Կյանքին հրաժեշտ տվեց դաշնակահարուհի Հասմիկ Գաբրիելյանը


Կյանքին հրաժեշտ տվեց դաշնակահարուհի Հասմիկ Գաբրիելյանը

  • 27-06-2017 14:55:32   | Սլովակիա  |  Նշանավոր հայեր

 
ԲՐԱՏԻՍԼԱՎԱ. Հունիսի 27-ին ծանր եւ երկարատեւ հիվանդությունից հետո  կյանքին հրաժեշտ տվեց  տաղանդավոր երաժիշտ և փայլուն դաշնակահարուհի  Հասմիկ Հրաչյայի Գաբրիելյանը: Այս մասին գուժում են ԵՀՄՖ քարտուղարությունից, որի անդամ էր նա, ինչպես նաեւ համայնքային կառույցի  փոխնախագահը, հաղորդում է orer.eu կայքը։
 
«Հասմիկ Գաբրիելյանը  ծնվել էր Գյումրիում 1955 թ. նոյեմբերի 27-ին՝ հեղինակավոր աշխարհագրագետ, ԵՊՀ երկար տարիների պրոֆեսոր, հայտնի մտավորական Հրաչյա Գաբրիելյանի ընտանիքում։
 
Ավարտել էր Երևանի Պետական Կոնսերվատորիայի դաշնամուրային ֆակուլտետը: Համերգներով հանդես էր եկել Երևանում, Մոսկվայում, Սանկտ-Պետերբուրգում, Վիեննայում, Պրահայում, Բրատիսլավայում և այլ եվրոպական կենտրոններում:Համարվում էր Յ.Ս. Բախի անզուգական մեկնաբան: Միջին Եվրոպայի երկրներում հանդես էր գալիս համերգներով՝ ծրագրում պրոպագանդելով հայ դասականների գործերը:
 
Հատկապես հիանալի մեկնաբանությամբ ներկայացնում էր Ա. Խաչատրյանի,  Ալ. Հարությունյանի, Ա. Բաբաջանյանի, Գ. Հովունցի և այլոց հայտնի գործերը:
 
Հասմիկ Գաբրիելյանի համերգները վերածվում էին հայ մշակույթի կարևորագույն իրադարձությունների: Այդ համերգների և մշակութային միջոցառումների շնորհիվ Սլովակիայի պառլամենտի և կառավարության մեծ մասը ծանոթացավ հայոց ցեղասպանության փաստի հետ:
 
Հասմիկ Գաբրիելյանը մեկն էր, որ իր ամուսնու՝ ԵՀՄՖ-ի նախագահ Աշոտ Գրիգորյանի կողքին անմնացորդ պայքարեց Հայոց ցեղասպանության բանաձևի ընդունման համար. 2004 թ. նոյեմբերին այդ պայքարն ավարտվեց փայլուն հաղթանակով և Սլովակիայի ԱԽ-ը հաստատեց Հայոց ցեղասպանության շուրջ բանաձևը:Նա  մասնակից է եղել Հայ դատի շուրջ մղվող ողջ անցուդարձին:
 
Ծնել և դաստիարակել է երկու հայրենասեր դուստրերին՝ Անի և Տաթևիկ Գրիգորյաններին, որոնք ստացել են փայլուն իրավաբանական կրթություն Անգլիայի ամենահեղինակավոր համալսարաններում:
 
Մինչև վերջին պահը տիկին Գաբրիելյանը ապրում էր Հայաստանի խնդիրներով և անմնացորդ օգնում իր հայրենիքին: Նրան ճանաչողները զարմանում էին նրա մարդկության նկատմամբ ունեցած անսահման սիրո, անհավատալի բարության, չափեր չունեցող ներողամտության և բարձր մարդկային հատկությունների վրա:
 
Նրա կորուստը անվերականգնելի է և ապրած կյանքը բացառիկ օրինակ  սերունդների համար:
 
Նրա հիշատակը կմնա պայծառ բոլորիս սրտում:
 
ԵՀՄՖ-ի նախագահություն
 
Սլովակիայի հայկական համայնքի նախագահություն
 
ԵՀՄՖ-ի մամլո քարտուղարություն»։
 
 
«Նոյյան տապանի» աշխատակազմը  ցավակցում է հանգուցյալի հարազատներին ու բարեկամներին։
Նոյյան տապան  -   Նշանավոր հայեր