Պետք չէ շտապել Հանրապետության հրապարակում որեւէ մահկանացուի արձան դնել. Արամ Աբրահամյան


Պետք չէ շտապել Հանրապետության հրապարակում որեւէ մահկանացուի արձան դնել. Արամ Աբրահամյան

  • 28-06-2017 12:31:05   | Հայաստան  |  Վերլուծություն

Առաջին հանրապետության 100-ամյակի առիթով Հանրապետության հրապարակում ուզում են դնել այդ հանրապետությունը կերտողներից մեկի՝ Արամ Մանուկյանի արձանը:
 
Այդ գործիչն, իմ կարծիքով, իսկապես արժանի է մեծագույն հարգանքի եւ նույնիսկ խոնարհման՝ հենց նրա, ժամանակակից լեզվով ասած, ոչ կոնվենցիոնալ, «կողմնորոշումային կարծրատիպերը» հաղթահարած վարքի շնորհիվ մենք ունենք պետություն պատմական Հայաստանի փոքր մասում: Բայց պատմական դեմքի նոր արձան դնելու գաղափարը, այնուամենայնիվ, ժամանակավրեպ է՝ հատկապես, որ այդ արձանը պատրաստվում են դնել պետականությունը խորհրդանշող կենտրոնական հրապարակում: Այդ հրապարակում Լենինի արձանը դնելը նշանակում էր, որ երկրորդ հանրապետությունն ամբողջությամբ եւ անվերապահ ընդունում է այն գաղափարախոսությունը, որի կրողն էր «պրոլետարիատի առաջնորդը»: Փոխարինել Լենինին որեւէ մեկ այլ իրական անձով, մահկանացուով՝ լինի դա Արամ Մանուկյանը, Գարեգին Նժդեհը կամ թեկուզ Քըրք Քըրքորյանը, կամ Շարլ Ազնավուրը, կնշանակեր, որ մենք ունենք նոր կուռք, նոր փայտագլուխ, որին մենք պետք է երկրպագենք: Իհարկե, պետք չէ քանդել կամ ապամոնտաժել որեւէ եղած արձան: Բայց նորերի կառուցման հարցում անհրաժեշտ է շատ զգույշ լինել: Առաջին հանրապետության ժամանակ չե՞ն եղել «ավազակապետական դրսեւորումներ», Արամ Մանուկյանը չի՞ ունեցել սխալներ եւ մոլորություններ: Ակնհայտ է, որ ամեն ինչ չի եղել այնպես, ինչպես 70 տարի ներկայացնում էր կոմունիստական քարոզչությունը, բայց չի էլ եղել նաեւ այնքան իդեալական, որքան հիմա փորձում են ներկայացնել Դաշնակցության ներկայացուցիչները: Նույնն, ի դեպ, կարելի է ասել Երկրորդ եւ Երրորդ հանրապետությունների եւ դրանց առանցքային դեմքերի մասին: Չեն կարող վերապահումներ չլինել որեւէ երկրի որեւէ քաղաքական կամ պետական գործչի, ընդհանրապես` որեւէ մահկանացուի հանդեպ: Դուք կհարցնեք` «բա ինչո՞ւ են դրել Ջորջ Վաշինգտոնի, Ուինսթոն Չերչիլի կամ գեներալ դե Գոլի արձանները: Մի՞թե նրանք կատարյալ էին, եւ նրանց բոլոր գործողությունները` անվիճելի»: Խնդիրն այն է, որ այս դեպքում խոսքը կայացած պետությունների մասին է, որտեղ հասարակական մակարդակով ձեւակերպված է ազգային շահը: Եվ հետո այնպես չէ, որ, ասենք, Վաշինգտոնի արձանը հանել են (որովհետեւ պարզվեց, որ նա վատն էր) եւ տեղը դրել են, օրինակ, Ֆրանկլին Ռուզվելտի արձանը: Մի խորհրդանիշը մյուսով փոխարինելը` հենց դա է ոչ հասուն պետականության հատկանիշը: Դրա համար եմ ասում` պետք չէ շտապել Հանրապետության հրապարակում որեւէ մահկանացուի արձան դնել: Թող մեր հասարակության մեջ արմատավորվի պետական մտածելակերպը, այդ պարագայում միայն հասարակությունը կորոշի, թե ինչպիսի խորհրդանիշ է իրեն պետք:  
 
ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ 
 
 
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Վերլուծություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play