Վարչապետ Կարեն Կարապետյանին հասկացնում են` Սևանա լիճը գազի խողովակ չէ...


Վարչապետ Կարեն Կարապետյանին հասկացնում են` Սևանա լիճը գազի խողովակ չէ...

  • 29-06-2017 21:00:49   | Հայաստան  |  Իրավունք

 
 
ՀՀ կառավարության 2017թ. հունիսի 23-ի թիվ 688– Ա որոշմամբ, ինչպես արդեն հայտնի է, առաջարկվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահին` 2017 թվականի հուլիսի 4-ին, ժամը 10:00-ին գումարել ՀՀ Ազգային ժողովի արտահերթ նիստ` հետևյալ օրակարգով` «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին»: Լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծով նախատեսվում է 2017թ. Սևանա լճից բաց թողնվող ջրի 170 մլն խմ ծավալն ավելացնել լրացուցիչ 100 մլն խմ-ով, ինչը, ըստ բնապահպանների ու մասնագետների, խիստ վտանգավոր է ու միանշանակ անթույլատրելի:
Վերոնշյալի կապակցությամբ մեզ հետաքրքրեց նաև ջրային կառավարման ոլորտի մասնագետ, անկախ փորձագետ Լուսինե Թասլակյանի կարծիքը:
«Ոչ մի դեպքում ես չեմ կարող կողմնակից լինել ջրի մակարդակի իջեցմանը, այդ ավելի քան 3 մետրի բարձրացումը, որ մենք տեսել ենք վերջին տարիներին, կարող եմ ասել, որ ուղղակի հաջողակ ենք եղել, մեր բախտը բերել է, մեծ մասամբ բնության, կլիմայական պայմանների շնորհիվ է, ոչ թե ինչ-որ կառավարական ջանքերի,- ասաց Լուսինե Թասլակյանը:- Պարզապես բնությունը մեր հանդեպ բարյացակամ է գտնվել, տեղումներ շատ ենք ունեցել, թեկուզ ձմռանը մրսել ենք, ձյունը շատ է եղել, բայց դա օգնել է Սևանին, որ շարունակվի մակարդակի բարձրացումը:
Եթե մենք 2001 թվականից «Սևանա լճի մասին» օրենքով ընդունեցինք, որ լճի մակարդակը պետք է բարձրացվի 6 մետրով, դա հենց այնպես ընտրված թիվ չէ, գիտականորեն հիմնավորված է, ոչ ոք այդ թիվը չի հնարել: Գիտնականների, մասնագետների թիմ է աշխատել, հաշվարկներ են արվել, մաթեմատիկական մոդելավորում է արվել, լուսահոգի Ռաֆայել Հովհաննիսյանը` իմ առաջին ուսուցիչը հիդրոէկոլոգիայի ոլորտում, երբ ես 20 տարի առաջ սկսեցի աշխատել գիտությունների ազգային ակադեմիայի հիդրոէկոլոգիայի ու ձկնաբանության ինստիտուտում, այդ ամբողջ աշխատանքը կազմակերպել էր, Ազգային ժողովի փորձագետների հետ ինստիտուտի գիտաշխատողներն են աշխատել այդ օրենքի մշակման վրա: Այսինքն` այդ 6 մետրը պատահական ընտրված թիվ չէ, և մենք պետք է հետևողական լինենք, որ հասնենք այդ 6 մետրին, որովհետև դա այն նվազագույն մակարդակն է, որի դեպքում լճի էկոլոգիական հավասարակշռությունը կվերականգնվի:
Հիմնավորումները, որոնք հիմա ներկայացվում են Սևանա լճից լրացուցիչ 100 մլն խորանարդ մետր ջուր բաց թողնելու վերաբերյալ, ինձ, որպես մասնագետի, չեն բավարարում: Ես կառավարության խնդրո առարկա որոշման հիմք չեմ տեսնում: Ասում են, թե անցած ժամանակաընթացքը սակավաջուր է եղել, բայց մենք անզեն աչքով տեսել ենք որքան տեղումներ են եղել, ինչպե՞ս կարելի է ասել, թե սակավաջուր տարի է եղել, տեղումները քիչ են եղել, չոր է և այլ բաներ: Մամուլում կարդացի նաև, որ իմ գործընկերներից գնացել, ջրամբարները տեսել, նկարել են, ջրամբարներում լցվածություն կա, այնպես չէ, որ չեն լցվել, խնդիր է: Ի վերջո, եթե մենք ունենք այլ խնդիրներ ոռոգման համակարգում, ոռոգման ցանցն է մաշված, եկեք այդ խնդիրների վրա աշխատենք, այդ վարկային միջոցներն արդյունավետ ծախսենք, ոչ թե փոխարենը նորից ու նորից դիմենք Սևանա լճից հավելյալ ջուր բաց թողնելու համար»:
Սևանից 270 միլիոն խորանարդ մետր ջուր բաց թողնելը ու լճի մակարդակի իջեցումը, մասնագետի հավաստմամբ, նորից է խաթարելու լճի էկոլոգիական վիճակը: Եթե մենք մի փոքր բարելավում ենք այս պահին տեսնում լճում, պետք չէ նորից խփել, հարվածել, լիճը հազիվ ուզում է արթնանալ, նրանից այդ ծավալի ջուր բաց թողնելով, մենք Սևանը նորից տանում ենք ճահճացման:
«Չեմ ուզում,- շարունակեց Լուսինե Թասլակյանը,- բարդ, գիտական տերմիններ օգտագործել, բայց երևի բոլորն էլ անցած տարիների ընթացքում կարդացին «էվտրոֆացում» բառը, իմացան, որ այն նշանակում է կապտականաչ ջրիմուռների ծաղկում, եթե այդ օրենքն ընդունվի, լիճը կծաղկի նորից:
Հիմա մենք Սևանա լիճ լցվող կոյուղաջրերի, կեղտաջրերի մաքրման համար ոչ մի կենսաբանական կայան չունենք, այն, ինչ կառուցվել է վարկային ծրագրերով, մեխանիկական մաքրման կայաններ են: Լճի մոտ գտնվող ոլոր համայնքների` քաղաքների ու գյուղերի կոյուղաջրերը շարունակվում են լցվել լիճ, այնտեղ կա նաև գյուղատնտեսական ծանրաբեռնվածություն, բոլորս էլ գիտենք, որ Գեղարքունիքի մարզում ակտիվ անասնաբուծությամբ են զբաղվում, էլ չեմ խոսում ձկնաբուծության խնդիրների մասին: Այսինքն` այդ տարրերի հոսքը դեպի լիճ չի կրճատվել, մաքրում չենք իրականացնում, շարունակում ենք աղտոտել: Այս առումով ջրի ծավալի մեծացումը, ջրի քանակի շատացումը գոնե մի փոքր օգնում է, որ լիճ լցվող կոյուղաջրերի, այդ ամբողջ օրգանական նյութի, կենսաաղբի խտությունը լճում նոսրանա: Եկեք մեջքով չշրջվենք մեր հանդեպ բնության լավ վերաբերմունքին:
Մենք սիրում ենք բողոքել, որ շատ վատ աշխարհաքաղաքական դիրք ունենք, վատ հարևաններ ունենք, ռեսուրսներ չունենք, գազ չունենք, նավթ չունենք: Բայց մենք ունենք ջրային պաշարներ, և այն, ինչ Աստված մեզ պարգևել է, հիմա մենք վտանգի տակ ենք դնում:
Հույս ունեմ ու կոչ եմ անում իմ այն ընկերներին, որոնք այսօր Ազգային ժողովում են, չընդունել այդ օրենքը: Բնապահպանության նախարարությունն իր բացասական կարծիքը բազմիցս ներկայացրել է, ես իրենց հետ զրուցել եմ, տեղյակ եմ, մամուլում էլ այդ մասին կա: Այսինքն` եթե նախարարությունը դեմ է, հանրությունը դեմ է, լճից լրացուցիչ 100 միլիոն խորանարդ մետր ջուր բաց թողնելու հիմնավորումները թույլ են, ինչպե՞ս են ուզում ընդունել այդ օրենքի նախագիծը: Հույսս մնում է այն, որ Ազգային ժողովը չի ընդունի տվյալ օրենքի նախագիծը, որովհետև վտանգում ենք, մեր սերունդներին զրկում ենք մաքուր լճից, շատ մոտ ապագայում դրա փոխարեն կարող ենք ունենալ ճահճացած Սևան: Չմոռանանք, որ Սևանա լիճը խմելու ջրի շատ լուրջ, ռազմավարական նշանակության պաշար է ոչ միայն Հայաստանի, այլև ողջ տարածաշրջանի համար»:
Հիշենք, որ օրենքի նախագծի առնչությամբ ՀՀ բնապահպանության նախարարության առարկության մեջ նշված է. «Նույնիսկ լճի ներկայիս մակարդակի հետագա պահպանումը կրկին հարցականի տակ կդնի հատակում ձևավորվող պաշտպանական շերտի՝ հիպոլիմնիոնի գոյությունը, վերջինիս արդյունքում կակտիվանան ներջրամբարային պրոցեսները, և կենսածին տարրերը տիղմից կանցնեն ջրային միջավայր՝ նպաստելով լճի էվտրոֆիկացման գործընթացին: Կլիմայի փոփոխման պայմաններում, Հայհիդրոօդերևութաբանական ծառայության տվյալների համաձայն, եթե Սևանա լճի ջրի ջերմաստիճանը 1 աստիճանով բարձրանա, սպասվում է շուրջ 70մլն մ3 ջրի կորուստ գոլորշիացման հետևանքով, իսկ տեղումների կրճատման դեպքում՝ ևս 36 մլն մ3: Մակարդակի իջեցման հետևանքով լճի ծավալի փոքրացումը միայն կմեծացնի ջերմաստիաճանային ռեժիմի խախտումը: 
Համաձայն նախագծի, Սևանա լճից ևս 100 մլն մ3 ջրաքանակ բաց թողնելու դեպքում լճի մակարդակը կիջնի ևս 8սմ-ով՝ արդյունքում խախտելով «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» ՀՀ օրենքով սահմանված տարեկան ջրային դրական հաշվեկշռի սահմանաչափը: Մինչդեռ, Սևանա լճի էկոհամակարգի ոչ կայուն էկոլոգիական վիճակից ելնելով, անհրաժեշտ է ապահովել «Սևանա լճի մասին» ՀՀ օրենքով սահմանված տարեկան ջրային դրական հաշվեկշիռը»: 
«Մոռացել են, որ Սևանա լիճը հատուկ պահպանվող տարածք է, որը գտնվում է հենց հենց բնապահպանության նախարարության պատասխանատվության ու խնամատարության տակ, այդ նախարարությունն է պատասխանատվություն կրում այդ լճի ոչ միայն մակարդակի, այլև, ընդհանրապես, էկոհամակարգի պահպանման համար,- ասաց «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ի նախագահ, կենսաբանական գիտությունների թեկնածու, էկոլոգիական և սոցիալական խնդիրների վերաբերյալ բազմաթիվ հրապարակումների և վավերագրական ֆիլմերի հեղինակ, «Թրանսփարենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի անդամ Ինգա Զարաֆյանը:- Փաստորեն մերժելով նախարարությանը, կառավարությունը չթողեց, որ այս գերատեսչության, որը պաշտոնապես պատասխանատվություն է կրում, եզրակացությունը մտնի այդ նախագծի մեջ, սա նոնսենս է, ես առաջին անգամ եմ տեսնում այդպիսի բան:
Լուսինե Թասլակյանն անդրադառնալով Սևանա լճից ոռոգման նպատակով վերցվող ջրի ահռելի կորուստների խայտառակ ու հանցավոր իրողությանը ու նշելով, որ դրանք հասնում են մինչև 70-85 տոկոսի, ասաց.
«Մեծ Բրիտանիայի Օքսֆորդի համալսարանում ջրային ռեսուրսների կառավարում ուսանելիս, երբ մենք անդրադարձանք այդ թեմային` ջրային համակարգերին, բազմափորձ դասախոսը խնդրեց տարբեր երկրներից օրինակներ բերել, ինքն իր երկրի օրինակը բերեց, և երբ ես ասացի մեզ մոտ ջրամատակարարման համակարգում 70, 80, 85 տոկոս կորուստների մասին, բոլորն ապշահար ինձ էին նայում, հարցրեցին` իսկ այդտեղ ոռոգման ցանց ընդհանրապես կա՞, գոյություն ունի՞, այսինքն` ջրակորուստները Հայաստանում անհեթեթության աստիճանի են հասնում, երբ աղբյուրից վերցված ջրի 20 տոկոսն է տեղ հասցվում»:
Եթե Սևանա լճից ոռոգման նպատակով բաց թողնվող ջրի կորուստը նույնիսկ ոչ թե 85 կամ 70, այլ 45-50 տոկոս է, ապա, միևնույն է, լուրջ կասկածներ են առաջանում, որ ջրօգտագործողների ընկերությունների մեծամասնությունը ջրի ձախ վաճառք է իրականացնում և այն ձևակերպում-ներկայացնում իբրև ջրի տեխնիկական կորուստ: Սա մի խնդիր է, որով պետք է զբաղվեն ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունը և Վերահսկիչ պալատը, բայց բոլորովին այլ հարց է` կզբաղվե՞ն, թե ոչ… Մինչև ողնուծուծը կոռումպացված երկրում լավատեսական ակնկալություններ չենք կարող ունենալ:
«Տասնամյակներ շարունակ ու մանրակրկտորեն այդ լիճն ուսումնասիրվում է, եթե գիտնականներն ասում են, որ Սևանա լճի մակարդակի նույնիսկ 1 սանտիմետր նվազումը վտանգում է լճի հավասարակշռությունը, կարծում եմ, այստեղ, ընդհանրապես, քննարկելու բան էլ չկա,- ասաց Լուսինե Թասլակյանը:- Այդ մարդիկ ամեն օր լճում են, անընդհատ մոնիտորինգ են իրականացնում և՛ քիմիական, և՛ կենսաբանական վիճակի, եթե գիտնականներն էլ են դեմ, էլ ի՞նչ կա այստեղ քննարկելու: Մեր երկրի շատ խնդիրներ, կարծում եմ, հեն այնտեղից են գալիս, որ այս կամ այն ոլորտում քաղաքականություն մշակելիս, գիտական կարծիքը հաշվի չի առնվում, այդ դեպքում գիտությունն ինչի՞ համար է, գիտությունը հո ինքնանպատակ չէ՞, երկրի բարօրությանը պետք է ծառայեն գիտության արդյունքները: Եվ եթե գիտական կարծիքն արտահայտվել է, պետք է այն լսել, հաշվի առնել»:
Անկախ փորձագետի տեղեկացմամբ, կոյուղաջրերով և այլ կերպ լիճ լցվող օրգանական նյութի քայքայման հետևանքով ազոտ ու ֆոսֆոր են առաջանում, բայց դրանք հենց այն տարրերն են, որոնք նպաստում են կապտականաչ ջրիմուռների զարգացմանն ու ծաղկմանը, ինչը հանգեցնում է լճի ճահճացմանը, այսինքն` չի կարելի ամեն անգամ ասել` դե լավ, ոչինչ, լիճն այս էլ կտանի, այս էլ կտանի… Մինչև ե՞րբ…
«Իմ կարծիքով, չի կարելի լճին վերաբերվել որպես ընդամենը մի ռեսուրս, այն գազի խողովակ չէ, որ երբ ուզես փակես, երբ ուզես բացես… Դա անհետևանք չի կարող մնալ, Սևանա լիճը կենդանի օրգանիզմ է, եթե ջրի ծավալը, մակարդակն ավելանում, պակասում են, քիմիական բաղադրությունը, ջերմաստիճանային ու թթվածնային ռեժիմներն են փոխվում, ախր մասնագիտական, նեղ մասնագիտական բաներից եթե կհասկանան, նստենք խոսենք, Ազգային ժողովում էլ մանրակրկտորեն հիդրոկենսաբանության դասեր անցկացնենք, եթե դա կօգնի»:
Ինգա Զարաֆյանը հիշեցրեց, որ Սևանա լիճը մեզ համար ոչ միայն ազգային արժեք է, այլև ազգային սրբություն, և շատ մարդիկ չեն կարողանում հասկանում, թե ինչպես կարելի այդպես վարվել այդ ազգային սրբության հետ:
«Հունիսի 27-ի տվյալներով, լճից արդեն 80 միլիոն խորանարդ մետր ջուր է հանվել»,- ասաց «ԷկոԼուր» ՀԿ-ի նախագահը և հավելեց, որ Սևանա լճից հավելյալ 100 մլն խմ ջուր բաց թողնելու առնչությամբ ՀՀ կառավարության կողմից ԱԺ-ին առաջարկված օրենքի նախագիծն իրականում հիմնավորված չէ:
Ինգա Զարաֆյանի հավաստմամբ, նույնիսկ երբ նշվում է ջրամբարների թերի լցվածության մասին` որպես հիմնավորում Սևանա լճից հավելյալ ջրառի անհրաժեշտության, պաշտոնական փաստաթղթում հիշատակվող թերի լցվածության առնչությամբ թվեր չեն ներկայացված: Նկատենք, որ սա ոչ միայն անհեթեթություն է, այյլև Սևանա լճի նկատմամբ կառավարության հանցավոր քաղաքականության մասին հուշող փաստ: Եթե նույնիսկ Արարատյան դաշտը ոռոգող կամ համապատասխան ջրամբարների թերի լցվածության խնդիր կա, ապա անպայման պետք է պարզել այդ վիճակի պատասխանատուներին, մասնավորապես` լուրջ կասկածներ կան, որ այդ ջրամբարներից ջուրը մինչև ամառ, առանց անհրաժեշտության, մեծ ծավալներով է բաց թողնվել:
Ըստ «ԷկոԼուր»-ի նախագահի, ներկայացված «հիմնավորումներին» ծանոթանալիս, տպավորությունն այն է, որ վերևից հրաման է եղել ինչ-որ հիմնավորումներ ներկայացնել, և առանձին-առանձին մարդիկ ինչ մտածել են այդ պահին, այդպես էլ գրել են:
«Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահի ելույթը հենց դրա մասին է խոսում,- ասաց Ինգա Զարաֆյանը:- Փաստորեն, ստացվում է, որ կոմիտեի նախագահը չգիտի «Սևանա լճի մասին» օրենքի հիմնական դրույթը` այն, որ Սևանա լճի մակարդակը պետք է բարձրացվի 6 մետրով: Մենք, առաջին հերթին, պահանջում ենք, որ Ազգային ժողովի հուլիսի 4-ի նիստին այդ հարցը չքննարկվի, հրավիրեն հասարակական մեծ լսումներ, որովհետև Սևանա լիճը խաղալիք չէ, ո՞վ թույլ տվեց անընդհատ իջեցնել- բարձրացնել, այդպիսի խաղեր խաղալ այդ մեծ էկոհամակարգի հետ: Մենք պահանջում ենք անպայման հասարակական լսումներ հենց Ազգային ժողովում, հիմա մեծ թվով փորձագետներ են աշխատում հիմնավորումների վրա, և պատրաստ ենք ամեն մի հիմնավորում բերել, որպեսզի ապացուցենք, որ այդ օրենքի նախագծի ընդունումը վտանգավոր է, և Ազգային ժողովը պետք է մերժի այն: Մենք` «S.O.S. Սևան» նախաձեռնության անունից տասնյակ հասարակական կազմակերպություններ, իհարկե, դիմել ենք նաև երկրի նախագահին, քանի որ նա հայտարարել է, որ ինքը Սևանա լճի շահերի պաշտպանության երաշխավորն է… Մենք հույս ունենք, որ նախագահն իր խոսքը կասի որպես Սևանա լճի երաշխավոր»:
«ԷկոԼուր»-ի ղեկավարը տեղեկացրեց նաև, որ Գեղարքունիքի մարզի բնակչությունը, հասարակական տարբեր կազմակերպություններ այս հարցում շատ ակտիվ են և, իր վերջին տեղեկատվության համաձայն, նրանք պատրաստվում են բողոքի միջոցառման:
Խնդրո առարկա օրենքի նախագիծն ընդունել-չընդունելը լրջագույն փորձություն է լինելու իր գործունեությունը դեռ նոր-նոր սկսած Ազգային ժողովը հեղինակության համար: Դրանով մենք կիմանանք` Ազգային ժողովն ինքնուրույն մարմի՞ն է, ՀՀ Սահմանադրությամբ սահմանված իր բարձրագույն դերին ու կոչմանը համապատասխանող, թե կառավարության կցորդն է, նրա կամքը կուրորեն կատարող խամաճիկ մի մարմին:
 
Արթուր Հովհաննիսյան
 
Նոյյան տապան  -   Իրավունք