Վերականգնողական սարքեր՝ հաշմանդամություն ունեցող փոքրիկներին


Վերականգնողական սարքեր՝ հաշմանդամություն ունեցող փոքրիկներին

  • 28-06-2017 16:39:49   | Շիրակի մարզ  |  Հասարակություն

 
 Երևան, հունիսի 28, 2017թ.։ Հայաստանում առանց ծնողական խնամքի հաշմանդամություն ունեցող մանկահասակ երեխաների համար միայն մեկ մասնագիտացված կենտրոն կա։ Գյումրիի «Երեխաների տուն» մանկատանն ամբողջ Հայաստանից տարբեր ֆիզիկական և մտավոր խնդիրներ ունեցող 125 երեխա կա՝ 0-ից 8 տարեկան։ Փոքրիկները մի քանի տասնյակ դայակների, հատուկ մանկավարժների, հոգեբանների, նյարդաբանների և այլ աշխատակիցների շուրջօրյա վերահսկողության ներքո են։ Երեխաների առօրյան հագեցած է՝ լող, խաղեր, կրթական, ուսուցողական և ժամանցային ծրագրեր։
 
Սակայն օրվա մեծ մասը նվիրվում է վերականգնողական և բուժիչ տարբեր տիպի թերապիաներին, որոնց համար մանկատունը նորացված սարքավորումների կարիք ուներ։ Հունիսի 28-ին «Հայաստան» համահայկական հիմնադրամը HSBC բանկի ֆինանսավորմամբ մանկատանը ավելի քան 2.2 միլիոն դրամի սարքավորումներ նվիրեց՝ քայլակներ, սայլակներ, մկանները մարզող և մարսող սարքեր, օրթոպեդիկ բարձեր, ֆիքսատորներ: «Հայաստան» համահայկական հիմնադրամի ծրագրերի և արտաքին կապերի համակարգող Վարդան Փարթամյանը, փոխանցելով սարքերը մանկատան տնօրեն Աննա Գևորգյանին, ասաց. «Սա «Երեխաների տուն» մանկատանը մեր վերջին նվիրատվությունը չէ, Դուք կարող եք մեզ ցանկացած հարցով դիմել։ Վերջին 5 տարիներին մենք մեր հոգածության տակ ենք պահում մանկատունը՝ երեխաների վերականգնողական բուժումն ավելի արդյունավետ դարձնելու համար»։ Տնօրեն Աննա Գևորգյանն իր շնորհակալական խոսքում ասաց՝ վերականգնողական սարքերի դրական ազդեցությունը մոտ ապագայում տեսանելի կլինի։ «Մենք ամեն երեխայի հետ աշխատում ենք յուրովի։ Նոր սարքերից յուրաքանչյուրը կգտնի իր տիրոջը. հենաշարժողական խնդիրներ ունեցող երեխաներն ավելի հարմար կշարժվեն նոր քայլակներով և սայլակներով, մտավոր խնդիրներ ունեցող փոքրիկները կկիրառեն սննդից հեշտությամբ օգտվելու համար նախատեսված պարագաները։ Մեր երեխաների համար շատ կարևոր է նման ուշադրությունը։ Հաշվի առնելով այն, որ մեծամասնությունը լքված են ծնողների կողմից, երեխաներն իրենց այցելող հյուրերին տեսնելով՝ ուրախանում են»։ Այս ծրագիրը HSBC բանկի և «Հայաստան» համահայկական հիմնադրամի համագործակցությամբ երրորդ ծրագիրն է: Երկու կազմակերպություններն էլ իրենց առաջնային նպատակներում ունենալով Հայաստանում երեխաների համար արժանապատիվ և բարեկարգ պայմանների ապահովումը արդեն երկու ծրագիր են իրականացրել. 2015-ին Վանաձորի ֆիզմաթ դպրոցի ռոբոտեխնիկայի դասասենյակը համալրվել է համակարգչային տեխնիկայով և կահույքով, իսկ 2016-ին Երևանի թիվ 8 հատուկ դպրոցում հիմնվել է կարուձևի սենյակ: «Հայաստան» համահայկական հիմնադրամը «Երեխաների տուն» մանկատանն աջակցում է 2012-ից։ Այդ տարի Հիմնադրամի Գերմանիայի հանձնախմբի ֆինանսավորմամբ բարենորոգվել են մանկատան երկու շենքերը, հետագա տարիներին վերակառուցվել է խաղահրապարակը, կառուցվել թերապևտիկ նշանակության լողավազան, հիմնվել բուժլաբորատորիա և ախտորոշիչ սենյակ:
«Հայաստան» համահայկական հիմնադրամ
 
Նոյյան տապան  -   Հասարակություն