Թշնամին երեկ և հատկապես երեկոյան կատաղել է, բայց արժանի հակահարված ստացել մերոնց կողմից (տեսանյութեր)
05-07-2017 01:59:50 | Ադրբեջան | Քաղաքական
Հուլիսի 4-ին արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի տարբեր հատվածներում հակառակորդը շարունակել է խախտել հրադադարի պահպանման ռեժիմը:
Հայտնելով այս մասին, Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը երեկ երեկոյան ժամը 21:23-ին տեղեկացրել է, որ մասնավորապես ժամը 11:30-11:35 սահմաններում ադրբեջանական կողմն արևելյան ուղղությամբ կիրառել է 82 միլիմետրանոց ականանետ (4 արկ), նույն հատվածում ժամը 12:45-12:55-ի սահմաններում՝ հաստոցավոր հակատանկային նռնականետ (3 արկ), հարավային ուղղությամբ՝ ժամը 13:35-ին՝ 60 միլիմետրանոց ականանետ (3 արկ), 19:10-ին՝ 60 միլիմետրանոց ականանետ (2 արկ), իսկ 20:20-20:30-ի սահմաններում Ալխանլու գյուղում տեղակայված ռազմակայանից ադրբեջանական զինուժը ՏՌ-107 տիպի համազարկային հրթիռային կայանքներից (5 արկ) կրակ է բացել հարավային ուղղությամբ գործող մեր զորամասերից մեկի հրամանատարական կետի ուղղությամբ, 20:48-ին կիրառել նաև 82 միլիմետրանոց ականանետ (3 արկ):
Տեղեկացնելով այս մասին, Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունն ընդգծել է`«Հարկ է նշել, որ նախորդ տարվա ապրիլյան սրացումներից հետո սա առաջին դեպքն է, երբ ադրբեջանական զինուժը կիրառում է նման զինատեսակ:
Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը միջազգային համապատասխան կազմակերպությունների ուշադրությունն է հրավիրում կատարվածի հանդեպ և ադրբեջանական կողմին նախազգուշացնում, որ պատասխանը լինելու է անհամարժեք»:
Հակառակորդի նախահարձակ ակտիվությունը ճնշելու համար Պաշտպանության բանակի առաջապահ զորամասերը ժամը 20:31-20:40-ի սահմաններում ստիպված են եղել ձեռնարկել պատասխան գործողություններ, ինչի արդյունքում վնաս է հասցվել Ալխանլու գյուղում տեղակայված կրակակետին: ՊԲ համապատասխան ծառայությունների կողմից տրամադրված հավաստի տվյալներով, հակառակորդն ունի կորուստներ:
«Ադրբեջանական սադրիչ գործողությունների արդյունքում ՊԲ-ն կորուստներ չի ունեցել»,- նշված է ՊՆ մամուլի ծառայած հրապարակած պաշտոնական հաղորդագրության մեջ:
ՊՆ մամուլի ծառայությունն իր հրապարակած հաղորդագրության վերջում հավելել է, որ կատարվածի հետևանքների ողջ պատասխանատվությունը կրում է Բաքվի ռազմաքաղաքական ղեկավարությունը:
Շատ ավելի ուշ, արդեն լույս 5-ի գիշերը ժամը 1:35-ին Արցախի Հանրապետության ՊՆ մամուլի ծառայությունը հրապարակեց հաղորդագրություն (տեսագրություն, ձայնագրություն): Ներկայացվեցին հակառակորդի կողմից TR-107 համազարկային հրթիռային կայանքից իրականացվող կրակային խոցման տեսագրությունից հատվածներ: Առաջարկվեց ուշադրություն դարձնել էկրանին ֆիքսված ժամանակացույցին, միաժամանակ նշվեց, որ հայկական կողմը պատասխան կրակ է բացել ժամը 20:31-ին, այսինքն՝ հակառակորդի կողմից մինչ այդ մի քանի անգամ ձեռնարկված կրակային հարձակումներից հետո միայն:
Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարության մամուլի ծառայության հրապարակած հաղորդագրության վերջում նշված է.
«Ձեզ ներկայացվող ձայնագրությունում առկա հակառակորդի խոսակցությունները վկայում են, որ ՊԲ առաջապահ ստորաբաժանումների պատասխան գործողություններն իրականացվել են ադրբեջանական կրակակետի ուղղությամբ: Վերջինս, սովորության համաձայն, այն տեղակայում է բնակելի վայրերում՝ կենդանի վահան դարձնելով խաղաղ բնակչությանը»:
Ադրբեջանի ՊՆ մամլո ծառայությունն երեկ երեկոյան, իր հերթին, հայտարարել է.
«Այս պահին նշանառության տակ են Ֆիզուլու շրջանի Ալխանլի գյուղի շրջակա բնակավայրերը: Կրակում են հրետանային համակարգերից: Զոհեր կան նաև խաղաղ բնակչության շրջանում: Ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները պատասխան միջոցներ են ձեռնարկել»:
Ինչպես արդեն հասկանալի է, «պատասխան միջոցներ»-ը մեր զորամասերից մեկի հրամանատարական կետի ուղղությամբ ժամը 20:48-ին նաև 82 միլիմետրանոց ականանետի (3 արկ) կիրառումն է, որից, սակայն, ինչպես նշված է Արցախի Հանապետության պաշտպանության նախարարության հրապարակած ու վերը մեջբերված պաշտոնական հաղորդագրությունում, ՊԲ-ն կորուստներ չի ունեցել: