Արեգ Կյուրեղյանի քթի, ճակատի հատվածում արյունազեղումներ կան, իսկ մարմնին 100-ից ավելի հարված է ստացել. ահազանգում է փաստաբանը


Արեգ Կյուրեղյանի քթի, ճակատի հատվածում արյունազեղումներ կան, իսկ մարմնին 100-ից ավելի հարված է ստացել. ահազանգում է փաստաբանը

  • 29-06-2017 06:50:03   | Հայաստան  |  Իրավունք

ՊՊԾ գնդի  գրավման գործով ամբաստանյալ Արեգ Կյուրեղյանին ոստիկաններն այսօր դատարանում ծեծի են ենթարկել: Այս մասին «Հետք»-ին ասաց Կյուրեղյանի փաստաբան Մուշեղ Շուշանյանն, ով քիչ առաջ տեսակցել է «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում գտնվող իր պաշտպանյալին:
 
«Արեգի քթի, ճակատի հատվածում վնասվածքի հետքեր՝ արյունազեղումներ կային, ու ըստ իր խոսքերի՝ ամբողջ մարմնի վրա, այսինքն՝ կրծքավանդակի, որովայնի, մեջքի, ոտքերի շրջանում ինքը բազմաթիվ՝ 100-ից ավել հարվածներ է ստացել, և այդ ամենն արձանագրվել է նաև «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում բժշկի կողմից, սակայն Արեգն արձանագրությունը չի ստորագրել»,- ասաց Մուշեղ Շուշանյանը:
 
Շուշանյանի խոսքով՝  Արեգին ծեծի ենթարկելու համար ոստիկաններին ընդամենն առիթ է պետք եղել և նրանք «գտել են» այդ առիթը:
 
Հիշեցնենք, որ Արեգ Կյուրեղյանի և ոստիկանների միջև միջադեպն այսօր դատարանում սկսվել է այն բանից, երբ Կյուրեղյանը փորձել է գրություն փոխանցել իր փաստաբանին:
 
Վերջինս փաստաբանի հետ ինչպես գրավոր, այնպես էլ բանավոր հաղորդակցվելու իրավունք ունի, սակայն ոստիկանները որոշել են խոչընդոտել նրա այդ իրավունքի իրացմանն ու վերցրել թուղթը: Շուշանյանի խոսքով՝ Արեգ Կյուրեղյանը պահանջել է, որպեսզի թուղթը վերադարձնեն, սակայն ոստիկաները չեն վերադարձրել:
 
«Ասել են՝ չենք վերադարձնում, լավ ենք անում, ապա Արեգը պահանջել է կամ վերադարձնել թուղթը, կամ իրեն դահլիճից հանել, հետո իրեն դահլիճից հանել են ու անմիջապես սկսել հարվածել»,- պատմեց Մուշեղ Շուշանյանը:
 
Փաստաբանի խոսքով՝ ոստիկաններն Արեգին հայհոյել են, և վերջինս պատասխանել է հայհոյանքներով: Ըստ Շուշանյանի՝ ոստիկանների նպատակը եղել է, այսպես ասած, Արեգին «կոտրելը»:
 
«Երբ տևական ժամանակ բռնություն գործադրելուց հետո հասկացել են, որ այդ մարդը «կոտրվող» չէ, հասկացել են, որ իրենց նպատակին չեն հասնի: Երևի հասկացել են, որ կամ մնում է սպանելը, կամ մարդուն հանգիստ թողնելը»,- ասաց Շուշանյանը՝ հավատացնելով որ Արեգի տրամադրությունն այս պահին բարձր է:
 
Շուշանյանն, անդրադառնալով այսօր դատարանում ոստիկանների վարքագծին, նշեց, որ դատարանում ներկաներն ականատես եղան ոստիկանական «սպեցօպերացիայի» թե՛ դատարանի շենքում՝ տղաների նկատմամբ,  թե՛ դատարանի շենքի առջև հավաքված հարազատների, համակիրների նկատմամբ:
 
«Սա ոստիկանության կողմից պատժիչ գործողություն էր, ուժի ցուցադրում, համոզված եմ, որ սա չէր կարող կատարվել առանց Բաղրամյան 26-ում բազմած անձի ուղղակի կարգադրությամբ»,- ասաց Շուշանյանը:
 
Ըստ փաստաբանի՝ իշխանությունը «սարսափում է» հրապարակային դատավարությունից:
 
«Հրապարակային դատաքննության դեպքում դա լինելու է ոչ թե  Սասնա ծռերի դատավարություն, այլ ռեժիմի դատավարություն: Բայց այս դատավարությունն ինչ-որ ձևով պիտի անեն, և իրենց նախատեսած սցենարով չի ստացվում, որովհետև տղանդերն արտահայտվում են, հայտարարություններ  ու կոչեր անում, ուստի ընտրվել է այսպես ասած, բազմապրոֆիլ ճնշման տարբերակը. ֆիզիկական, հոգեբանական  ճնշումների են ենթարկվում տղաները, նրանց փաստաբանները և այլն»,- ասաց Շուշանյանը՝  ևս մեկ անգամ պնդելով իր տեսակետը, որ դատարանում այսօր տեղի ունեցած իրադարձությունների նպատակը ՊՊԾ գնդի գրավման գործով անցնող անձանց լռեցնելն է:
 
«Դա չի ստացվում: Իսկ այսօրվա գործողություններն ահաբեկչական գործողություններ էին: Ոստիկանությունն ահաբեկչական մարմին է, որն այսօր իրականացրեց ահաբեկչական գործողություն»,- խոսքը եզրափակեց Մուշեղ Շուշանյանը:
 
Արաքս Մամուլյան
Նոյյան տապան  -   Իրավունք