեն լավագույնն է դիտարկվել ամենատարբեր երկրներից մասնակցող մայրերի ներկայացրած պատմություններից», - նշում է նա։
 
Մերին Գերմանիա տեղափոխվել է երկու տարի առաջ, մեկնելուց հետո է սկսել գերմաներեն սովորել, մրցույթին էլ գերմաներեն է խոսել. «8 ամիս կուրսերին մասնակցելուց հետո հանձնել եմ քննություն և ստացել լեզվի C2 մակարդակի վկայական, որն ամենաբարձրն է համարվում։ Երբ ասելիքդ ազնիվ է և բխում է սրտիցդ, ապա լեզուն երբեք խոչընդոտ չի կարող դառնալ։ Հաղթելուց հետո երջանկություն և հպարտություն էի զգում»։
 
Մանհայմի ծնողների դպրոցում մի քանի ծրագրերի շրջանակում հայուհին ներկայացրել է իր և Էմիլիի օրակարգը՝ փորձելով օգնել մայրիկներին ճիշտ կազմակերպել իրենց և երեխաների օրը. «Առաջին սեմինարները մեծ արձագանք գտան և արժանացան մայրիկների հավանությանը, ինչի շնորհիվ հնարավորություն եմ ստացել նաև հետագայում հանդես գալու նոր ծրագրերում»։
 
Այս աշխատանքային գործունեության ընթացքում նա առաջարկ է ստացել «Focus On Children Now» հասարակական կազմակերպության կողմից համատեղ կազմակերպելու միջոցառում նաև Հայաստանում։ Ծրագրի նպատակն է օգնել մայրիկներին արդյունավետ կազմակերպել իրենց և երեխայի օրը, հաղթահարել երեխայի ծնունդից հետո նոր կյանքի ադապտացման փուլերը, բացահայտել կին/մայր/արտաքին աշխարհ կապերի միջև հավասարակշռության գաղտնիքը. «Սեմինարին կփորձեմ փոխանցել մեր երիտասարդ մայրիկներին իմ փորձն ու գիտելիքները, գերմանական և հայկական մոտեցումների լավագույն միքսը։ Կխոսվի այն մասին, թե ինչպես կարելի է պահպանել հավասարակշռությունը կյանքի բոլոր ոլորտների միջև, այսինքն՝ ինչպես  լիարժեք ապրել երեխայի ծնունդից հետո ևս։ Մյուս կողմից էլ, քանի որ ծրագիրը բարեգործական է, կլինեն հանգանակություններ, որոնք կուղղվեն մանուկների օգնությանը։ Ժամանակի սղության պատճառով սեմինարը, ցավոք, կիրականացվի միայն մեկ օր, ուստի կոչ եմ անում բոլոր մայրիկներին և ապագա մայրիկներին բաց չթողնել հնարավորությունը՝ դառնալու հրաշալի միջոցառման մի մասն իրենց բալիկների հետ»։        
 
 
 
 
 
--
 
Կանխավ շնորհակալություն լուսաբանման համար, կից ուղարկում ենք լուսանկարները։ Հավելյալ տեղեկությունների, հարզազրույցի համար կարող եք կապ հաստատել՝ 093 025587     
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play