Հանգույցը, թեկուզ եւ «գորդյան», կտրվել է


Հանգույցը, թեկուզ եւ «գորդյան», կտրվել է

  • 27-06-2017 16:52:34   | Հայաստան  |  Հասարակություն

Էրեբունի բնակելի զանգվածում ջրամատակարարման առումով խնդրահարույց մի տեղ կար. Խաղաղ Դոնի փողոցի թիվ 1 շենքի դիմացի տարածքը: 
«Արին-բերդի» օրվա կարգավորիչ ջրամբարից դեպի բնակելի զանգված եկող ջրագծի մի ճյուղն այստեղով գնում է դեպի Ավանեսովի, Տիոգրադյան, Խաղաղ Դոնի ու մի շարք այլ փողոցներ, սնուցում «Էրեբունի» հիվանդանոցային համալիրը: Մի խոսքով, այն կարեւոր նշանակություն ունի տարածքի ջրամատակարարման համար: Մինչդեռ թիվ 1 շենքի մոտ յուրօրինակ «գորդյան հանգույց» էր ձեւավորվել: 
Պարզվում է, որ նախորդ տարիներին այդ ջրագծի մինչեւ տվյալ շենք հատվածը վերակառուցվել էր, շենքից հետո ընկած հատվածը՝ նույնպես, բայց ահա այս 21 մետրանոց միջանկյալ մասին, ինչպես ասում են, ձեռքները չէր հասել: 
 
Գաղտնիք էր նաեւ թե ինչու: Նախ, պահանջվում էր հատել այդ աշխույժ երթեւեկություն ունեցող փողոցը, ինչը ինքնին դժվար ու պատասխանատու գործ էր: Դրանից բացի, ջրագիծը 4 մետր խորության վրա էր, ասել է թե փորելն արդեն տեխնիկապես դյուրին չէր: Դրա համար էլ նախկինում որքան էլ վթարներ լինեին, միեւնույն է խնդրի արմատական լուծումը միշտ հետաձգում էին վաղվան: Եւ ահա այդ «վաղը» եկավ: 
Մոտ 10 օր առաջ տեղի ունեցած հերթական վթարը լցրեց Վեոլիա Ջրի համբերության բաժակը: Վերացնելը վերացրեցին վթարը, բայց եւ որոշեցին այս հատվածում էլ խողովակը փոխել: Ինչպես պատմեց ընկերության «Արեւելք» տարածաշրջանային տնօրինության «Էրեբունի» տեղամասի գլխավոր ճարտարագետ Հենրիկ Մարտիրոսյանը, վաղօրոք սպառողներին տեղեկացրին սպասվող ջրանջատման մասին, ստացան շինաշխատանքի թույլտվություն, կուտակեցին անհրաժեշտ նյութատեխնիկական ռեսուրսներ, եւ նշանակված ժամին տեխնիկան ու մասնագետներն գործի անցան: Ընդ որում, տրանսպորտային երթեւեկությունը չխաթարելու համար փողոցը մաս-ման քանդեցին: 
Թվում էր թե 21 մետր. ի՜նչ ծավալ է որ: Բայց խրամուղու խորությունն ու լիարժեք շինհրապարակի բացակայությունը իրենց զգացնել տվեցին: Պահանջվեց մեկ լրիվ օր խնդիրը լուծելու համար: «Անցյալի մնացուկ» հանդիսացող 500մմ տրամագծով ֆիզիկապես մաշված խողովակի փոխարեն տեղադրվեց նոր արդեն 200մմ տրամագծով խողովակ՝ համահունչ մինչեւ շենք ու շենքից հետո տեղադրված խողովակներին:
Հաջորդ օրը ջուրը «Արին-Բերդի» ջրամբարից «անվախ, անվարան» հոսեց դեպի բնակարաններ: Վթարներ այստեղ այլեւս չեն լինի:
 
Վեոլիա Ջուր ՓԲԸ
Հանրային կապերի ծառայություն
 
 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն