Վարչապետ Կարեն Կարապետյանը ոչնչով չի տարբերվում իր նախորդներից. Ցանկացած հանքի շահագործման դեպքում տվյալ ժամանակահատվածում կառավարող վարչապետները հանդես են եկել նմանատիպ հայտարարություններով: Այս մասին հունիսի 28-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ԳԱԱ Քիմիական ֆիզիկայի ինստիտուտի գիտաշխատող, փորձագետ, Civil Voice ՀԿ Խորհրդի անդամ Սեյրան Մինասյանը` անդրադառնալով օրերս Ազգային Ժողովում վարչապետի կողմից Ամուլսարի շահագործման վերաբերյալ կատարած հետևյալ հայտարարությանը` «Ամուլսարում մենք բնապահպանական ճգնաժամ չենք ունենալու»:
Ըստ նրա` Ամուլսարի շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատականը (ՇՄԱԳ) մանրակրկիտ մշակված է և համապատասխանեցված եվրոպական ու միջազգային չափանիշներին, այդուհանդերձ Ամուլսարն իր գտնվելու դիրքով և տեղանքով կտրուկ տարբերվում է Հայաստանում գործող մյուս հանքավայրերից:
Ս. Մինասյանի խոսքերով` Ամուլսարը մնացած բոլոր հանքավայրերից նախ և առաջ տարբերվում է նրանով, որ շատ մոտ է գտնվում Ջերմուկի բնական հանքային աղբյուրներին:
«Ընդհանուր առմամբ ՇՄԱԳ-ը բավականին լավ է արված, բայց, այնուամենայնիվ, կան մի շարք թերություններ. Մասնավորապես, թերի էր հարակից ջրային ակունքների էկոհամակարգի վրա հնարավոր ազդեցության գնահատումը»,- նշեց նա` հավելելով, որ բացի դրանից, ՇՄԱԳ-ում բացակայել է նաև բուսական աշխարհի և մշակաբույսերի վրա հնարավոր ազդեցության գնահատումը:
Հատկապես կարևորելով Ջերմուկի ջրերի վրա ազդեցությունը` փորձագետն ընդգծեց մեկ կարևոր հանգամանք, այն է` Ջերմուկի հանքավայրը գին չունի, քանի որ այն հանդիսանում է ժողովրդի և պետության սեփականությունը. «Եթե Ամուլսարը կարող են շահագործել, այնտեղի ոսկին ամբողջությամբ հանել և հետո հանքը փակել, ապա Ջերմուկի դեպքում այդպես չէ. Ջերմուկի հանքային ջրերի նկատմամբ իրավունքներ ունեն նաև գալիք սերունդները, այդ թվում վարչապետինը: Այստեղ հստակ մոտեցում է անհրաժեշտ, չպետք է շփոթել պետության և իշխանության ունեցվածք հասկացությունները»:
Նրա համոզմամբ` Ջերմուկի հանքային աղբյուրների վրա ազդեցության գնահատումը պետք է նախապես արվեր, որպեսզի բացասական ազդեցության դեպքում հնարավոր լիներ կանխել կամ դադարեցնել Ամուլսարի հանքի շահագործումը:
Ս. Մինասյանի պնդմամբ` Ամուլսարի շահագործման հետևանքով Ջերմուկի հանքային ջրերի վրա ազդեցությունը հնարավոր է մի քանի մեթոդներով կատարել, մինչդեռ Ամուլսարի ներկայացուցիչներն ընդամենը մեկ մեթոդով հնարավոր ազդեցության թերի գնահատում են իրականացրել և հայտարարել, թե ապացուցել են, որ Ջերմուկի ջրերի վրա ազդեցություն չի կարող լինել:
Նրա փոխանցմամբ` Ջերմուկի ջրերի վրա Ամուլսարի շահագործման ազդեցության գնահատումը շատ փոքր գումարների հարց է, սակայն ոչ պատկան մարմինները, և ոչ էլ Ամուլսարի շահագործողները չեն կատարում:
Ստեղծված իրավիճակում մի շարք բնապահպանական կազմակերպություններ միասին գնացել և տեղում Ջերմուկի ջրերի նմուշներ են վերցրել, որոնք այժմ հետազոտության փուլում են:
Իր հերթին «Էկոլոգիական հասարակական միություն» ՀԿ նախագահ, Էկոլոգիական հասարակական դաշինքի համակարգող Սիլվա Ադամյանը փաստեց, որ Ամուլսարի շահագործման հետևանքով ռիսկերը բազմաթիվ են:
Նա, մասնավորապես, շեշտեց, որ Ամուլսարում բազմաթիվ բուսատեսակներ և թռչունների տեսակներ կան, որոնց մեծ մասը գրանցված են Կարմիր գրքում, հետևաբար հանքի շահագործումը հանգեցնելու է այդ վայրում կենդանական և բուսական աշխարհի իսպառ ոչնչացման:
Անդրադառնալով կենսաբազմազանության խնդրին` բնապահպանն ընդգծեց, որ այդ ոլորտում ռիսկերի մասին նամակով բազմիցս դիմել են ՀՀ բնապահպանության նախարարությանը, որի պատասխանն ուղղակի զավեշտալի է:
«Միջազգային պրակտիկայում գոյություն ունի մի փաստաթուղթ, համաձայն որի` կարելի է կենդանական աշխարհը մեկ տեղից տեղափոխել այլ տեղ, եթե տվյալ տարածքում հանքի շահագործումը շատ կարևոր է: Բնապահպանության նախարարությունից այս փաստաթուղթն են մեզ դեմ տալիս, մինչդեռ մի նկատառում ունեմ, որ մեր երկիրը ոչ Միացյալ Նահանգներն է, ոչ Ռուսաստանը և ոչ էլ այլ լայնածավալ երկիր, որի համար է մշակված այս ոչ իրավական ուժ ունեցող փաստաթուղթը»,- նշեց Ս. Ադամյանը` հիշեցնելով, որ Հայաստանը փոքր երկիր է` չկրկնվող լանդշաֆտով, հետևաբար այստեղ այդ փորձն անհնար է կիրառել:
Բնապահպանները վարչապետին ուղղված նոր նամակ են պատրաստում, որում մանրամասնորեն ներկայացնելու են բոլոր ռիսկերը:
Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան»