Երևանի գլխավոր ճարտարապետ Նիկողայոս Բունիաթյանի «Փայլուն պատմության մոռացված էջերը» ամփոփվել են բացառիկ ցուցադրությամբ (տեսանյութ)


Երևանի գլխավոր ճարտարապետ Նիկողայոս Բունիաթյանի «Փայլուն պատմության մոռացված էջերը» ամփոփվել են բացառիկ ցուցադրությամբ (տեսանյութ)

  • 10-07-2017 15:29:59   | Հայաստան  |  Հասարակություն



 
«Ոճը ստեղծվում Է կոլեկտիվ կառուցումներով։ Ամեն մի երկիր, ամեն մի ժողովուրդ պետք է մտցնի իր ստեղծագործական աշխատանքի բաժինը համաշխարհային ճարտարապետության ընդհանուր օրգանիզմի մեջ»,- համոզված էր Երևանի առաջին գլխավոր ճարտարապետ, պրոֆեսոր Նիկողայոս Բունիաթյանը:
 
Թիֆիլիսում ծնված, Մոսկվայում կյանքի վերջին տարիներն ապրած հայ ճարտարապետը 30 տարեկանում սկսել է զբաղվել հայկական հուշարձանների ուսումնասիրությամբ: 1914-1916 թվականներին հայագետ, լեզվաբան և հնագետ Նիկողայոս Մառի գլխավորած Անիի հնագիտական արշավախմբերի կազմում Ն. Բունիաթյանը հետազոտել, չափագրել, նկարել է միջնաբերդի Պալատական եկեղեցին, Աբուղամրենց Սուրբ Գրիգորը, քաղաքատիպ բնակելի տներ և այլ կառույցներ։
 
1924 թվականին ճարտարապետության ակադեմիկոս, հայ նոր ճարտարապետության հիմնադիր Ալեքսանդր Թամանյանի խորհրդով և հրավերով նա գալիս է Հայաստան: Հենց Ն. Բունիաթյանի անմիջական ղեկավարությամբ են բացվել մայրաքաղաքի մայրուղիներն ու հրապարակները, կառուցապատվել նոր թաղամասերը, իրականացվել Թումանյան և Նալբանդյան փողոցների խաչմերուկի երկու նմանատիպ, բնակելի տների քաղաքաշինական լուծումը:
 
Նրա նախագծերով կառուցվել է շուրջ 70 շենք ինչպես Երևանում, այնպես էլ Գյումրիում և Հայաստանի այլ քաղաքներում:
 
14 տարի անընդմեջ Երևանի գլխավոր ճարտարապետ աշխատած պրոֆեսորի մի քանի տասնյակից ավելի աշխատանքների լուսանկարներն օրերս մեկտեղվել էին Ալ. Թամանյանի անվան Ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտի «Թամանյան» սրահում:
 
«Փայլուն պատմության մոռացված էջեր» խորագրով ցուցահանդեսի շրջանակներում Բունիաթյանների ընտանիքի հարսի` Իզաբելլա Բունիաթյանի, նախաձեռնությամբ ներկայացվեցին ճարտարապետի չափագրությունները, ջրաներկ աշխատանքները և գծագրական գործիքները, նրա որդու` խեցեգործ-նկարիչ Գուրգեն Բունիաթյանի ստեղծագործությունները, ինչպես նաև թոռան` Արթուր Բունիաթյանի գիտական աշխատանքները:  
 
Բացառիկ ցուցահանդեսը կտևի մեկ ամիս, մուտքն ազատ է: 
 
 
Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան» 
Նոյյան տապան  -   Հասարակություն