Փաստաբան Արա Ղարագյոզյանի հայտարարությունh՝ իր նկատմամբ կարգապական վարույթի վերաբերյալ


Փաստաբան Արա Ղարագյոզյանի հայտարարությունh՝ իր նկատմամբ կարգապական վարույթի վերաբերյալ

  • 30-06-2017 14:34:11   | Հայաստան  |  Իրավունք

Արա Ղարագյոզյանի հայտարարությունը.
 
Հայտարարություն իմ նկատմամբ կարգապական վարույթի վերաբերյալ։
 
«Սասնա ծռեր»-ի գործով նախօրեին ՀՀ Երևան քաղաքի Ավան և Նոր- Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում տեղի ունեցածից հետո իմ՝ փաստաբան Արա Ղարագյոզյանիս կողմից արված հայտարարությունների առնչությամբ գործով նախագահող դատավոր Արտուշ Գաբրիելյանը դիմել է ՀՀ փաստաբանների պալատ՝ իմ նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու հարցով: 
Դատարանի՝ ՀՀ փաստաբանների պալատ ներկայացրած դիմումի հիմքում դրվել է այն փաստարկը, որ ես սույն թվականի հունիսի 28-ին մամուլին արված հայտարարությամբ նշել եմ, որ նամակը, որն իմ պաշտպանյալ Արեգ Կյուրեղյանը փորձել է ինձ հանձնել, փաստաբանական գաղտնիք է պարունակել:
​Հարկ եմ համարում պարզաբանել դատավարության ընթացքում տեղի ունեցածը: 
Արեգ Կյուրեղյանը դատական նիստից առաջ խնդրեց ինձ վերցնել ծալած նամակը և զգուշացրեց, որ այն փաստաբանական գաղտնիք է պարունակում: Ես վերցրեցի նամակը, սակայն ոստիկանը նամակը խլեց իմ ձեռքից: 
Ես չէի կարող գուշակել, թե նամակի բովանդակությունը պարունակո՞ւմ էր փաստաբանական գաղտնիք, թե ոչ: Սակայն ես որևէ պատճառ և իրավունք չունեի և չունեմ չվստահելու իմ պաշտպանյալին, այդ իսկ պատճառով լրատվամիջոցներին տված հարցազրույցում նշել եմ, որ Արեգ Կյուրեղյանն ինձ փոխանցել է փաստաբանական գաղտնիք պարունակող նամակ:
Նամակն իմ ներկայությամբ չի բացվել, հետևապես ես չէի կարող նամակի բովանդակությունն այլ կերպ որակել: 
Ինչպես հայտնի է, նամակի բովանդակությունը հրապարակվել է միայն այսօր, ինչը վկայում է, որ ինձ միայն հրապարակման միջոցով է հասանելի դարձել Արեգ Կյուրեղյանի՝ ինձ ուղղված նամակի բովանդակությունը։
Սակայն ես հիմնավոր կասկածներ ունեմ, որ հրապարակված նամակի բովանդակությունն ամբողջովին կամ մասնակիորեն ենթարկվել է այլափոխման, քանի որ նամակն իմ ներկայությամբ չի բացվել և դատական նիստերի դահլիճում չի հրապարակվել:
Իսկ ինչ վերաբերում է ՀՀ Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ա. Գաբրիելյանի՝ ՀՀ փաստաբանների պալատի նախագահին ուղղված դիմումում նշված «… ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության ուղեկցող գումարտակի ծառայողները կանխել են ամբաստանյալների կողմից փաստաբան Ա. Ղարագյոզյանի միջոցով միմյանց ձեռագիր գրառումներով թուղթ փոխանցելու փորձը» մտքին, ապա հայտնում եմ, որ ես չեմ հանդիսանում սուրհանդակ, իսկ դատավորի հիշյալ վարկածն ընդամենն անհեթեթ, մտացածին և, վստահ եմ, ակնհայտորեն ուղղված է ինձ՝ սույն քրեական գործից հեռացնելուն:
Բոլորիս քաջ հայտնի է, որ սույն քրեական գործը վայելում է հանրային հնչեղություն, և սա դատավորի համար լավագույն հնարավորությունն է ինձ ստվերել հանրության աչքերում:
Բացի այդ, ես պատրաստվում եմ վաղը երկու դիմում ներկայացնել, մեկը՝ դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարցուցելու վերաբերյալ, իսկ մյուսը՝ ոստիկանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու վերաբերյալ։
 
 
 
Նոյյան տապան  -   Իրավունք