Ամուլսարի վերաբերյալ վարչապետի հայտարարությունը ցույց տվեց, որ նա չի տարբերվում իր նախորդներից. բնապահպաններ (տեսանյութ)
Նոյյան Տապան
AM RU EN WA FR

Ամուլսարի վերաբերյալ վարչապետի հայտարարությունը ցույց տվեց, որ նա չի տարբերվում իր նախորդներից. բնապահպաններ (տեսանյութ)

28-06-2017 16:30 Հայաստան Հասարակություն

 
Վարչապետ Կարեն Կարապետյանը ոչնչով չի տարբերվում իր նախորդներից. Ցանկացած հանքի շահագործման դեպքում տվյալ ժամանակահատվածում կառավարող վարչապետները հանդես են եկել նմանատիպ հայտարարություններով: Այս մասին հունիսի 28-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ԳԱԱ Քիմիական ֆիզիկայի ինստիտուտի գիտաշխատող, փորձագետ, Civil Voice ՀԿ Խորհրդի անդամ Սեյրան Մինասյանը` անդրադառնալով օրերս Ազգային Ժողովում վարչապետի կողմից Ամուլսարի շահագործման վերաբերյալ կատարած հետևյալ հայտարարությանը` «Ամուլսարում մենք բնապահպանական ճգնաժամ չենք ունենալու»: 
Ըստ նրա` Ամուլսարի շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատականը (ՇՄԱԳ) մանրակրկիտ մշակված է և համապատասխանեցված եվրոպական ու միջազգային չափանիշներին, այդուհանդերձ Ամուլսարն իր գտնվելու դիրքով և տեղանքով կտրուկ տարբերվում է Հայաստանում գործող մյուս հանքավայրերից: 
Ս. Մինասյանի խոսքերով`  Ամուլսարը մնացած բոլոր հանքավայրերից նախ և առաջ տարբերվում է նրանով, որ շատ մոտ է գտնվում Ջերմուկի բնական հանքային աղբյուրներին: 
«Ընդհանուր առմամբ ՇՄԱԳ-ը բավականին լավ է արված, բայց, այնուամենայնիվ, կան մի շարք թերություններ. Մասնավորապես, թերի էր հարակից ջրային ակունքների էկոհամակարգի վրա հնարավոր ազդեցության գնահատումը»,- նշեց նա` հավելելով, որ բացի դրանից, ՇՄԱԳ-ում բացակայել է նաև բուսական աշխարհի և մշակաբույսերի վրա հնարավոր ազդեցության գնահատումը: 
Հատկապես կարևորելով Ջերմուկի ջրերի վրա ազդեցությունը` փորձագետն ընդգծեց մեկ կարևոր հանգամանք, այն է` Ջերմուկի հանքավայրը գին չունի, քանի որ այն հանդիսանում է ժողովրդի և պետության սեփականությունը. «Եթե Ամուլսարը կարող են շահագործել, այնտեղի ոսկին ամբողջությամբ հանել և հետո հանքը փակել, ապա Ջերմուկի դեպքում այդպես չէ. Ջերմուկի հանքային ջրերի նկատմամբ իրավունքներ ունեն նաև գալիք սերունդները, այդ թվում վարչապետինը: Այստեղ հստակ մոտեցում է անհրաժեշտ, չպետք է շփոթել պետության և իշխանության ունեցվածք հասկացությունները»:
Նրա համոզմամբ` Ջերմուկի հանքային աղբյուրների վրա ազդեցության գնահատումը պետք է նախապես արվեր, որպեսզի բացասական ազդեցության դեպքում հնարավոր լիներ կանխել կամ դադարեցնել Ամուլսարի հանքի շահագործումը:  
Ս.  Մինասյանի պնդմամբ` Ամուլսարի շահագործման հետևանքով Ջերմուկի հանքային ջրերի վրա ազդեցությունը հնարավոր է մի քանի մեթոդներով կատարել, մինչդեռ Ամուլսարի ներկայացուցիչներն ընդամենը մեկ մեթոդով հնարավոր ազդեցության թերի գնահատում են իրականացրել և հայտարարել,  թե ապացուցել են, որ Ջերմուկի ջրերի վրա ազդեցություն չի կարող լինել:  
Նրա փոխանցմամբ` Ջերմուկի ջրերի վրա Ամուլսարի շահագործման ազդեցության գնահատումը շատ փոքր գումարների հարց է, սակայն ոչ պատկան մարմինները, և ոչ էլ Ամուլսարի շահագործողները չեն կատարում: 
Ստեղծված իրավիճակում մի շարք բնապահպանական կազմակերպություններ միասին գնացել և տեղում Ջերմուկի ջրերի նմուշներ են վերցրել, որոնք այժմ հետազոտության փուլում են: 
Իր հերթին «Էկոլոգիական հասարակական միություն» ՀԿ նախագահ, Էկոլոգիական հասարակական դաշինքի համակարգող Սիլվա Ադամյանը փաստեց, որ Ամուլսարի շահագործման հետևանքով ռիսկերը բազմաթիվ են: 
Նա, մասնավորապես, շեշտեց, որ  Ամուլսարում բազմաթիվ բուսատեսակներ և թռչունների տեսակներ կան, որոնց մեծ մասը գրանցված են Կարմիր գրքում, հետևաբար հանքի շահագործումը հանգեցնելու է այդ վայրում կենդանական և բուսական աշխարհի իսպառ ոչնչացման: 
Անդրադառնալով կենսաբազմազանության խնդրին` բնապահպանն ընդգծեց, որ այդ ոլորտում ռիսկերի մասին նամակով բազմիցս դիմել են ՀՀ բնապահպանության նախարարությանը, որի պատասխանն ուղղակի զավեշտալի է: 
«Միջազգային պրակտիկայում գոյություն ունի մի փաստաթուղթ, համաձայն որի` կարելի է կենդանական աշխարհը մեկ տեղից տեղափոխել այլ տեղ, եթե տվյալ տարածքում հանքի շահագործումը շատ կարևոր է: Բնապահպանության նախարարությունից այս փաստաթուղթն են մեզ դեմ տալիս, մինչդեռ մի նկատառում ունեմ, որ մեր երկիրը ոչ Միացյալ Նահանգներն է, ոչ Ռուսաստանը և ոչ էլ այլ լայնածավալ երկիր, որի համար է մշակված այս ոչ իրավական ուժ ունեցող փաստաթուղթը»,- նշեց Ս. Ադամյանը` հիշեցնելով, որ Հայաստանը փոքր երկիր է` չկրկնվող լանդշաֆտով, հետևաբար այստեղ այդ փորձն անհնար է կիրառել: 
Բնապահպանները վարչապետին ուղղված նոր նամակ են պատրաստում, որում մանրամասնորեն ներկայացնելու են բոլոր ռիսկերը: 
 
 
Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան» 
Նոյյան տապան   |   Հասարակություն

 

 

Կարդացել են 3966 անգամ