Կներես, ես ինձ դուրս եմ դրել ամեն տեսակ պայմանականություններից ու ձեւականություններից ու դիմում եմ այնպես, ինչպես մտածում եմ ավելի հասանելի կլինի:
Հասկանում եմ՝ քո վիճակն էլ վիճակ չէ:
Ոչ ստացածդ ժառանգությունն էր բանի նման, ոչ էլ ձեւավորածդ հենարանը հուսալի: Եթե համարում ես նախորդներիդ (Լեւոնի ու Ռոբերտի) ճակատագիրը կրկնելը վատ տարբերակ չէ, կարող ես շարունակությունը չկարդալ: Հակառակ դեպքում շարունակենք …
Տեսնում եմ երիտասարդ ցուցարարների վերջին ակցիաները քեզ պետք են որոշակի խնդիրներ լուծելու համար: Ես հուսով եմ, որ սա երկար սպասված նոր սերունդն է ու եթե մենք նրանց նկատմամբ հոգատար գտնվենք, ապա կարող ենք հույսեր կապել: Շատ չմանրանամ, վերջում խնդրելու եմ, որ ամեն ինչ անես, որ նրանք չկոտրվեն ու չհիասթափվեն: Գիտես, դրա շարունակությունը որն է՝ կամ անպիտան մոլախոտ են դառնալու, կամ դիսիդենտ, կամ ել վաճառվելու են սրան-նրան ու երկրի դեմ աշխատեն: Գիտես նաեւ, որ ինձ դուր չեն գալիս նաեւ քեզ վաճառվողները ու դու էլ նրանց մարդ չես համարում:
Հիմա քո հնարավոր վախերի մասին.
Իհարկե, փոքր հաղթանակներից ոգեւորված երիտասարդների մի մասը կարող է համախմբվել ու անկառավարելի քաղաքական միավոր ստեղծել: Ինձ շատ է դուր գալիս այն, որ այս երիտասարդները քաղաքական պահանջներ չեն ներկայացնում ու մոտ չեն թողնում հին ու նոր քաղաքական գործիչներին: Չեմ կարծում, որ նրանք քաղաքականապես հասուն չեն ու դիրքորոշումներ չունեն: Ինչ թաքցնեմ, ոմանց գիտեմ, շատ նման են ինձ 1988-ի դրությամբ: Աշխատանք ունեն, նույնիսկ բարձր վճարվող, մասնագետ են դարձել համառության ու աշխատասիրության շնորհիվ, Լեզուներ գիտեն ու գիտեն արտասահմանի ճանապարհը, բայց հասկանում են, որ միայն Հայաստանում կարող են հավակնել երկրի տերը կոչվելուն: Բոլոր դեպքերում վստահ են իրենց ապագայի վրա այստեղ, թե այնտեղ: Ու դեռ ցանկություն է մնացել փորձել իրենց բախտը հայրենիքում:
Իսկ հասկանո՞ւմ ես.
Հայրենիքում ապրելու գինը շատ է բարձրացել ու շարունակում է բարձրանալ: Եթե նույնիսկ համարենք, որ այդ երիտասարդները հանուն հայրենասիրության համաձայն են վճարելու հավելյալ գինը իրենց շռայլությունների ու ճոխությունների հաշվին, ապա հայաստանյան բարձր աշխատավարձը մի կերպ է հերիքում երկու երեխայով ընտանիք մարդավարի պահելու համար: Չմոռանանք, որ առավել բարեխիղճները պահում են նաեւ մեր սերնդի իրենց ծնողներին, ովքեր դեռեւս աշխատունակ են, բայց արդեն անգործ: Ահա այդ մարդկանց մասին ենք մենք հիմա խոսում: Մարդիկ, ովքեր ցանկանում են Հայաստանում ապրել, բայց այս պահին ձեզնից իշխանություն չեն ուզում: Իսկ մի քանի տարի հետո կամ էշը կսատկի, կամ իշատերը:
Դժվար թե համոզեցի, բայց անցնենք առաջ մտածելով, որ դու վախկոտ մարդ չես: Հիմա գումարների ու պահանջողների մասին. Պահանջվող մեծ գումար հավաքելու ամենահեշտ ձեւն իհարկե շատ մարդուց քիչ-քիչ վերցնելն է՝ երբ թուրդ կտրում է: Քո շատ պաշտոնյաներ զարմանում են, թե 7 դրամն ի՞նչ է, որ չեք ուզում տալ: Եթե ամառ ու ձմեռ չլիներ ավելի հեշտ կլիներ համոզելը: Բայց երբ մարդկանց ամառային ու ձմեռային ծախսերի տարբերությունը հասնում է ընտանեկան բյուջեի մեկ քառորդին, մարդը դեռեւս ամռանը սկսում է մտածել ձմռան, որոշ սրիկաների անօրինական եկամուտների, դղյակների ու ամբարտավան պահվածքի մասին: Հուսով եմ, որ թվարկածներիս մեջ քեզ շատ հարազատ մարդիկ չկան, որ ասածս սրտիդ կպնի: Բոլոր դեպքերում կներես:
Ուղղակի ուզում էի ասել, որ մարդը դիմացինին պետք է հարգի, որ փոխադարձ հարգանք ակնկալի: 25 տարի ուղղակի կատաղում էի, երբ պոստ-սովետիկուս արդարություն պահանջողներից լսում էի. «Ղեկավար են, թող իրենք ուտեն, բայց մեզ էլ բաժին հանեն»: Նույնիսկ արդարացնում էի քո նախորդների վարքագիծը ասելով, որ հենց այդպես էլ անում են ու իզուր եք դժգոհում: Նոր սերունդն այդպես չի մտածում: Ասում են մերը տվե՛ք, ձերը եթե քիչ է օգնենք շատանա: Համարենք, որ գումարները դու գիտես որտեղից վերցնել օրենքով, թե հայտնի ձեւերով: Դժվար կլինի, բայց մեկ է, դրանք քեզ «պաշտելու» են քանի իշխանություն ունես, իսկ հետո … լեզուս չի պտտվում, որ ասեմ: Իսկ ո՞վ գիտե, այսօրվա երիտասարդներից մեկը վաղը կարող է այնպիսի ղեկավար դառնալ, որ բոլորս անկեղծորեն իր արեւով երդվենք: Դու էլ ես ուզում չէ՞ երկար ապրել ու Հայաստանում (Արցախը ներառյալ):
Երկարեց, կարճ կապեմ:
Ուրեմն, ամեն ինչ անում ենք, որ այդ երիտասարդներից ոչ մեկը ո՛չ կոտրվի ո՛չ էլ վաճառվի: Բարձր տրամադրությամբ բոլորը վերադառնան իրենց աշխատանքին ու շարունակեն ապրել ու մտածել իրենց ապագայի մասին Հայաստանում: Եթե հաջողվի էլի բան ունեմ ասելու: Մի քանի հոգի էլ բանտում կան լավ տղաներ … Աստված քեզ օգնական