ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն աշխատանքային այցով մեկնել է Արագածոտնի մարզ


ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն աշխատանքային այցով մեկնել է Արագածոտնի մարզ

  • 29-06-2017 19:53:48   | Արագածոտնի մարզ  |  Հասարակություն

ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն այսօր աշխատանքային այց է կատարել Արագածոտնի մարզ, որտեղ խորհրդակցություն է անցկացրել Արագածոտնի մարզպետ Գաբրիել Գյոզալյանի և  գյուղատնտեսության նախարարի տեղակալ Աշոտ Հարությունյանի մասնակցությամբ:
 
Անդրադառնալով ՀՀ կառավարության 2018-2022 թվականների ծրագրում գյուղատնտեսության բաժնին` նախարարը մանրամասնորեն ներկայացրել է կաթիլային համակարգի, հակակարկտային ցանցերի, ինտենսիվ այգիների ներդրման, գյուղատնտեսական հումքի մթերումների նպատակով ագրովերամշակման ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների մասնակի սուբսիդավորման փորձնական ծրագրերը, անդրադարձել գյուղատնտեսության ոլորտում ապահովագրական համակարգի ներդրման կարևորությանը: Նախարարը շեշտել է, որ Հայաստանի Հանրապետության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարությունների համատեղ ֆինանսավորմամբ 2018 թվականից սկսած գյուղատնտեսությունում նախատեսվում է ներդնել ապահովագրության համակարգ, առանց որի չի կարող զարգանալ ոլորտը, քանի որ գյուղացին միշտ լինելու է խոցելի և կանգնելու է ռիսկերի առաջ:
 
Խորհրդակցության ընթացքում ներկայացվել է նաև գյուղատնտեսության նախարարության պատվիրակության հետ մարզ այցելած ռուսական «General International Trade» (GIT) ընկերության գլխավոր տնօրեն Վլադիմիր Պողոսյանի առաջարկած վենչուրային ներդրումային ծրագիրը, որի շրջանակում ընկերությունը պատրաստ է դաշտավարությանը նպաստելու նպատակով ֆինանսավորել (0 % տոկոսադրույքով) 3000 հեկտար ընդհանուր տարածքի մշակության աշխատանքները, ինչը կվերացնի գյուղացու կախվածությունը բանկային համակարգից:
 
Այնուհետև ՀՀ գյուղատնտեսության նախարարը «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Միքայել Մանուկյանի հետ համատեղ հանդիպել է մարզի անտառտնտեսության պետերի և աշխատակիցների հետ: Քննարկվել են անտառպահպանությանը և անտառվերականգնմանը վերաբերող հարցեր, առաջիկա անելիքները:
 
Աշխատանքային խորհրդակցություններից հետո գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն այցելել է Աշտարակի տարածաշրջանի խնձորի ինտենսիվ այգիներ: Այգու ընդհանուր տարածքը 35 հեկտար է, որոնցից 10 հա-ն խնձորի և կեռասի ինտենսիվ այգիներ են, ներդրված է  կաթիլային համակարգ և հակակարկտային ցանց: Տնօրեն Ատոմ Ֆահրադյանի խոսքով` կաթիլային համակարգի ներդրումը միայն սկզբնական շրջանում է ծախսատար եղել, իսկ հետագա շահագործումը ձեռնտու է: Նրա խոսքով՝ մեկ տարվա ընթացքում 1 ծառի համար ոռոգման ծախսը կազմել է 4 դրամ:
Այգում աճեցվում են նաև ծիրանի ինտենսիվ թզուկ սորտեր, որոնց վրա կպատվաստվի տեղական ծիրան, քանի որ հայկական ծիրանի սորտն ավելի դիմացկուն է և որակով:
 
«Ապացուցված փաստ է, որ ինտենսիվ այգին եկամտաբեր է, և շատ արագ է կատարվում ծախսերի վերադարձելիությունը: Սա արդեն ինդուստրիալ այգի է, որը հաշվարկված և երաշխավորված բերքատվություն է ապահովում: Մեր վերլուծությունների արդյունքում հանգեցինք այն գաղափարին, որ անհրաժեշտ է մշակել ծրագիր, որը հնարավորություն կտա գյուղացիական տնտեսություններին նման այգիներ հիմնել, ինչը թույլ կտա ավելացնել արտահանումը և ապահովված ու երաշխավորված բերք ունենալ»,-լրագրողների հետ զրույցում նշել է Գյուղատնտեսության նախարարը:
 
Նախարարի խոսքով` ծրագրի շրջանակում կտրամադրվեն մատչելի տոկոսադրույքով, երկարաժամկետ վարկեր` ինտենսիվ այգիներ հիմնելու նպատակով:
 
«Բոլոր հաշվարկները ցույց են տալիս, որ այդ ներդրումը փոխհատուցվում է: Ծրագիրը կսկսվի իրականացվել 2018 թվականից, սակայն արդեն այս տարի կդրվի շրջանառության մեջ, որպեսզի մասնավոր ընկերությունները, որոնք տնկիներ, կաթիլային համակարգեր կամ կարկտապաշտպան ցանցեր են առաջարկում կարողանան պատվերներ ընդունել, որպեսզի գարնանային ծառատունկին պատրաստ լինեն»,-հավելել է Իգնատի Առաքելյանը:
 
 
ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության
 
և հասարակայնության հետ կապերի բաժին
 
 
 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play