15 մարդ դաժան ծեծի է ենթարկել Արայիկ Խանդոյանին. ընդ որում հերթ կանգնելով (Տեսանյութ)
29-06-2017 16:05:24 | Հայաստան | Ի՞նչ է գրում մամուլը
«Սասնա ծռերից» Արայիկ Խանդոյանը բռնության է ենթարկվել, խոշտանգվել է ամենադաժան ու ամենաանմարդկային ձևով:
Այս մասին այսօր «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի մոտ տեղի ունեցած ասուլիսի ժամանակ ասաց Արայիկ Խանդոյանի պաշտպաններից Արայիկ Պապիկյանը:
«Հունիսի 28-ին Ավան և Նոր Նորք վարչական շրջանների դատարանի շենքի խցում մոտավորապես 15 մարդ դաժան ծեծի է ենթարկել Արայիկ Խանդոյանին: Ընդ որում, քանի որ խուցը փոքր է եղել, հերթ են կանգնել և հերթով են ծեծել:
Պատճառն այն է եղել, որ երբ դատական նիստերի դահլիճից ամբաստանյալներ Արեգ Կյուրեղյանին և Սմբատ Բարսեղյանին ծեծելով տարել են, Արայիկ Խանդոյանը բարձրաձայնել է, թե ի՞նչ եք անում: Այդ մարդիկ շարունակել են իր հետ նույնկերպ վարվել»,-ասաց Պապիկյանը:
Պաշտպանի խոսքով՝ ինքը վստահ է, որ Խանդոյանն առնվազն ուղեղի ցնցում ունի, շատ ցավեր ունի գլխի, երիկամների շրջանում, ոտքերին վնասվածքներ կան:
Արայիկ Պապիկյանը հայտնեց, որ Սմբատ Բարսեղյանին և Գագիկ Եղիազարյանին ևս դաժանաբար ծեծել են, հայհոյանքներ հնչեցրել:
«Խանդոյանը փորձում էր ինձնից թաքցնել մանրամասները, սակայն նրա ընկերներից իմացա, որ այնքան վատ է եղել, սրտխառնոց է ունեցել, խնդրել է, որ այն մեքենան, որով տանում են, դուռը բացեն,դուռը չեն բացել: Ավելին, նրան երբ հասցրել են ՔԿՀ, էլի պահել են մեքենայի մեջ երկար ժամանակ»,-ասաց պաշտպանը:
Հարցին, թե բժշկական օգնություն ցուցաբերվե՞լ է, Պապիկյանն ասաց, որ Խանդոյանին երեկ երկու անգամ բժիշկ է այցելել, ճնշումն է չափել.«Որևէ կասկած չկա, որ նա այս պահին մասնագիտական բուժօգնության կարիք ունի, ինչի համար ես դիմեցի ՔԿՀ-ի գրասենյակ:Միայն ճնշումն են չափել, իսկ ՔԿՀ վարչությանը հորդորում եմ , չփորձի ստահոդ տեղեկություններ տարածել, որ բուժօգնություն է ցուցաբերվել»:
Արայիկ Պապիկյանը նաև հայտարարություն ընթերցեց, համաձայն որի՝ «Սասնա ծուռ» Արայիկ Խանդոյան խոշտանգման է ենթարվել ոստիկանության կողմից , նրան հասցրել են բազմաթիվ վնասվածքներ.« Արայիկ Խանդոյանի նկատմամբ անմարդկային ու արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի փորձերը վերջին 11 ամիսների ընթացքում կրել են շարունակական բնույթ, իսկ վերջին օրերին դրանք կրել են սանձաձակ բնույթ»: