Կարեն Կարապետյանի համար պատրաստած կամ պատրաստվող անակնկալները


Կարեն Կարապետյանի համար պատրաստած կամ պատրաստվող անակնկալները

  • 29-06-2017 19:04:05   | Հայաստան  |  Վերլուծություն

Կառավարության հունիսի 29-ի նիստի մեկնարկի արարողությանը, որին մասնակցում էր Սերժ Սարգսյանը՝ կառավարության ծրագրի մեկնարկը տալու եւ այդպիսով նոր շրջափուլ ազդարարելու համար, Սարգսյանն ու վարչապետ Կարապետյանը «փոխանակեցին» ակնարկներ, որոնցում նկատելի է առնվազն առաջին ռաունդում Սերժ Սարգսյանի պարտության խոստովանությունը:
 
Խոսելով ընդհանուր իրավիճակի մասին, Սերժ Սարգսյանը մի կողմից լիակատար վստահություն էր հայտնում Կարեն Կարապետյանին ու կառավարությանը, մյուս կողմից սակայն բավական նրբորեն ընդգծում, որ իրավիճակի վերահսկողության թելերը գտնվում են իր ձեռքում: Կարեն Կարապետյանը զգաց նուրբ ակնարկն ու շնորհակալական խոսքում տվեց հակահարվածը, հայտարարելով, թե լավ է պատկերացնում, որ հեշտ չի լինելու, բայց իր թիմի հետ տրամադրված է վճռական:
«Եթե հեշտ լիներ, ամեն ինչ վաղուց արած-պրծած կլինեինք», պատասխանել էր Սերժ Սարգսյանը, որն այլ բան չի նշանակում «թարգմանաբար», քան այն, որ «եթե հեշտ լիներ, քեզ ինչու՞ պետք է առաջարկեի վարչապետի պաշտոնը»: Սերժ Սարգսյանն ըստ ամենայնի ակնարկում էր, որ եթե հեշտ լիներ, ինքն արդեն լուծած կլիներ 2018-ի խնդիրը:
Այդպիսով, Սարգսյանը գործնականում խոստովանում է, որ առայժմ այդ խնդրի լուծումն իր համար դժվար է, կամ այլ կերպ ասած՝ առայժմ չի ստացվում լուծել այնպես, ինչպես կցանկանար ինքը:
Բայց Սարգսյանն անկասկած չի հանձնվելու, ինչի մասին վկայում է այն, որ կառավարության նիստում շոշափած նրա խնդիրները ներառում էին «առաջընթացի» շրջանակը, մինչդեռ մյուս «կիսագունդը»՝ անվտանգությունը, Սերժ Սարգսյանը խնամքով շրջանցեց, եւ մեծ է հավանականությունը, որ անվտանգության մասով նա ունի Կարեն Կարապետյանի համար պատրաստած կամ պատրաստվող անակնկալներ:
 
Նոյյան տապան  -   Վերլուծություն