Իլհամի ու Մեհրիբանի հարաբերությունները Ադրբեջանի իշխանության կուլիսներում


Իլհամի ու Մեհրիբանի հարաբերությունները Ադրբեջանի իշխանության կուլիսներում

  • 06-07-2017 12:40:05   | Հայաստան  |  Վերլուծություն


Հայաստանի արտգործնախարար Շավարշ Քոչարյանը հայտարարել է, որ հրադադարի պահպանման միջազգային մեխանիզմի ներդրումից հրաժարվելու Ադրբեջանի մոտեցումը պայմանավորված է իր նախահարձակ գործողությունների պատասխանատվությունը հայկական կողմի վրա բարդելու ձգտումով:

 

Շավարշ Քոչարյանն իհարկե փոքր ինչ մեղմացրել է իրավիճակը, քանի որ Ադրբեջանը շատ ավելի պարզ է ասել, թե ինչու է հրաժարվում հրադադարի պահպանման հետաքննության միջազգային մեխանիզմի ներդրումից: Մի քանի ամիս առաջ ԵԱՀԿ-ում Բաքվի դեսպանը հայտարարեց, որ առանց հայկական զինուժի հետքաշման այդ մեխանիզմի ներդրումը կամրապնդի ստատուս-քվոն:

 

Դա շատ ավելի պարզ է ու հստակ, եւ շատ ավելի ճշմարտացի: Բաքուն անկասկած չի կարող իր խախտումները գցել հայկական կողմի վրա, համենայն դեպս այն սուբյեկտների մոտ, որոնց կարծիքն ունի մեծ ռազմա-քաղաքական նշանակություն: Նրանք անկասկած ունեն իրավիճակի վերաբերյալ իրազեկման բազմաթիվ հավաստի աղբյուրներ, ներառյալ տիեզերական դիտարկման հնարավորությունը եւ շատ լավ գիտեն, թե ինչն ինչից հետո է:

 

Խնդիրը շատ ավելի պարզ է՝ հրադադարի պահպանման մեխանիզմի ներդրումը, որն անկասկած ենթադրում է արդեն նաեւ պատասխանատվության մեխանիզմ, փաստացի նշանակում է ներկայիս ստատուս-քվոյի սահմանագծում՝ Արցախի եւ Ադրբեջանի միջեւ, Արցախի միջազգային ճանաչման անուղղակի, յուրօրինակ ակտ:

 

Ադրբեջանը շատ պարզ ասել է, թե ինչու իր համար ընդունելի չէ այդ մեխանիզմը: Այդպիսով, գործնականում ստեղծվում է երկակի փակուղի: Փակուղի է բանակցային գործընթացի այն տրամաբանությունը, թե հնարավոր է տարածք որեւէ բանի դիմաց բանաձեւի կիրառում, եթե անգամ որեւէ բանն Արցախի միջազգային ճանաչումն է, եւ առավել եւս երբ Ադրբեջանը նույն կերպ մերժում է նաեւ այդ տրամաբանությունը՝ ինչպես մեխանիզմներն է մերժում, եւ փակուղի է առկա ստատուս-քվոն որեւէ կերպ արձանագրելու եւ դրա պահպանման առնվազն միջնաժամկետ որեւէ նոր մեխանիզմ ձեւավորելու գործընթացում:

 

Հրադադարի պահպանման միջազգային մեխանիզմի նպատակը հենց դա է՝ սահուն կերպով հանել խնդիրը այսպես ասած մադրիդյան սկզբունքների տրամաբանությունից կախվածությունից եւ տեղափոխել նոր հարթություն: Հրադադարի պահպանման միջազգային մեխանիզմը պետք է ապահովի այդ անցումը, երաշխավորի դրա սահուն, անցնցում ընթացքը:

 

Բաքուն դիմադրում է, բայց Բաքվի դիմադրությունը չէ բուն պատճառը, որ մեխանիզմի ներդրումը չի ընթանում արդյունավետ դինամիկայով: Դրա բուն պատճառն այն է, որ մեխանիզմի հարցում տարաձայնություններ կան ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ եռյակի միջեւ, ու թերեւս նաեւ Իրանի: Անկասկած դրան դեմ կլինի Անկարան, թեեւ այստեղ իհարկե իրավիճակը հարաբերական է:

 

Բանն այն է, որ Անկարան պետք է աջակցի Ադրբեջանին, մյուս կողմից սակայն դժվար է ասել՝ դա ներկայում ավելի շատ բարոյական պարտավորություն է, որի ձեռքն Էրդողանը կրակն է ընկել, թե՞ Անկարայի ռազմա-քաղաքական շահից բխող անհրաժեշտություն: Միարժեք պնդումը այդ հարցում բավական բարդ է:

 

Էրդողանը ներկայում ունի իր խնդիրները Թուրքիայի իրավիճակում հեռանկարային վերահսկողություն ապահովելու հարցում: Թուրքական հասարակությունը կիսված է, դրանից բացի Անկարան ունի լուրջ խնդիրներ թե մերձավորարեւելյան ուղղությամբ, թե Արեւմուտքի հետ հարաբերություններում: Միաժամանակ բավական բարդ է բարեկամությունը եւ հաշտությունը Ռուսաստանի հետ:

 

Այդ պայմաններում Էրդողանի համար Ալիեւի խնդիրները կարող են լինել միանգամայն ավելորդ, եւ պետք չէ բացառել, որ Անկարան դեմ չէր լինի սակարկել եւ ստանալ իրենը հրադադարի պահպանման մեխանիզմի ներդրումից, առավել եւս եթե կասկածից վեր է, որ Մինսկի խմբի համանախագահ եռյակի միջեւ համաձայնության դեպքում այդ մեխանիզմի ներդրմանը Անկարան խոչընդոտել չի կարող, առավել եւս չի կարող խոչընդոտել Բաքուն:

 

Ամբողջ հարցն այն է, թե կգա՞ն արդյոք Մինսկի խմբի համանախագահ եռյակը կազմող պետությունները՝ ԱՄՆ, Ֆրանսիան ու Ռուսաստանը հրադադարի պահպանման մեխանիզմի ներդրման, կամ այլ կերպ ասած Արցախի եւ Ադրբեջանի սահմանի յուրօրինակ դեմարկացիայի շուրջ համաձայնության:

 

Իհարկե, դա կարող է տեղի ունենալ ավելի լայն աշխարհքաղաքական  քննարկումների շրջանակում, բայց չի բացառվում, որ մթնոլորտը հուշում է դրա բավական մեծ հավանականությունը: Դա է վկայում Ադրբեջանի որոշակի ջղաձգությունը, ինչպես նաեւ այն, որ Ալիեւն ակնհայտորեն պատրաստում է իր համար «պահեստային» տարբերակը՝ ի դեմս Մեհրիբան Ալիեւայի: Օրերս Մեհրիբանը հայտարարել էր, ընդունելով ռուսաստանցի գործիչ Ալեքսանդր Պրոխանովին, թե թույլ չի տա ադրբեջանցի ժողովրդի մոտ հայ ժողովրդի կերպարը ձեւավորել որպես թշնամի: Բանն այն է, որ Մեհրիբանի ամուսինը տարիներ շարունակ զբաղված է հենց դրանով:

 

Վկայու՞մ է դա արդյոք ընտանիքում որոշակի «ճաքի» մասին, իհարկե դժվար է ասել, բայց ի վերջո պետք է նկատի ունենալ, որ Մեհրիբանը Իլհամին «ոչ հոր կողմից է բարեկամ, ոչ մոր», ինչպես ասում է ժողովուրդը:

 

Իսկ այդօրինակ «ընտանեկան» հակադրությունը ամենեւին նոր երեւույթ չէ այդօրինակ պետությունների կամ իշխանական հիերարխիաների շրջանակում: Օրինակը, ի դեպ, Կատարն է, որտեղ է արաբական աշխարհի եւ ընդհանրապես աշխարհի ամենաազդեցիկ կանանցից մեկը համարվող Շեյխուհի Մոզան, որը Կատարի Էմիրի երկրորդ կինն էր եւ հասավ նրան, որ Կատարում իշխանությունը ժառանգեց հենց իր որդին: Համարվում է, որ հենց Մոզան է տարիներ շարունակ հանդիսանում Կատարի իրական ղեկավարը, եւ ասում են, որ նրա ամուսինը երրորդ կինն է վերցրել միայն այն պատճառով, որ Մոզային ցույց տա, թե կախված չէ նրանից:

 

Այնպես որ, իսկապես դժվար է ասել, թե ինչպիսին է հարաբերությունը Իլհամի ու Մեհրիբանի միջեւ եւ ինչպես է այն արտահայտվում Ադրբեջանի իշխանության կուլիսներում: Բայց եթե անգամ Ալիեւն ու կինը պարզապես փորձում են բեմադրել սեւ ու սպիտակ եւ ամուսնու ռազմատենչությունը փորձում է հակակշռել կինն իր խաղաղասիրությամբ եւ հաշտությամբ, ապա արդեն իսկ պաշտոնական Բաքվի օրակարգում դրա ներառումը հուշում է, որ Ադրբեջանի իշխանությունը զգացել է իր «ռազմատենչությունը» կամաց-կամաց խաղաղասիրությամբ բալանսավորելու կարիքը

lragir.am

 

 

Նոյյան տապան  -   Վերլուծություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play