Ինչպե՞ս է լինում, որ բանակում ընդդիմության չծառայելն օրենքով է, իշխանության չծառայելն՝ անօրինական


Ինչպե՞ս է լինում, որ բանակում ընդդիմության չծառայելն օրենքով է, իշխանության չծառայելն՝ անօրինական

  • 04-07-2017 17:38:45   | Հայաստան  |  Հարցազրույցներ

Լրագրի զրուցակիցն է ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ էդուարդ Շարմազանովը

 

Պարոն Շարմազանով, պաշտոնյաների որդիների՝ բանակում չծառայելու թեման շարունակում է քննարկվել։ Կարո՞ղ է դրվել նրանց՝ բանակում ծառայության հարցը։ Առհասարակ, ինչպիսի՞ն է Ձեր մոտեցումը հրապարակված այդ ցուցակին։

 

Իմ մոտեցումն, առհասարակ, հետևյալն է. եթե դա եղել է օրենքի սահմաններում, որևէ խնդիր չեմ տեսնում, իսկ եթե օրենք է խախտվել, անգամ եթե պաշտոնյայի որդի է, ապա իմ վերաբերմունքը բացասական է։ Ես միշտ էլ ասել եմ՝ ցանկացած հարցի շուրջ, այդ թվում զինապարտության հարցի հետ կապված, բոլորը օրենքի առջև պետք է լինեն հավասար։ Ես էլ չեմ ծառայել զինված ուժերում, բայց այդ առթիվ լրագրողների բազմաթիվ հարցերին ի պատասխան հորդորել եմ գնալ, հետաքննություն անել, տեսնել, եթե օրենք է խախտվել, ես հենց հաջորդ օրը դուրս կգամ քաղաքականությունից։ Ոչ մի օր, ոչ մի րոպե, ոչ մի վայրկյան զինապարտության տարիքում Հայաստանից չեմ բացակայել, որևէ զինվորական կոմիսարիատի կանչից չեմ հրաժարվել։ Այսինքն՝ եթե օրենքով սահմանված կարգով մարդիկ չեն ծառայել, մեկը երեխա է ունեցել, մյուսը թեկնածուական է պաշտպանել, երրորդն ունի հիվանդություն, դա այլ խնդիր է։ Այստեղ ամեն բան շատ հեշտ կարելի է պարզել։ Ես չեմ կարծում, որ որևէ պաշտոնյա իր երեխային պետք է թղթով հիվանդ սարքի, որ նա չծառայի։ Ես շատ ավելի դրական կարծիքի եմ իմ գործընկերների մասին և կարծում եմ, որ առհասարակ ցանկացած հարցի շուրջ եթե օրենքը խախտվել է, իհարկե, խնդիր կա, իսկ եթե չի խախտվել, ամեն ինչ օրինական է եղել, որևէ խնդիր չեմ տեսնում։ Ես նախօրեին ԱԺ-ում ծանոթացա երկու նախարարների գնահատականներին ու կարծիքին, և երկուսն էլ նորմալ պատասխանեցին, որ օրենքի հետ կապված որևէ խնդիր չկա։ Ես կոչ եմ անում արհեստականորեն այս թեման չքննարկել։ Այսօր բանակում շատ նախկին ու ներկա պաշտոնյաների երեխաներ էլ են ծառայում։ Այսինքն՝ մի բան է խուսափել բանակից, մեկ այլ բան է չծառայել։

 

Ակնհայտ չէ՞, որ այսքան մեծ ցուցակի պարագայում դժվար թե առողջության հետ կապված խնդիրներն այսքան շատ լինեին։ Այսինքն՝ այստեղ ոչ բոլոր դեպքերում է օրենքով ամեն բան արվել։

 

Ես հստակ ներկայացրեցի իմ տեսակետը։ Ես չեմ կարծում, որ որևէ նորմալ մարդ իր երեխային հիվանդ կսարքի թղթով, որ նա բանակ չգնա։ Ես ուրիշ բան չեմ ասում։ Հիմա պաշտոնյաները հստակ ներկայացնում են, որ իրենց երեխան այս կամ այն հիվանդությունն ունի։ Հիմա ես ինչ կարող եմ ասել։ Կարող եմ միայն ասել, որ բանակից խուսափելը, եթե օրենք է խախտվել, շատ վատ բան է։ Այսինքն՝ մի բան է խուսափել բանակից, զարտուղի ճանապարհով ազատվել, մի բան է՝ օրենքով սահմանված կարգով ազատվել բանակում ծառայելուց։ Ես ընդդիմության մեջ էլ շատ մարդկանց գիտեմ, որ բանակում չեն ծառայել, բա նրանց անունն ինչո՞ւ չեք տալիս։ Բայց ես չեմ կարծում, որ նրանք խուսափել են։ Այդ ինչպե՞ս է լինում, որ ընդդիմության չծառայելն օրենքով է, իշխանության չծառայելն անօրինական է։ Եվ նախկին ու ներկա իշխանության, և նախկին ու ներկա ընդդիմության մեջ կան մարդիկ, ովքեր օբյեկտիվ պատճառներով չեն ծառայել։ Դրա համար, երբ քննադատում եք, պետք է զատեք՝ օրենքո՞վ է, թե օրենքը շրջանցելով, այդ մարդը դասալի՞ք է, թե ոչ։

 

Հայաստանում կրկին թավշյա հեղափոխության կոչեր են հնչում։ Ինչպե՞ս եք գնահատում Րաֆֆի Հովհաննիսյանի այդ կոչերը։

 

Րաֆֆի Հովհաննիսյանին շատ հարգելով,- նախ նա ինձնից տարիքով մեծ է, Հայաստանի առաջին ԱԳ նախարարն է եղել, իմ պատգամավոր գործընկերն է եղել,- պետք է ասեմ, որ նրա ասածներն ու իրականությունը շատ տարբեր են։ Քաղաքականությունը սիրում է անընդհատ գործողություններ և ոչ թե հովարային անջատումներ, վեց ամիս կամ մեկ տարի կորի, հետո էլի գա։ Խնդրում եմ ինքը չվիրավորվի, բայց հովարային անջատումներով գործիչներին քաղաքականությունը չի ընդունում։ Երկրորդ՝ պարոն Րաֆֆի Հովհաննիսյանի նկատմամբ ունենալով խորը հարգանք, այնուամենայնիվ, պետք է ասեմ, որ յուրաքանչյուրն իր քաղաքական կշռի չափով հայտեր ներկայացնի։ Հարգարժան Րաֆֆի Հովհաննիսյանին ես հիշում եմ 2007-ին, երբ նա եկավ պառլամենտ շատ լուրջ Ժառանգություն թիմով։ Այսօր այդ թիմից մնացել է իր կողքը մեկ հոգի՝ Արմեն Մարտիրոսյանը։ Ո՞ւր են Զարուհի Փոստանջյանը, Խաչատուր Քոքոբելյանը, Ալեքսանդր Արզումանյանը, Ռուբիկ Հակոբյանը, Ստյոպա Սաֆարյանը, Անահիտ Բախշյանը, Լարիսա Ալավերդյանը և այլք։ Նման կոչեր պետք է անեն այն ընդդիմադիր ուժերը, ովքեր ունեն շատ բարձր լեգիտիմություն։ Իսկ այսօր ամենաբարձր լեգիտիմությունը ունեցող քաղաքական ուժերը պառլամենտում են։ 30 տոկոս ձայն հավաքած ընդդիմադիր ուժը ձայն չի հանում, երկու տոկոս հավաքածն է ձայն հանում։ Կարծում եմ՝ Հայաստանում ամեն գործընթաց պետք է ընթանա օրենքով սահմանված կարգով։ Մեր նորագույն պատմության մեջ առաջին անգամ համապետական ընտրություններին ա/ քաղաքական ուժերը, ովքեր անցան խորհրդարան, ճանաչեցին ընտրությունների արդյունքները, բ/ ժողովուրդը փողոց դուրս չեկավ, գ/ միջազգային բոլոր դիտորդները արձանագրել են, որ թերություններով հանդերձ սրանք եղել են լավագույն ընտրությունները։ Իսկ թավշյա հեղափոխություն ասելով... հալվա ասելով բերանդ չի քաղցրանա։ Կարծում եմ՝ մեր հարգարժան նախկին ԱԳ նախարարը և երբեմնի ընդդիմության առաջնորդը, որ երկրորդ տեղն էր գրավել քաղաքականության մեջ, ազդեցիկ գործունեության շանսը կորցրեց 2013-ին, երբ նրան ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն առաջարկեց գլխավորել սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովը։

 

Մեկ տարի է անցել հուլիսյան դեպքերից, ոչինչ չի փոխվել։ Կարո՞ղ է ցանկացած պահի ֆորս-մաժոր լինի իշխանության համար։

 

Ես Հայաստանում խելքը գլխին մարդ չեմ տեսել նաև ընդդիմության մեջ, որը Սասնա ծռերի դեպքը ողջունի՝ Դավիթ Շահնազարյան, Վազգեն Մանուկյան, Լևոն Տեր-Պետրոսյան, Էդմոն Մարուքյան, և այս շարքը կարող եմ շարունակել։ Սասնա ծռերը ահաբեկչական գործողություն է, եղբայրասպանություն է։ Ես չեմ ճանաչում ընդդիմությունում մի նորմալ մարդ, որ Սասնա ծռերի գործողությունը դրական գնահատի։ Ինձ համար երկրորդական է՝ ՀՀԿ-ն է իշխանություն, ԲՀԿ-ն, թե Ելքը, սա երկրորդական է, սա պետական անվտանգության հարց է։ Եթե մենք այսօր եղբայրասպանությունը փորձում ենք քողարկել իշխանությունների նկատմամբ դժգոհությամբ, մենք ամեն ինչ կարող ենք քողարկել։ Կան պրոբլեմներ, եկեք խոսենք, քննարկենք, ո՞վ է բան ասում։ Ընդդիմությունը հենց նրա համար է, որ պետք է խիստ քննադատի, վերահսկի, հանրահավաք անի։ Սասնա ծռերը Հայաստանի քաղաքական համակարգի հետ որևէ կապ չունեն, նրանք եղբայրասպան գործողություն են արել, և ինձ հետաքրքիր չէ, թե ինչից դրդված, որովհետև որևէ հայ մարդու կյանք ավելին է, քան ինչ-որ մեկի ամբիցիաները, կամ ինչ-որ մեկի բարեփոխումը։ Սասնա ծռերի գործողությունները ՀՀ-ն բոլոր առումներով մի քանի տարի հետ են գցել՝ տնտեսական, քաղաքական, բոլոր առումներով։ Եվ ես սթափության կոչ եմ անում մեր հանրությանը՝ չի կարելի ամեն ինչ այդքան շուտ մոռանալ։ Ինչպե՞ս կարելի է եղբայրասպանությունը քողարկել և փորձել դրան քաղաքական աստառ տալ, բա երեք ընտանիքին պատասխան ո՞վ է տալու:

 

 

Նոյյան տապան  -   Հարցազրույցներ