Բանը թավշյա հեղափոխության չի հասնի


Բանը թավշյա հեղափոխության չի հասնի

  • 29-06-2017 19:03:24   | Հայաստան  |  Հարցազրույցներ

Լրագրի  զրուցակիցն է ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, Գեղարքունիքի նախկին մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը

 

Պարոն Գրիգորյան, որպես Գեղարքունիքի նախկին մարզպետ՝ ինչպե՞ս եք վերաբերվում կառավարության՝  Սևանից ոռոգման նպատակով լրացուցիչ 100 մլն խմ ջուր բաց թողնելու որոշմանը։

 

Այս խնդիրը դեռ կքննարկվի, օրենքի տեսքով պետք է հարցին լուծում տրվի։ Հուլիսի 4-ին ԱԺ արտահերթ նիստ է լինելու, և բոլորն իրենց տեսակետը կհայտնեն։ Հիմա դեռ ուսումնասիրություններ են կատարվում։

 

Կառավարության ծրագիրը հաստատվեց։ Ձեր կարծիքով՝ կառավարությունը կհասցնի՞ մինչև 2018 թվականը ինչ-որ դրույթներ իրականացնել՝ հաշվի առնելով, որ 2018-ի ապրիլին նոր կառավարություն է ձևավորվելու։ Նաև բաց մնաց հարցը, թե ով է լինելու վարչապետը 2018-ի ապրիլից հետո։

 

Եկեք խոսենք կատարված աշխատանքների մասին։ Չգիտեմ ինչու՝ մենք չենք փորձում կատարվածը տեսնել։ Հայաստանի վարչապետը թվարկեց այն 57 ոլորտների մասին, որտեղ տեղի են ունեցել բարեփոխումներ։ Ես ձեզ էլ խորհուրդ կտամ, որ դուք լինեք տարբեր ծառայություններ մատուցող կազմակերպություններում՝ պետավտոտեսչություն, նոտար, ԶԱԳՍ, ՊԵԿ, անձնագրային վարչություն և կտեսնեք, որ այդ կառույցներում ու կազմակերպություններում բավական լուրջ փոփոխություններ են տեղի ունեցել։ Այս բարեփոխումները շարունակվելու են բոլոր այն ոլորտներում, որոնք ներառված են կառավարության գործունեության ծրագրում։

 

Այսինքն՝ որևէ հիմք չկա՞, որ 2018-ի ապրիլից հետո Կարեն Կարապետյանը չլինի վարչապետ։

 

Ես այդ հիմքերը այս պահին չեմ տեսնում։ Կարեն Կարապետյանը ՀՀԿ-ի առաջին փոխնախագահն է և ՀՀԿ-ի կողմից առաջադրված վարչապետ։ Նրա կողմից առաջարկված ծրագրերը, ինչպիսին նախատեսված էր, իրականացվում են, բայց եկեք դեպքերից առաջ չընկնենք։

 

Դուք 2018-ի ապրիլից հետո Սերժ Սարգսյանին որտե՞ղ եք տեսնում։

 

Մեր խնդիրը հենց այն է, որ մենք լավը չենք տեսնում, փորձում ենք ինտրիգներ մտցնել այդ լավի մեջ և առաջ անցնել։ Սերժ Սարգսյանը եղել է, կա և կմնա ՀՀԿ-ի առաջնորդը։ Եկեք առաջ չընկնենք, այսօր իշխանության ղեկին հենց ՀՀԿ-ն է։ Իսկ Հանրապետական կուսակցությունը չի սիրում առաջ ընկնել։

 

Վերջին օրերին շատ են խոսում թավշյա հեղափոխության մասին։

 

Անլուրջ եմ համարում նման խոսակցությունները, չկա նման նախադրյալ Հայաստանում։

 

Կարծում եք՝ երկրում վիճակն այնքան լավ է, որ դրա նախադրյալները չկա՞ն։

 

Այո, և դա ցույց տվեցին այս տարի կայացած խորհրդարանական ընտրությունները, որից հետո հետընտրական գործընթացներ տեղի չունեցան։ Հետևաբար ժողովուրդը այդքան էլ դժգոհ չէ։

 

Բայց շատերը նշում են, որ հասարակության ներսում կան դժգոհություններ։

 

Ես չգիտեմ՝ որտեղից են ձեզ այդ տեղեկությունները։ Դժգոհողներ եղել են, կան և կլինեն, բայց կարծում եմ՝ թավշյա հեղափոխության հարցը չի հասնի։ Կառավարության ծրագիրը ցույց տվեց, որ առկա խնդիրները, որոնք հուզում են մարդկանց, կլուծվեն։

 

Նույն ընտրությունները, այն հայտնի ձայնագրությունները ցույց չտվեցի՞ն ակնհայտ թերությունները։ Բոլոր մարզերում, այդ թվում ձեր մարզում՝ ընտրություններում ընտրակաշառք է բաժանվել։

 

Մեր մարզում չկար, բայց դրանք այնքան քիչ էին, որ ընդհանրապես չէին կարող անդրադառնալ ընտրությունների վրա։ Բայց ամենակարևորը, մենք արձանագրեցինք այս ընտրություններում... եկեք նախորդ ընտրությունների հետ համեմատության մեջ դիտենք այս ընտրությունները, և այդ դեպքում կտեսնենք, որ ինչպես այդ մասին փաստեցին նաև միջազգային կազմակերպությունները, այս ընտրությունները մի քանի քայլ առաջ էին, քան նախորդ ընտրությունները։

 

Պյոտր Սվիտալսկին թերություններ մատնանշեց, նաև ԿԸՀ կազմը փոփոխելու խնդիր բարձրացրեց։

 

Ես այդ խնդրին չեմ ուզում անդրադառնալ։ Ամեն մեկն իր կարծիքն ունի։

Նոյյան տապան  -   Հարցազրույցներ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play