Առեղծվածային դեպք Երևանում. ջազ ակումբի մատուցողուհին ինքնասպանության փորձ է կատարել


Առեղծվածային դեպք Երևանում. ջազ ակումբի մատուցողուհին ինքնասպանության փորձ է կատարել

  • 27-06-2017 17:28:11   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում հունիսի 22-ին Երևանում տեղի ունեցած առեղծվածային մի դեպքի փաստով։

Ժամը 10։00-ի սահմաններում «Արմենիա» բժշկական կենտրոնից ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ է ստացվել, որ շտապօգնության բրիգադը Լենինգրադյան փողոցի թիվ 24 շենքի տներից մեկից «անհայտ էթոլոգիա» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է տեղափոխել երիտասարդ մի աղջկա։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Գրիշա Ամիրխանյանի գլխավորությամբ։ Ժամանել է նաև նույն բաժնի հետաքննչական բաժնի հետաքննիչը, ում կողմից նախապատրաստված նյութերը փոխանցվել են քննչական բաժին։ Ոստիկանները պարզել են, որ հիվանդանոց տեղափոխվածը Երևան քաղաքի բնակիչ՝ 22-ամյա Մարիաննա Ղ.-ն է, ով Երևանում գործող ջազ ակումբներից մեկում աշխատում է մատուցողուհի։

Բժիշկները ոստիկաններին և քննիչներին հայտնել են, որ նա ի վիճակի չէ բացատրություն տալու։ Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ նույն օրը, ժամը 04։00-ի սահմաններում, Մաշտոցի պողոտայի և Պուշկինի փողոցի խաչմերուկում գտնվող «Լիբերտի» ակումբի մոտ ինքնասպանություն գործելու նպատակով Մարիաննա Ղ.-ն խմել է 5 տուփ «Դիմեդրոլ» տեսակի դեղահաբ, սակայն մինչ այդ, իր գործընկերը, ով նույնպես նշված ջազ ակումբում է աշխատում՝ որպես բարմեն, հայտարարել է, որ «Լիբերտի» ակումբում Մարիաննա Ղ.-ն օգտագործել է ալկոհոլ։ Առեղծվածային դեպքի փաստով նախաքննությունը շարունակվում է։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

 

 

Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը