Բակո Սահակյանը դեռ ունի հարվածը կանխելու հնարավորություն


Բակո Սահակյանը դեռ ունի հարվածը կանխելու հնարավորություն

  • 03-07-2017 18:43:44   | Արցախ (ԼՂՀ)  |  Վերլուծություն

Արցախի կուսակցությունները մինչեւ 2020 թվական անցումային փուլի նախագահի պաշտոնի համար առաջադրում են Բակո Սահակյանի թեկնածությունը:
 
Սահակյանը գործող նախագահն է, որի պաշտոնավարման ժամկետը ավարտվում էր 2017-ին: Բայց նա փաստորեն կմնա երրորդ ժամկետի: Պարզապես այս անգամ նրան կընտրի խորհրդարանը՝ անցումային փուլի առանձնահատկությունից ելնելով:
Արցախն անցումային փուլում է, որովհետեւ ապրիլի պատերազմից հետո փոխվեց Սահմանադրությունը եւ որոշվեց, որ պետք է լինի ուժեղ նախագահական կառավարում: Մինչ այդ՝ մինչեւ պատերազմը, խոսվում էր Հայաստանի օրինակով խորհրդարանական կառավարման անցնելու մասին: Ինչ փոխեց, կամ ինչու փոխեց որոշումը պատերազմը, դժվար է ասել: Գուցե պատերազմը որոշումը փոխելու առիթ էր, ոչ թե պատճառ:
Համենայն դեպս, Արցախում իշխանության խնդիրը բավական թեժ դրսեւորում ունեցավ դեռեւս 2015 թվականի խորհրդարանի ընտրությունից հետո, երբ մի քանի օր շարունակ թեժ քննարկվում էր խորհրդարանում տեղերի դասավորությունը: Ընտրության արդյունքով մեծամասնությունը ստացել էր ներկայիս վարչապետ Արայիկ Հարությունյանի Ազատ Հայրենիք կուսակցությունը, երկրորդ եւ երրորդ տեղերում էին ՀՅԴ-ն եւ Արցախի ժողովրդավարական կուսակցությունը, որը ղեկավարում է ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, որի այսպես ասած ավելի բարձր տանիք սակայն դիտվում էր Արցախի նախկին նախագահ, ներկայում ՀՀ նախագահի հատուկ հանձնարարությունների գծով դեսպան Արկադի Ղուկասյանը:
Ի դեպ, ուշագրավն այն էր, որ Արցախի խորհրդարանի ընտրությունից մի քանի օր հետո Ստեփանակերտում էին թե Ղուկասյանը, թե Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ իհարկե հաղթանակի տոնի առիթով, սակայն մամուլում եղան տեղեկություններ, որ նրանք քննարկել են խորհրդարանի ընտրությունից հետո իշխանության բաժանման հարցում առաջացած խնդիրներն ու փորձել կարգավորել կոնֆլիկտը:
Այդ իմաստով չի բացառվում, որ ապրիլի պատերազմը դարձավ առիթ, որպեսզի Արցախում դրվի 2015 թվականին «կարգավորված» ուժերի հարաբերակցության վերանայման հարց: Հետաքրքիր է, այդ հարցը բարձրացրել է հենց Բակո՞ Սահակյանը, թե՞ հարցը բարձրացրել է Սերժ Սարգսյանը, որը գուցե դժգոհ է եղել 2015-ի մայիսի կարգավորումից, սակայն գնացել է փոխզիջման՝ տվյալ պահի քաղաքական անհրաժեշտությունից ելնելով եւ հաշվի առնելով Հայաստանում իր իշխանության խնդիրները:
Բոլոր դեպքերում, զուտ ներիշխանական կամ ներհամակարգային հարաբերություններ շոշափող այդ շերտերից բացի, Արցախի իշխանության եւ կառավարման մոդելի հարցն անկասկած ունի դրանցից ավելի վեր գտնվող քաղաքական շերտ, որտեղ պետության շահն է, թե ճանաչված՝ Հայաստանի, թե՞ չճանաչված՝ Արցախի, եթե դիտարկենք դե յուրե իրականությունը, քանի որ դե ֆակտո խոսքը մեկ միասնական միավորի մասին է:
Տվյալ պարագայում սակայն, եթե ինչ-ինչ նկատառումներից ելնելով Արցախը դիտարկվում է որպես անկախ պետական միավոր, շատ կարեւոր է դառնում այդ պետականության միջազգային վարկը, հատկապես երբ գործ ունենք հակառակ այնպիսի կողմի հետ, որը ժողովրդավարության, մարդու իրավունքի, այլ կերպ ասած քաղաքակրթական առումով բավական լուրջ հակասության մեջ է առաջատար ռազմա-քաղաքական բեւեռի՝ Արեւմուտքի հետ:
Դա Արցախի կռվաններից մեկն է, որը չպետք է կորցնել: Երբ Ալիեւն Ադրբեջանում իրեն նշանակում է ցմահ նախագահ, ապա դրանով անկասկած օգնում է նաեւ Արցախին: Երբ Ալիեւն իր տիկնոջը նշանակում է առաջին փոխնախագահ, ապա դրանով էլ նա զգալի ծառայություն է մատուցում Արցախին, ցույց տալով, թե ինչպիսին է ուժերի քաղաքակրթական հավասարակշռությունը, ինչպիսին է արդիականության հիմքը եւ որտեղով է անցնում միջազգային անվտանգության համակարգի կարեւոր սահմանը, որովհետեւ միջազգային անվտանգության համակարգը միայն ռազմական բաղադրիչը չէ, եւ ժողովրդավարությունն ու իշխանության փոփոխության սկզբունքը միջազգային անվտանգության համակարգի կարեւոր սկզբունքներից մեկն է:
Ի վերջո, հենց դրանով է նաեւ պայմանավորված ներկայում այսպես կոչված կարգավորման քաղաքական կամ ռազմա-քաղաքական գործընթացում Ադրբեջանի փակուղային վիճակը:
ԱԺ փոխանախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովն ասում է, օրինակ, որ Բակո Սահակյանի նախագահության շարունակությունը չի հակասում իրավական մեխանիզմներին: Կասկած չկա, որ այդպես է: Բայց, Ադրբեջանում էլ իրավական մեխանիզմները լիովին համահունչ են Ալիեւների հարատեւ իշխանությանը: Այնտեղ էլ Ալիեւը իշխում է ոչ թե օրենքի խախտումով, այլ իր համար գծված Սահմանադրությամբ:
Արցախում իրավիճակը դեռեւս հեռու է նույնական լինելուց, համեմատության եզր ունենալուց, բայց արդեն պարունակում է տագնապի միտում: Բակո Սահակյանն անկասկած ունի այդ ամենը ցրելու հնարավորություն, եթե հրաժարվի անցումային նախագահ լինելուց, կամ ծայրահեղ դեպքում հստակ հայտարարի, որ բացառվում է իր նախագահությունը 2020 թվականից հետո, եւ նոր Սահմանադրությունը չի դարձվի «իրավական հիմք» ասելու, որ նախորդ երկու ժամկետը նա պաշտոնավարել է հին Սահմանադրությամբ եւ ըստ այդմ անընդմեջ առաջադրվելու արգելքը չեղարկվում է:
Էդուարդ Շարմազանովը բերում է իհարկե Ռուզվելտի օրինակը, որը ԱՄՆ նախագահի պաշտոնում առաջադրվել է չորս անգամ: Ընդ որում, դա ՀՀԿ-ականների համար նախընտրելի օրինակ է, քանի որ մի քանի ամիս առաջ էլ նույն օրինակը բերում էր ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը, իհարկե Սերժ Սարգսյանի քաղաքական հեռանկարի մասին ակնարկով:
Ռուզվելտի օրինակը ՀՀԿ համար անշուշտ գայթակղիչ է, եւ երբ սեղանին դրված է իշխանության հավերժացման խնդիր, մնացյալ կարեւոր նրբերանգները, որ տարբերում են պատմության բացառիկ այդ օրինակներից մեկը ներկայիս Հայաստանի եւ Արցախի իրավիճակից, ՀՀԿ համար մղվում են հետին պլան՝ առաջին պլանում իշխանությունն է եւ այն «արդարացնելու» անմնացորդ ձգտումը:
Խնդիրը տվյալ պարագայում սակայն անգամ Հայաստանի ու Արցախի ժողովրդավարական վարկն էլ չէ, եւ ոչ էլ Բակո Սահակյանի կամ որեւէ մեկի հայրենասիրությունը, անմնացորդ նվիրումը եւ այլն: Խնդիրը տվյալ պարագայում որեւէ մեկի «անփոխարինելիության» ավետումն է, որեւէ մեկի հետ պետականության նույնականացումը, որը նվաստացուցիչ է պետության եւ դրա կրող հասարակության համար: Առավել եւս՝ երկու տասնամյակ առաջ պատերազմ հաղթած պետության, որի հաղթանակի կարեւորագույն գրավականներից մեկը հենց այն էր, որ չկան անփոխարելիներ. անփոխարելի է միայն նպատակը՝ հայրենիքի ազատագրումն ու դրա վրա  արդիական պետականության ստեղծումը: Պետություն, որը կախված չէ որեւէ անձի մնալ-չմնալուց:
 
 
Նոյյան տապան  -   Վերլուծություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play