ՀՀ փաստաբանների պալատի նախագահի նամակը ՀՀ ոստիկանապետին


ՀՀ փաստաբանների պալատի նախագահի նամակը ՀՀ ոստիկանապետին

  • 28-06-2017 16:33:06   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Հայաստանի Հանրապետության
ոստիկանության պետ, գեներալ-գնդապետ՝
պարոն Վլադիմիր Գասպարյանին
 
           Հարգելի պարոն Գասպարյան,
Հայկական ժամանակի 28.06.2017թ. http://armtimes.com/hy/video/2066 հղումով տեղադրված տեսանյութի համաձայն Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի հարակից տարածքում փաստաբաններ Լուսինե Սահակյանի և Արա Զաքարյանի նկատմամբ ոստիկանները ցուցաբերել են  բռնի գործողություններ:
«Փաստաբանության մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ արգելվում է պետական մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների, դրանց պաշտոնատար անձանց, ֆիզիկական և իրավաբանական անձանց (ներառյալ` զանգվածային լրատվության միջոցների) միջամտությունը փաստաբանական գործունեությանը:
Նույն հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ փաստաբանը չի կարող հետապնդվել, պատասխանատվության և բերման ենթարկվել, ձերբակալվել, կալանավորվել կամ ենթարկվել իրավունքների այլ սահմանափակման իր մասնագիտական պարտականությունների կատարման կապակցությամբ, …:
ՀՀ քրեական օրենսգիրքը պատասխանատվություն է սահմանում պաշտոնատար անձի կողմից փաստաբանի լիազորությունների իրականացմանը խոչընդոտելու համար:
2012թ. փետրվարի 8-ին ՀՀ փաստաբանների պալատի և ՀՀ ոստիկանության միջև ստորագրված «Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի և Հայաստանի Հանրապետության ոստիկանության միջև համագործակցության մասին փոխըմբռնման հուշագրի» 1.1.3 կետի համաձայն' կողմերը համաձայնվել են համագործակցել վարքագծի կանոնների պահպանման ապահովման կապակցությամբ' ոստիկանության կամ փաստաբանների կողմից վարքագծի կանոնների խախտումների հայտնաբերումը, փոխադարձ իրազեկումը և պատասխանատվության ենթարկելու հարցի լուծումն ապահովելու նպատակով:
Վերոգրյալը հաշվի առնելով խնդրում ենք Ձեր հանձնարարականը համապատասխան ստորաբաժանմանը՝ նշված միջադեպն ուսումնասիրելու և մեղավոր ոստիկաններին պատասխանատվության ենթարկելու հարցը քննարկելու կապակցությամբ:
 
Հարգանքով՝
 
Հայաստանի Հանրապետության
փաստաբանների պալատի նախագահ՝ Արա Զոհրաբյան
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play