Սերժ Սարգսյանն ԱՄՆ անկախության տոնի եւ հայ-ամերիկյան դիվանագիտական հարաբերության հաստատման 25-ամյակի կապակցությամբ այցելել է Միացյալ Նահանգների դեսպանատուն, որտեղ երկկողմ հարաբերության մասին դեսպան Միլզի հետ զրույցից բացի նրա հետ միասին տնկել է նաեւ ծիրանենի, ի նշան հայ-ամերիկյան բարեկամության:
Ծիրանենին անշուշտ շատ խորհրդանշական է, մի շարք շերտերով: Կլինի՞ դրանց թվում նաեւ այն, որ ծառը կխորհրդանշի Սերժ Սարգսյանի հրաժեշտը, այսինքն այն, որ նա վերջին անգամ է պետության Առաջին դեմքի կամ բարձրաստիճան պաշտոնյայի կարգավիճակով այցելում ԱՄՆ դեսպանատուն, եւ դրանից հետո դեսպանատանը պաշտոնյա Սերժ Սարգսյանին կհիշեն այլեւս ծառով կամ դրա տված բերքով:
Գլխավոր խորհրդանիշը սակայն կլինի թերեւս այն, որ հայ-ամերիկյան հարաբերությանը Սերժ Սարգսյանից որպես շոշափելի կմնա հենց ծառն ու բերքը: Այն դեպքում, երբ թվում է, որ Սարգսյանն ուներ ավելի շոշափելի բան թողնելու հնարավորություն:
Հայ-ամերիկյան հարաբերությունը երկու կողմի գնահատմամբ անցնող տարիներին հասել է պատմական առավելագույնին: Անշուշտ այդ հարաբերության գնահատականը սուբյեկտիվ է, որովհետեւ չափման շերտերը բազմաթիվ են: Դժվար է ասել, Հայաստանն օրինակ մինչեւ 2008 թվակա՞նն էր ավելի մոտ Եվրատլանտյան բեվեռին, թե՞ այժմ: Հռետորաբանության առումով թվում է, թե այժմ, բայց իրերի դրության, կատարված քաղաքական քայլերի մասով պատկերը լիովին այլ է:
Ներկայում իրավիճակի թերեւս խորքային առանձնահատկությունն այն է, որ Միացյալ Նահանգները գործնականում հայ-ամերիկյան հարաբերությունը չի կապում Հայաստանի իշխանության հետ, այլ ամերիկա-ռուսական հարաբերության տիրույթում տեղի ունեցող գործընթացի:
Հայ-ամերիկյան հարաբերությունը ներկայում կախված է այն բանից, թե ինչ կարող է անել կամ չանել Պուտինը, ոչ թե Սերժ Սարգսյանը: Ընդ որում, դա ցույց է տվել Սերժ Սարգսյանն ինքը, եւ սեփական կամքով: Սարգսյանը ցույց է տվել, որ պատրաստ է լինել Հայաստանի ամենաարեւմտամետ, ամենա-եվրատլանտիստ գործիչը, բայց, եթե Արեւմուտքը լուծի Ռուսաստանի հարցը:
Բանն այն է, որ Հայաստանից որեւէ քաղաքական ուժ կամ գործիչ չի հայտնել քաղաքական առումով որեւէ քայլ ավելին անելու ոչ միայն պատրաստակամություն, այլեւ պատասխանատվություն: Այդ հանգամանքը կարճ ժամանակ ծառայեց Սերժ Սարգսյանին՝ «անփոխարինելիության» առումով, բայց ներկայում դրա իմաստն այլեւս չկա, ներկայում հայ-ամերիկյան հարաբերության համար չկա Հայաստանի իշխանության կարիքը, Հայաստանի իշխանությունից եւ մեծ հաշվով քաղաքական դասի հիմնական կազմից չկա սպասելիք: ԱՄՆ հայ-ամերիկյան հարաբերությունը դիտարկում է ամերիկա-ռուսական հարաբերության համատեքստում, թե որքան եւ ինչպես կստացվի Հայաստանը դուրս բերել ռուսական գերազդեցության գոտուց կամ բերել Ռուսաստանը խաղի այլ կանոնների: