Նորակոչիկները կսնվեն զինվորական հավաքակայանում, կստանան սննդի փաթեթներ


Նորակոչիկները կսնվեն զինվորական հավաքակայանում, կստանան սննդի փաթեթներ

  • 28-06-2017 17:48:51   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

Հուլիսի 1-ին մեկնարկող ամառային զորակոչին ևս կկիրառվեն նորամուծություններ։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց  ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը՝  հավելելով, որ օրեր առաջ անցկացվել է միջգերատեսչական զորակոչային հանձնաժողովի նիստ, որի ժամանակ տրվել են մի շարք հանձնարարականներ:
 
Ըստ նախարարի՝ նախազորակոչային ընդհանուր վիճակը բավարար մակարդակում է: «Մենք մատնանշել ենք մի շարք խնդիրներ, որոնք կարիք ունեն համակարգային լուծման և արդեն մի շարք գործընթացներ մեկնարկել են: Սեպտեմբեր-հոկտեմբերին հանրությանը կիրազեկենք զինկոմիսարիատների ընդհանուր համակարգի բարեփոխումների մասին, ինչն ուղիղ կապ ունի զորակոչի կազմակերպման գործընթացի և արդյունավետության հետ»,- ասաց նախարարը:
Վիգեն Սարգսյանի խոսքերով՝  պաշտպանության նախարարության, հասարակության համար կարևոր է ամառային զորակոչի արդար և արդյունավետ անցկացումը: Ուստի նախարարը հորդորեց քաղաքացիներին չափազանց հետևողական լինել ու իրականացնել քաղաքացիական վերահսկողություն։
«Խնդրում եմ մեր հանրությանը շատ հետևողական լինել զորակոչի ընթացքին: Կարծում եմ՝ ոչ պակաս կարևոր է քաղաքացիական հանրության ներգրավումը դրա արդար անցկացման գործում: Եթե հայտնի են զորակոչի հետ կապված խախտումներ, այդ մասին հայտնեք, տեղեկացրեք մեզ 1-28 թեժ գծի միջոցով: Ուզում եմ վստահեցնել՝ մենք ամեն ինչ անելու ենք, որ գործընթացն  անցնի թափանցիկ և արդար»,- ընդգծեց Վիգեն Սարգսյանը՝ հավելելով, որ հուլիսի 1-ին անձամբ է այցելելու կենտրոնական հավաքակայան:
Ինչ վերաբերում է նորամուծություններին, ապա նախարարն ասաց, որ ինչպես ձմեռային  զորակոչին, ամառայինին ևս ևս լինելու է նորամուծություն:
«Եթե նախորդի դեպքում նորակոչիկները հանդերձավորվում էին անմիջապես կենտրոնական հավաքակայանում,  ապա այս անգամ հավաքակայան ժամանելուն պես նրանք կանցնեն բանակային սնունդին։ Այլևս տնից սնունդ բերելու կարիք չի լինի, նույնիսկ թույլ չի տրվելու, քանի որ եղանակային պայմանների, մասնավորապես, շոգի հետ կապված այդ սնունդը կարող է խնդիրներ առաջացնել: Նորակոչիկներին հավաքակայանից մինչև զորամաս կապահովենք սննդի փաթեթներով»,- հայտնեց Վիգեն Սարգսյանը:
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play