Թալիշը նորից շենանալու է. համայնքի ղեկավար (տեսանյութ)


Թալիշը նորից շենանալու է. համայնքի ղեկավար (տեսանյութ)

  • 03-07-2017 17:03:37   | Արցախ (ԼՂՀ)  |  Ի՞նչ է գրում մամուլը



Թալիշ գյուղը, որը Հյուսիսային Արցախի ամենամեծ գյուղերից է,  իր պատմության ընթացքում մի քանի անգամ ավերվել է, սակայն ամեն անգամ վերականգնվել նվիրյալ թալիշցիների կողմից: Ապրիլյան պատերազմը մեկ անգամ ևս ավերեց գյուղը, բայց այս դեպքերից հետո էլ գյուղի պատմությունը չավարտվեց...
 
Թալիշ գյուղն ընկած է Արցախի Մարտակերտի շրջանի հյուսիսային սահմանագծում, շրջկենտրոնից 25 կմ հյուսիս, Մռավ լեռան արևելյան հատվածի հարավային լանջին, Թարթառ գետի ձախ կողմում, անտառապատ սարալանջի վրա, հին Հոռեկ գյուղի ավերակների մոտ:
 
Գյուղում այսօր անսովոր լռություն է, որը երբեմն ընդհատվում է շինհրապարակից եկող ձայներով: Թալիշը վերակառուցվում է…
Ապրիլյան պատերազմից հետո, երբ Թալիշը դարձավ թշնամու կրակահերթերի ու վայրագությունների թիրախ, Մարտակերտի շրջանի Ալաշան առողջարանային գյուղում սկսվեց թալիշեցիների բնակեցման գործընթացը: Մինչ ապրիլյան պատերազմը Թալիշում ապրել է 150 ընտանիք՝ 500 բնակչով, ևս 67 ժամանակավոր բնակիչ, այդ թվում՝ ուսուցիչներ, զինծառայողներ, անասնապահներ, ապրել են գյուղում: Այսօր Ալաշանում կա 37 ընտանիք՝ շուրջ 140 բնակչով: Թալիշցիներն Ալաշանում զբաղվում են հողագործությամբ, ապրում են առօրյա հոգսերով ու երազում տուն վերադառնալու մասին:
 
Երևանից՝ Թալիշ, Թալիշից՝ Մատաղիս-Ալաշան
Թալիշի համայնքի ղեկավար Վիլեն Պետրոսյանը պատմում է գյուղի պատմության, ապրիլյան մարտական գործողությունների ժամանակ տեղի ունեցած իրադարձությունների ու այսօր իրականացվելիք աշխատանքների մասին: Գյուղապետն ամբողջ պատմությունն անում է Ալաշանից դեպի Մատաղիս ճանապարհին:
Վիլեն Պետրոսյանի խոսքով, Արցախյան պատերազմի ժամանակ՝ 1992-1994 թթ-ին Թալիշը գտնվել է թշնամու տիրապետության տակ, սակայն 1994 թվականի ապրիլի 14-ին գյուղն ազատագրվել է: Թալիշը լիովին ավերված էր, չկար ոչ մի կանգուն տուն, բայց թալիշցիները վերադարձան հայրենի գյուղ և սկսեցին վերականգնել իրենց ավերված օջախները. գյուղը վերակառուցվեց, վերաբնակեցվեց ու շենացավ:
«Մինչև 2016թ-ի ապրիլի 1-ը Թալիշում հսկայական աշխատանք է կատարվել: Եթե գնահատելու լինեինք Թալիշը որպես գյուղ կամ համայնք, ես այն կգնահատեի որպես շրջանի ամենակայացած, ամենաբարեկեցիկ պայմաններ ունեցող, ամենահամերաշխ համայնքներից մեկը»,- ասում է գյուղապետը:
Հետո պատմում է 2016 թվականի ապրիլի 2-ին Թալիշում տեղի ունեցած իրադարձությունների, ադրբեջանցիների վայրագրությունների, բնակչության տեղահանման մասին:
 
«Երբեք չէինք մտածում, որ ռազմական գործողությունները տեղի կունենան անմիջապես գյուղում: Մենք մտածում էինք, որ եթե դիրքերում տեղի ունենային այդ գործողությունները, կհասցնեինք բնակիչներին տարհանել գյուղից, բայց պատերազմը սկսվեց գյուղում, հետո՝ դիրքերում»,- նշում է Վիլեն Պետրոսյանը:
Չնայած Թալիշն ապրիլյան պատերազմի օրերին ամենաշատ նյութական կորուստներն ունեցավ, գյուղը դատարկվեց ու ավերվեց, բայց այսօր այնտեղ արդեն կառուցապատման աշխատանքներ են ընթանում: Արցախի իշխանությունների թիվ մեկ խնդիրը Թալիշի վերականգնումն է, կառուցվում են գյուղապետարանի և հանդիսությունների շենքերը, շուտով կսկսվեն նոր դպրոցի, մանկապարտեզի կառուցման աշխատանքները: Բացի այդ, նախատեսվում են ինչպես հին տների վերանորոգման, այնպես էլ՝ նորակառույցների շինարարական աշխատանքներ: Մասնավորապես, շուտով կսկսվեն երեք տների կառուցման աշխատանքները:
«Արցախի Հանրապետության կառավարությունն ամեն ինչ անում է, որպեսզի օր առաջ հրետակոծությունից վնասված ենթակառուցվածքները վերականգնվեն»,- ասում է Վիլեն Պետրոսյանն ու հավելում, որ Արցախի հյուսիսային դարպաս համարվող Թալիշը նորից շենանալու է ու միշտ կանգուն է մնալու:
 
Մանրամասները՝ տեսանյութում:
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play