Առանց ԱԺ-ի հաստատման` Սևանա լճից արդեն իսկ 80 մլն խորանարդ մետր ջուր է բաց թողնվել. բնապահպանների ահազանգը (տեսանյութ)


Առանց ԱԺ-ի հաստատման` Սևանա լճից արդեն իսկ 80 մլն խորանարդ մետր ջուր է բաց թողնվել. բնապահպանների ահազանգը (տեսանյութ)

  • 29-06-2017 15:04:02   | Հայաստան  |  Հասարակություն



 
Բնապահպանների վերջին տվյալներով` Սևանա լճից արդեն իսկ բաց է թողնվել 80 մլն խորանարդ մետր ջուր: 
Ինչպես հունիսի 29-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց «ԷլոԼուր» բնապահպանական-տեղեկատվական ՀԿ նախագահ Ինգա Զարաֆյան, Սևանա լճից ջուրը բաց է թողնվել առանց Ազգային Ժողովի հաստատման: 
Ըստ նրա` Սևանա լճից ջրի բաց թողումն ուղղակի սպառնալիք է Հայաստանի համար, քանի որ լճի ջրի մակարդակի իջեցումը հանգեցնելու է Սևանի ճահճացման: 
«Սևանը մեր ազգային Սրբությունն է, բայց կան մարդիկ, ովքեր չգիտեն, թե ինչպես պետք է վարվեն այդ Սրբության հետ»,- ընդգծեց Ի. Զարաֆյանը: 
Վերջինիս փոխանցմամբ` երեկվանից ստեղծվել է «S.O.S Սևան» նախաձեռնությունը, որին այժմ միացել են 100-ից ավելի կազմակերպություններ և անհատներ: 
Բնապահպանի վստահեցմամբ` Սևանա լճից ջուր բաց թողնելու կառավարության նախագիծը բացարձակապես ոչ մի հիմնավորում չունի, հետևաբար իրենք պահանջում են մասնակից լինել Ազգային Ժողովում այդ հարցի առնչությամբ իրականացվելիք նիստին: Ավելին` բնապահպանները պատրաստ են ԱԺ ներկայացնել իրենց մասնագետների բոլոր հիմնավորումները, որոնցով ապացուցվում է Սևանից ջուր բաց թողնելու վտանգը:  
Ի. Զարաֆյանի խոսքերով` վերոնշյալ հարցում շատ ակտիվ են Գեղարքունիքի մարզի բնակիչները, ովքեր պատրաստվում են բողոքի ակցիաներով հանդես գալ: 
Իր հերթին ջրային կառավարման ոլորտի մասնագետ Լուսինե Թասլակյանի կարծիքով` ոչ մի դեպքում չպետք է թույլ տալ Սևանա լճում ջրի մակարդակի իջեցում: 
Նրա գնահատմամբ` վերջին տարիներին Սևանի ջրի մակարդակի 3 մետրով բարձրացումը ոչ թե կառավարության ջանքերի արդյունք է, այլ բնության և կլիմայական պայմանների: 
«Եթե մենք որոշումներ ենք ընդունում Սևանի մասին և ասում, որ պետք է լճի մակրդակը բարձրանա 6 մետրով, ապա պետք է հասկանանք, որ դրանք հենց այնպես ընտրված թվեր չեն, այլ գիտնականներն ու մասնագետները հաշվարկներ են կատարել, հետևաբար մենք պետք է հետևողական լինենք այդ ցուցանիշին հասնելու հարցում: Դա այն մինիմալ չափն է, որի դեպքում լճի էկոլոգիական հավասարակշռությունը կվերականգնվի»,- փաստեց մասնագետը` հորդորելով պատկան մարմիններին ոռոգման խնդրիների համար նախատեսվող վարկային միջոցները նպատակային ծախսել, այլ ոչ թե ամեն անգամ դիմել Սևանի օգնությանը: 
Լ. Թասլակյանի պնդմամբ` այժմ լճի կենսաբանական մաքրման ոչ մի կայան չկա, գոյություն ունեցողներն էլ մեխանիկական մաքրման կայաններ են, մինչդեռ բոլոր համայնքների ու քաղաքների կոյուղաջրերը, նաև անասնաբուծության հետևանքով առաջացող կենսածին տարրերը շարունակում են լցվել Սևանա լիճ: 
«Ստացվում է, որ լիճը չենք մաքրում, բայց շարունակում ենք աղտոտել, նման պայմաններում միայն լճում ջրի ծավալի մեծացումը կարող է նոսրացնել կեղտաջրերի կոնսենտրացիան»,- շեշտեց մասնագետը` հորդորելով Սևանա լճից ջուր բաց թողնելու որոշումը կայացնողներին հերթական անգամ մեջքով չշրջվել դեպի բնության հրաշքը:  
 
 
Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան» 
Նոյյան տապան  -   Հասարակություն