Հայ ժողովուրդը պետք է արթնանա և պայքարի օր օրի տարածվող այլասերվածության դեմ. հասարակական և հոգևոր գործիչների կոչը (տեսանյութ)


Հայ ժողովուրդը պետք է արթնանա և պայքարի օր օրի տարածվող այլասերվածության դեմ. հասարակական և հոգևոր գործիչների կոչը (տեսանյութ)

  • 30-06-2017 15:11:30   | Հայաստան  |  Հասարակություն



 
Վերջին տարիներին հայ ժողովուրդը հեռացել է Աստծուց և եկեղեցուց, արդյունքում վտանգված է ազգապահպանության հիմքը համարվող հայկական ընտանիքի բարոյականությունը: Մի շարք հասարակական և հոգևոր գործիչներ կոչ են անում հասարակությանն արթնանալ և պայքարել օր օրի տարածվող այլասերվածության դեմ: 
Ինչպես հունիսի 30-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց հասարակական գործիչ Խաչիկ Ստամբոլցյանը, այլասերվածության տարածման հիմքը դրվել է 1990 թվականին սկսված ղարաբաղյան շարժման տարիներին  և դրանից հետո, երբ շատ եվրոպական կազմակերպություններ օգնություն ցուցաբերելու նպատակով մուտք են գործել Հայաստան և դրան զուգահեռ այստեղ աշխատել են մի շարք օրենքների ու նորմերի ընդունման ուղղությամբ: 
«Այդ տարիներին մեր պետության կողմից առանց հասկանլու բազմաթիվ փաստաթղթեր ստորագրվեցին, որոնք այսօր ստիպողաբար հրամցվում են  հայ ժողովրդին. Առաջին անգամ նման մի պարտադրանք կիրառվեց պատերազմի տարիներին, երբ միջազգային նորմերով մեզ պարտադրեցին հացի և դեղորայքի արժեքներն ազատականացնել: Այդ ժամանակ մենք փորձեցին Եվրոպական միության հետ բանակցել, բայց նրանք շատ կտրուկ պատասխանեցին. «Կանեք, կօգնենք, չեք անի, չենք օգնի»»,- հիշեցրեց նա` հավելելով, որ միջազգային ուժերի ազդեցությանը ենթարկվելու նմանատիպ հարյուրավոր օրինականեր կան: 
Խ. Ստամբոլցյանի խոսքերով` այսօր օրհասական խնդիր է անչափահասների շրջանում այլասերվածության քարոզչությունն արգելող օրենքի ընդունումը, քանի որ մարդու իրավունքների, կրոնական և սեռական ազատությունների վերաբերյալ մի շարք նորմերով փորձ է արվում քայքայել հայկական ընտանիքը և ազգային արժեհամակարգը: 
Ըստ նրա` որոշ եվրոպական կազմակերպություններ Հայաստան են ներմուծել ընտանեկան բռնություն հասկացությունը, որպեսզի կարողանան սոցիալական աշխատողի միջոցով երեխային օտարել ընտանիքից և նրանց հետ վարվել այնպես, ինչպես կամենում են:  
«Այսօր Հայաստանում Արդարադատության նախարարությունը մշակում է օրենք խղճի ազատության մասին, որը բացարձակապես լկտիություն է»,- ընդգծեց բանախոսը։
Այն դիտարկմանը, թե ինչո՞ւ են, այնուամենայնիվ, իշխանությունները ենթարկվում միջազգային ուժերի ազդեցությանը և հարկադրված գնում ազգադավ օրենքների ընդունմանը, Խ. Ստամբոլցյանը փաստեց, որ նրանք այդ քայլին գնում են օֆշորային գոտիներում ունեցած հարստությունը պահպանելու համար: 
Իր հերթին Ջրվեժի Սուրբ Կաթողիկե եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Կյուրեղ քահանա Տալյանի կարծիքով` տարածվող այլասերվածությունը պատերազմ է մարդկության դեմ և հատկապես հայ տեսակի:
«Մեր ժողովրդի գոյությունը մեծապես պայմանավորված է ընտանիքի ինստիտուտի ամուր լինելով. Մենք մեզ պետք է հարց տանք, թե ո՞վ ենք մենք, եթե մենք մեզ քրիստոնյա ենք համարում, ապա պետք է առաջնորդվենք Հայ առաքելական եկեղեցու Սուրբ գրքի պատվիրաններով, մինչդեռ այսօր հասարակությունը սահմանափակվում է եկեղեցում միայն մոմ վառելով»,- նշեց նա` շեշտելով, որ Արարչին պաշտելու փոխարեն սկիզբ դրվեց մարդապաշտության կրոնին` «Մարդու իրավունքներ» անվան տակ քողարկված: 
Բանախոսները ստեղծված իրավիճակից դուրս գալու և այլասերվածության դեմ պայքարելու ճանապարհ են համարում ինչպես համապատասխան օրենքի ընդունումը, այնպես էլ հասարակության միասնական և համաժողովրդական պայքարը: 
 
 
 
 
Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան» 
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play