Կոտայքի մարզում բացվել են Գյուղատնտեսական և անասնաբուժական սպասարկման և Խոզերի գենետիկական կենտրոններ


Կոտայքի մարզում բացվել են Գյուղատնտեսական և անասնաբուժական սպասարկման և Խոզերի գենետիկական կենտրոններ

  • 27-06-2017 14:55:48   | Կոտայքի մարզ  |  Մամլո հաղորդագրություն

ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն այսօր Կոտայքի մարզի Նոր Գյուղ համայնքում մասնակցել է Գյուղատնտեսական և անասնաբուժական սպասարկման և Խոզերի գենետիկական կենտրոնների բացմանը:
 
Ողջունելով ներկաներին` ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը նշել է, որ կիսում է բոլոր շահագրգիռ կողմերի ուրախությունը, որոնք մասնակցություն են ունեցել գյուղատնտեսության ոլորտում նման կարևոր ներդրմանը: 
 
«Ինչպես գիտեք, խոզաբուծության զարգացման կարևորությունն այսօր ընդգծվում է նաև պարենային անվտանգության ապահովման տեսանկյունից: Մեր երկրում այդ ճյուղի զարգացման մակարդակն ավելի ցածր է, քան պահանջարկը: Սակայն մենք համոզված ենք, որ այս նորաստեղծ գենետիկ կենտրոնը թույլ կտա բարձրացնել պարենային անվտանգության մակարդակը և ներդնել նոր տեխնոլոգիաներ խոզաբուծության ոլորտում»,-մասնավորապես նշել է Իգնատի Առաքելյանը: 
 
Նախարարն իր խոսքում հատուկ շնորհակալություն է հայտնել Ավստրիայի և ԱՄՆ-ի կառավարություններին՝ ցուցաբերած աջակցության համար` համոզմունք հայտնելով, որ ներդրումները կլինեն շարունակական, ինչպես նաև առանձնահատուկ շեշտադրել է CARD հիմնադրամի գործունեությունը` որպես գյուղատնտեսության մեջ նոր տեխնոլոգիաներ և նոր խոսք բերող կազմակերպություն` պատրաստակամություն հայտնելով զարգացնել համագործակցությունը:
 
ԱՄՆ ՄԶԳ տնօրեն Դեբորա Բրիզերը, կարևորելով տարածաշրջանում եզակի գենետիկ կենտրոնների բացումը, իր հերթին նշել է, որ դրանք նոր տեխնոլոգիաների հետ կապված ծառայություններ են մատուցելու ֆերմերներին և ձեռնարկատերերին, ինչպես նաև այդ տեխնոլոգիաների վերաբերյալ գիտելիքներ են տրամադրելու ֆերմերներին, ձեռնարկատերերին և անասնաբույժներին՝ դասընթացներ անցկացնելով նաև հարակից համայնքների 2500 ֆերմերների համար: Կենտրոնի գործունեության շրջանակում հասանելի է լինելու նաև լիզինգային վարկավորման ծառայությունը, որին ներգրավվելու է 3000 տնտեսություն: Դեբորա Բրիզերն ընդգծել է, որ նմանատիպ կենտրոնը հնարավորություն է տալիս ռեսուրսների վրա հիմնված ծառայություններից անցում կատարել տեխնոլոգիաների վրա հիմնված ծառայությունների, ինչը կապահովի տնտեսական աճ և եկամուտ:
 
Ներկայացնելով նորաբաց կենտրոնների առավելությունները՝ CARD հիմնադրամի տնօրեն Գագիկ Սարդարյանը  հավելել է, որ հիմնական նպատակը եղել է ոլորտի նորարարությունները Հայաստանում խոզաբուծությամբ զբաղվող տնտեսությունների համար հասանելի դարձնելը: Գենետիկական այդ նորամուծությունները հնարավորություն կտան ավելացնել խոզերի ծինը, ստանալ առավել առողջ և դիմացկուն գոճիներ, բարձրացնել խոզերի մթերատվությունը, ինչը կապահովի ֆերմերային տնտեսությունների կայուն աճ և շուկայում մսի գնի իջեցում:
 
Գյուղատնտեսական և անասնաբուժական սպասարկման կենտրոնը (ԳԱՍԿ) հիմնվել է CARD հիմնադրամի կողմից՝ ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) ֆինանսավորմամբ «Գործընկերություն՝ հանուն գյուղական համայնքների բարգավաճման» ծրագրի շրջանակներում: 
 
Խոզերի գենետիկական կենտրոնը ևս հիմնել է CARD հիմնադրամը՝ «Կենդանիների առողջության կառավարում Հայաստանում և Վրաստանում. փուլ II» ծրագրի շրջանակներում՝ Ավստրիայի զարգացման գործակալության (ADA) ֆինանսավորմամբ:
 
 
ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն