Սիմոն Մարտիրոսյան. Առաջիկայում կփորձեմ բարձրացնել ռեկորդային քաշը


Սիմոն Մարտիրոսյան. Առաջիկայում կփորձեմ բարձրացնել ռեկորդային քաշը

  • 27-06-2017 18:20:02   | Հայաստան  |  Սպորտ

Օլիմպիական փոխչեմպիոն Սիմոն Մարտիրոսյանն օրեր առաջ երկրորդ անգամ նվաճեց աշխարհի երիտասարդների չեմպիոնի կոչումը: Տոկիոյում իր մրցելույթներից Մարտիրոսյանն այնքան էլ գոհ չէ, քանի որ չէր հաջողել ռեկորդային մոտեցումը: ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում ծանրորդը խոսեց չեմպիոնական տպավորությունների եւ 246 կգ-ը չֆիքսելու պատճառների մասին:
 
- Աշխարհի երիտասարդական առաջնության կրկնակի չեմպիոն դարձաք: Ի՞նչ տպավորություններով եք վերադարձել Տոկիոյից:
 
- Ուրախ եմ, որ կարողացա եւս մեկ անգամ դառնալ աշխարհի երիտասարդական առաջնության չեմպիոն: Ինձ համար նոր քաշեր բարձրացրի, որոնք նախկինում չէի արել:
 
- Փորձեցիք նոր ռեկորդ սահմանել` հրում վարժությունում մոտենալով 246 կգ-ին: Թվաց ծանրաձողն արդեն գլխավերեւում է, բայց ինչ-որ բան խանգարեց:
 
- Երեւի թե պատճառը շտապելն էր: Ես զգացի, որ կարող էի այդ քաշը պահել գլխավերեւում: Նաեւ լարվածություն կար, քանի որ ռեկորդային մոտեցում էր: Առաջիկա համաշխահային Ունիվերսիադայում կամ Եվրոպայի երիտասարդական առաջնությունում պատրաստվում եմ բարձրացնել այդ քաշը:
 
- Մրցակիցներին մեծ առավելությամբ եք գերազանցում: Սա հոգեբանական առավելություն տալի՞ս է:
 
- Դա օգնում կամ խանգարում էր, երբ միջազգային փորձս պակաս էր: Հիմա արդեն նշանակություն չունի: Ես կատարում եմ այն, ինչն ինձնից պահանջվում է:
 
- Ի՞նչ եք մտածում ծանրաձողին մոտենալուց առաջ:
 
- Պարզապես պետք է կենտրոնանամ ծանրաձողի վրա, թողնեմ լարվածությունը, որ կարողանամ քաշը ֆիքսել: Այլ բաների մասին չեմ մտածում:
 
- Ի՞նչն է Ձեզ մոտիվացնում այդ կիլոգրամները գլխավերեւում պահելու համար:
 
- Ինձ մոտիվացնում է այն, որ ինձնով հպարտանում են: Ծանրամարտն իմ մարզաձեւն է: Ես դրանով ապրում եմ:
 
- Ունե՞ք թալիսման:
 
- Ես ունեմ խաչ, որը յուրաքանչյուր մրցման ժամանակ ինձ հետ է: Այն ինձ ուժ է տալիս:
 
- Ո՞րն է ծանրամարտում Ձեր գերնպատակը:
 
- Իհարկե իմ գլխավոր նպատակն օլիմպիական ոսկին է: Փորձելու եմ աշխարհի եւ օլիմպիական չեմպիոն դառնալ:
 
- Ի՞նչ, եթե ոչ ծանրամարտ:
 
- Մի որեւէ հանգիստ բան կընտրեի (ծիծաղում է,- խմբ): Իմ մտքում միայն ծանրամարտն է:
 
 
 
Լուսանկարը` Սիմոն Մարտիրոսյանի անձնական արխիվից
 
Նոյյան տապան  -   Սպորտ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play