Արևային առաջին համակարգային կայանի կառուցման համար դիմել է երկու տասնյակ ընկերություն


Արևային առաջին համակարգային կայանի կառուցման համար դիմել է երկու տասնյակ ընկերություն

  • 28-06-2017 15:02:07   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Հայաստանում արդյունաբերական մասշտաբի առաջին արևային համակարգային կայանի կառուցման համար ներդրողներ ներգրավելու համար հայտարարված միջազգային մրցույթին մասնակցելու նպատակով նախաորակավորման հայտ է ներկայացրել 20 ընկերություն և կոնսորցիում։   
ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների փոխանախարար Հայկ Հարությունյանի փոխանցմամբ, դրանք ոլորտում հայտնի տարբեր երկրներ ներկայացնող ընկերություններ են.
-Կայանի կառուցման նախաորակավորման փուլին մասնակցելու համար դիմել են ընկերություններ Չինաստանից,  Ամերիկայի Միացյալ Նահանգներից, Գերմանիայից, Իսպանիայից, Հարավային Կորեայից, Իրանից և այլ երկրներից։ 
 
Ներկայացված հայտերի ուսումնասիրությունից հետո նախաորակավորման փուլն անցած ընկերությունների միջև կհայտարարվի սակագնային մրցույթ։ Նախապատվությունը կտրվի այն մասնակցին, որը կներկայացնի ամենացածր և մրցունակ սակագինը։ Մրցութային գործընթացը կավարտվի հաջորդ տարվա սկզբին և կմեկնարկի կայանի կառուցումը։ 
-Ակնկալվում է, որ արդեն 2018թ. վերջին Հայաստանը կունենա 55 մեգավատ հզորությամբ առաջին արևային համակարգային կայանը,-ասել է Հայկ Հարությունյանը։ 
Հիշեցնենք, որ կառավարության հավանությանն արժանացած ներդրումային ծրագրի համաձայն, Հայաստանի վեց տեղանքներում նախատեսվում է մինչև 110 մեգավատ հզորությամբ արևային ֆոտովոլտային կայանների կառուցում։ Առաջին փուլում ընտրվել է Գեղարքունիքի մարզի Մասրիկի տեղանքը, որտեղ կկառուցվի 55 մեգավատ հզորությամբ կայան։ 
 
 
Տեղեկատվության և  հասարակայնության  հետ  կապերի   բաժին
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն