«Ես ահաբեկված եմ, վախեցած եմ, որովհետև հիմա չեմ կարող իմ ընտանիքը պաշտպանել». Տիգրան Հեքեքյան
26-06-2017 23:23:21 | Հայաստան | Իրավունք
Երևանի Կոմիտասի անվան կոնսերվատորիայի պրոֆեսոր, «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախմբի գեղարվեստական ղեկավար, Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցի տնօրեն Տիգրան Հեքեքյանը, ով երկար տարիներ զբաղվել է երեխաներով ու մշակույթով, նույնպես կարևորում է Հայաստանում, գոնե անչափահասների շրջանում այլասերվածության քարոզչությունը պետական մակարդակով, օրենքով արգելելու անհրաժեշտությունը: Նա պատմեց, որ վերջին մոտ 17 տարում, 2000 թվականից այս կողմ բազում ուսանողներ, աշակերտներ է ունեցել, որոնք մեծացել են արդեն, ընտանիքի տեր են: Նրանց տղաները, աղջիկներն արդեն դարձել են պարմաններ ու պարմանուհիներ, որոնց իրենց ծնողներն արտերկրից ուղարկում են այստեղ, մորաքույրների, հորաքույրների, տատիկների մոտ, որպեսզի գնան դպրոց կամ բուհ Հայաստանում: Իրենք` Հեքեքյանի աշակերտները, չեն կարողանում գալ, որովհետև այնտեղ աշխատում են:
«Վերջին անգամ,- շարունակեց Տիգրան Հեքեքյանը,- 2000-ականներին աշակերտներիցս մեկին հարցրեցի` ինչո՞ւ եք եկել, ասաց` երեխայի համար տեղ եմ փնտրում, հարցրեցի` ուզում ես երեխային ուղարկե՞ս, պատասխանեց` այո, հարցրեցի` ինչո՞ւ, ասաց` ուզում եմ այդ այլասերված վիճակից բերեմ մեզ մոտ (Հայաստան): Հիմա մեզ մոտ, ստացվում է, ոմանք հոգեորսությամբ են զբաղվում, ի՞նչ տարբերություն` մարդուն սարքում են Եհովայի վկա, մորմոն, թե այլասերված»:
Գիտեք, Յուտակի նահանգում մորմոններ են ապրում, է, թող ապրեն, բայց թող չմտնեն իմ տարածք, սա իմ տարածքն է, ես չեմ գնում, չէ՞, մորմոնների կամ Եհովայի վկաների մեջ հակաքարոզչություն անում… Ձեր մտքով 90-ական թվականներին կանցնե՞ր, որ հիմա ազգովին խոսելու ենք ընտրակաշառքի մասին և հանգիստ, ամենաբարձր ատյանից մինչև ներքև կարող են ասել` դե լավ, դրան լուրջ մի վերաբերվեք, համարեք դա բարեգործություն: Արդյոք այնքան տրվե՞լ է, որքան խոսվում է, բայց խոսվում է, որպեսզի դա աստիճանաբար դառնա սովորական, ինչպես մենք հարմարվեցինք Կոնչիտայի կերպարին, այդպես հարմարվենք ես տամ, դու առնես վիճակին: Դա էլ կդառնա «մշակույթ», հետո դպրոցներում կսկսեն քարոզել, դպրոցներում կհայտնվեն դասատուներ, մեկ էլ 3 տարի հետո կիմանանք, որ կամաց-կամաց երեխաներին…
Ես ահաբեկված եմ, վախեցած եմ, որովհետև հիմա չեմ կարող իմ ընտանիքը պաշտպանել: Եթե դա պետական մակարդակով չկանխվի, նշանակում է, պետք է ինքս իմ ընտանիքը պաշտպանեմ: Դա նույնն է, թե մեզ վրա, ասենք, նույն Ադրբեջանը հարձակվում է, բանակ չունենք, բան չունենք, ու ես ինքս պետք է իմ ընտանիքը պաշտպանեմ, ինչպես որոշ հայեր իրենց ընտանիքը պաշտպանեցին Բաքվում: Մարդ կա կացնով պաշտպանեց իր ընտանիքը, մինչև իրեն էլ կացնահարեցին, մարդ էլ կար, որին պարզապես մորթեցին, որովհետև պաշտպան չունեին»:
«Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախմբի գեղարվեստական ղեկավարն ընդգծեց, որ ինքն ապրում է այս երկրում, և իր պետությունը պետք է պաշտպանի իրեն, իր միջավայրը, իր մշակույթը: Ասաց նաև, որ մենք երբեք դեմ չենք արտաքին մշակույթին, որակով բանին, որակով բանին մարդ երբեք դեմ չի լինում:
«Բայց,- շարունակեց Տիգրան Հեքեքյանը,- ո՞վ ասաց, թե մենք պետք է լռենք, իսկ այլանդակությունը, այլասերվածությունն ագրեսիվորեն թափանցի մեր աշխարհ… Ես տասնյակ, հարյուր հազարավորների անունից եմ ասում, որ սա պետք է կանխել: Դիմում եմ իմ պաշտպան պետությանը, ես պետականամետ մարդ եմ, ոչ իշխանամետ, և պետությունից պահանջում եմ կանխել, պաշտպանել իմ երեխաներին, իմ ընտանիքը, իմ միջավայրը և, ընդհանրապես, հայ ընտանիքն այլասերվածության քարոզչությունից, այդ ագրսիայից, բարոյալքությունից, ամեն այլանդակից»: