Կասկածներ կան, որ կառավարության այս քայլի իրական նպատակը Սևանա լճի ափերին օլիգարխների ղղյակները լճի մակարդակի բարձրացումից փրկելն է


Կասկածներ կան, որ կառավարության այս քայլի իրական նպատակը Սևանա լճի ափերին օլիգարխների ղղյակները լճի մակարդակի բարձրացումից փրկելն է

  • 03-07-2017 23:16:58   | Հայաստան  |  Հասարակություն

 
 
Վարչապետ Կարեն Կարապետյանի ղեկավարած կառավարությունը, ինչպես արդեն տեղեկացրել ենք, 2017թ. հունիսի 23-ին ընդունել է թիվ 688 – Ա որոշումը, որով առաջարկվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահին` վաղը` 2017 թվականի հուլիսի 4-ին, ժամը 10:00-ին գումարել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի արտահերթ նիստ` հետևյալ օրակարգով` «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին»: Նշված օրենքում լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքի նախագծով մասնավորապես նախատեսվում է Սևանա լճից 2017թ. ջրի բացթողման 170 մլն խորանարդ մետր չափաքանակը 100 մլն խմ-ով ավելացնել, այն դարձնելով մինչև 270 մլն խմ:
Կասկածներ կան, որ կառավարության այս քայլի իրական նպատակը Սևանա լճի ափերին գտնվող օլիգարխների և օլիգարխիկների հանգստի ու զվարճանքի օբյեկտները, ղղյակները և այլ կառույցներ լճի մակարդակի բարձրացումից փրկելն է:
Եվ, ահա, այդ ամենից զատ, զուտ պատահականորեն տեղեկացանք, որ, ըստ գործարար Վիկտոր Մնացականյանի, իրենք նախատեսում են կառուցել Հայաստանում առաջին առափնյակը` մոտ 20 մետր լայնությամբ և 1 կիլոմետր երկարությամբ, որը միանալու է նախագծվող, Սևանա լճի ափին կառուցվելիք «Սևան օլդ թաուն»-ին: Խոսք է գնում նաև մասնավոր-պետություն համագործակցության մասին:
Ինչպես այս կապակցությամբ անցած ամսվա սկզբին տեղեկացրել է Tert.am-ը, «Նախագծի մյուս բաղադրիչը «Սևան օլդ թաուն» զբոսաշրջային քաղաքի կառուցումն է: Համաձայն ծրագրի՝ նախագծվելու է քաղաք՝ ընդհանուր 6-15 հեկտարի վրա, որից բուն «Սևան օլդ թաունը» կկազմի 6 հա. նախագծվելու է հնաոճ՝ որպես մի քանի հարյուր տարվա «վիզուալ հնության» քաղաք: Այն պետք է կառուցված լինի հայկական ճարտարապետական լավագույն ավանդույթներով՝ զարդանախշերով ու լուծումներով, սակայն կլինեն նաև եվրոպական ճարտարապետական լուծումներ՝ «սպիտակ կամ բաց գույնի քարով ոճավորված հին շենքերի տեսքով»:
Հեղինակն ասում է, որ քաղաքում չեն լինելու մեքենաներ, այն բաղկացած է լինելու հիմնականում 2 կամ մինչև 3 հարկանի շենքերից, ունենալու է ադմինիստրացիա, որը կատարելու է քաղաքապետարանի գործառույթներ, քաղաքում լինելու են 20-ից ավելի ռեստորան-սրճարաններ, հրապարակներ, զվարճանքի վայրեր, հանդիսությունների սրահներ՝ հարսանիքների և տարբեր ընտանեկան միջոցառումների համար, կառույցներ՝ որտեղ հնարավոր կլինի գիտաժողովներ և այլ բիզնես հանդիպումներ անցկացնել, spa կենտրոններ, թանգարան, բուժկետ»:
Վերոնշյալ  տեղեկատվությունից ու հրապարակված լուսանկարներից ենթադրելի չէ՞, որ գործարար Վիկտոր Մնացականյանին, ինչպես նաև ՀՀ իշխանության առանձին ներկայացուցիչների, որոնք պետք է, որ նրա հետ ինչ-ինչ պայմանավորվածությունների մեջ լինեն, ձեռնտու չի լինելու Սևանա լճի մակարդակի բարձրացումը: Ինչ վերաբերվում է իշխանության հետ պայմանավորվածություններին, ապա Հայաստանում, առանց դրա, ոչ մի նման խոշոր ձեռնարկ իրականություն չի դարձել ու չի կարող դառնալ:
Հարց է առաջանում՝ եթե մինչև 2030 թվականը Սևանա լճի մակարդակը պետք է բարձրանա 6 մետրով, ինչպես հավաստում են իշխանությունները, ապա ինչպե՞ս են այժմ գործարարի կամոք նախագծում և ինչպե՞ս են մտադիր լճի ափին կառուցել նման քաղաք: Որքան տեղյակ ենք, այժմ նույնիսկ հայտնի չէ, թե լճի մակարդակը 6 մետրով բարձրացնելու դեպքում, ջուրը մինչև ուր կհասնի, ափի ռելիեֆի ինչ փոփոխություններ տեղի կունենան:
 
Արթուր Հովհաննիսյան
 
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play