Հայաստանի պատմության թանգարանի խորհրդի նախագահը եւ տնօրենը հանրությունից գաղտնի են պահում թանգարանային ցուցանմուշների ամբողջական ցանկը.ԺԱԱ


Հայաստանի պատմության թանգարանի խորհրդի նախագահը եւ տնօրենը հանրությունից գաղտնի են պահում թանգարանային ցուցանմուշների ամբողջական ցանկը.ԺԱԱ

  • 27-06-2017 17:04:49   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի 
հայտարարությունը
Հայաստանի պատմության թանգարան ՊՈԱԿ-ի տնօրեն Գրիգոր Գրիգորյանի
կողմից «Տեղեկատվության ազատության մասին» օրենքի պահանջի խախտման մասին
 
Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լ.Բարսեղյանը 2017 թ. մայիսի  10-ին տեղեկության գրավոր հարցում է հղել Հայաստանի պատմության թանգարան ՊՈԱԿ-ի տնօրեն Գրիգոր Գրիգորյանին, կամենալով ստանալ մի շարք տեղեկություններ (հարցման օրինակը տեսեք այս հայտարարությանը կից): 
 
Հայաստանի պատմության թանգարան ՊՈԱԿ-ի տնօրեն Գրիգոր Գրիգորյանը հարցումն ստացել է 2017 թվականի մայիսի 20-ին, սակայն մինչ օրս չի պատասխանել տեղեկության հարցմանը եւ չի տրամադրել հարցված տեղեկությունները: Այս անգործությամբ Գ.Գրիգորյանը խախտել է «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի մի շարք դրույթներ եւ մասնավորաբար՝ 9-րդ հոդվածով նախատեսված՝ պատասխանի հնգօրյա ժամկետը: 
 
Ավելի վաղ, սկսած 2016 թվականի նոյեմբերից, Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբը անպտուղ ջանքեր ներդրել թանգարանի խորհրդի նախագահ Անելկա Գրիգորյանից ստանալու այն նույն տեղեկությունները, ինչ հարցվել է մայիսի 10-ին ՊՈԱԿ-ի տնօրեն Գրիգոր Գրիգորյանից. մասնավորաբար՝ ՊՈԱԿ-ի բոլոր թանգարանային առարկաների ամբողջական ցանկը: Տիկին Գրիգորյանը ակումբի գործավարի զանգին եւ հեռախոսային հարցմանը՝ թե ինչու չեն բարեհաճում տրամադրել հարցված տեղեկությունները, բերանացի պատասխանել է, թե իրենք չեն կարող թույլ տալ, որ թանգարանային առարկաների ցանկը ինչ-որ մեկը պարզապես իր գրպանում ունենա: 
 
Այս վարմունքը, հուշում է որ Հայաստանի պատմության թանգարանում դժվարություն ունեն ընկալելու հանրային ունեցվածքի եւ, մանավանդ, թանգարանային ունեցվածքի հրապարակայնության անհրաժեշտությունը, թանգարանի խորհրդի նախագահը եւ տնօրենը, փոխանակ թանգարանային ցուցանմուշների ամբողջական ցանկը հրապարակեին իրենց կայքում, ինչ-որ խորհրդավոր տրամաբանությամբ, որոշել են հանրությունից գաղտնի պահել այն:          
 
Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբը, դատապարտում է այսօրինակ իրավազանցությունը, դիմելով ՀՀ մշակույթի նախարարին, կոչ է անում կարգի հրավիրել ՊՈԱԿ տնօրենին, իրավաբանական խորհրադատվություն իրականացնել վերջինիս համար, պարտավորեցնել պատշաճ պատասխանել հարցմանը եւ տրամադրել հարցված տեղեկությունները: 
 
Հայտարարության ավարտը
 
Հարցման բովանդակությունը.
 
Հայաստանի պատմության թանգարան ՊՈԱԿ-ի տնօրեն Գրիգոր Գրիգորյանին
Հասցե. ՀՀ, Երեւան, Հանրապետության հրապարակ՝ 4
 
Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ, ՀՀ քաղաքացի Լ.Բարսեղյանից
Հասցե. Հայաստան, 3102, Գյումրի, Պուշկինի փ., 96
 
ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՐՑՈՒՄ-3/2017
Թվագրված`10 մայիսի, 2017թ.
 
Հարգելի պարոն Գրիգորյան,
 
Առաջնորդվելով «Տեղեկատվության ազատության մասին» օրենքով, խնդրում եմ ինձ տրամադրել հետեւյալ տեղեկությունները.
Հայաստանի պատմության թանգարան ՊՈԱԿ-ի տնօրինած թանգարանային բոլոր առարկաների անվանացանկը, նշելով, թե հարցմանը պատասխանելու դրությամբ որտեղ են գտնվում այդ առարկաներից յուրաքանչյուրը (ցուցադրություն թանգարանում, ցուցադրություն այլ վայրում, պահոց եւ այլն): 
Հայաստանի պատմության թանգարան ՊՈԱԿ-ի կառավարման խորհրդի կազմը, կանոնադրությունը, 2015 թվականի հունվարի 1-ից մինչեւ օրս գումարած նիստերի արձանագրությունների պատճենները եւ կայացրած որոշումները:  
Հայաստանի պատմության թանգարան ՊՈԱԿ-ի 2016 եւ 2017 թթ. բյուջեն, առկա հաստիքացուցակը, պաշտոնատար անձանց անունները, ազգանունները, կրթությունը, մասնագիտությունը, պաշտոնը, աշխատանքի վայրի հեռախոսային համարները, էլեկտրոնային փոստի հասցեները: 
Տեղեկություն այն մասին, թե որտե՞ղ է ՊՈԱԿ-ը «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի պահանջներին համապատասխան հրապարակել բյուջեն, հաստիքացուցակը, պաշտոնատար անձանց անունները, ազգանունները, կրթությունը, մասնագիտությունը, պաշտոնը, աշխատանքի վայրի հեռախոսային համարները, էլեկտրոնային փոստի հասցեները: 
 
Հնարավորության դեպքում խնդրում եմ հարցմանս պատասխանել իմ էլեկտրոնային հասցեին. levon@asparez.am 
 
Տեղեկություններ հայցող՝ Լ.Բարսեղյան 
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play