Նկարիչ Դավիթ Ստեփանյանն այն խիզախներից է, ով անդրադարձել է ազգային հայրենասիրական թեմային (լուսանկարներ)


Նկարիչ Դավիթ Ստեփանյանն այն խիզախներից է, ով անդրադարձել է ազգային հայրենասիրական թեմային (լուսանկարներ)

  • 09-07-2017 10:04:39   | Հայաստան  |  Մշակույթ

 
Գեղանկարչության մեջ այն ճանապարհը, որ ընտրել է նկարիչ Դավիթ Ստեփանյանը, շատ դժվար է, որովհետեւ ազգային հայրենասիրական թեմատիկ նկարը հայ կերպարվեստում մեծ խնդիր է, իսկ Դավիթը խիզախորեն անդրադարձել է այդ թեմային, եւ կարելի է ասել, որ իրեն հաջողվել է:
 
Այսպիսի դրական խոսքերով եւ «ԿԱՅԹ» ավանդական երգի-պարի համույթի անզուգական կատարումներով օրերս ՀՀ նկարիչների միությունում Մայիսյան  հերոսամարտերի  100 ամյակին ընդառաջ նախաձեռնության շրջանակներում տեղի ունեցավ նկարիչ, ճարտարապետ Դավիթ Ստեփանյանի անհատական ցուցահանդեսի բացման հանդիսավոր արարողությունը։ 
 
Արվեստաբան Լիլիթ Սարգսյանի խոսքերով, ի տարբերություն շատ արվեստագետների, Դավիթ Ստեփանյանը չի վախեցել իր երկար սպասված անհատական ցուցահանդեսին հանրության դատին հանձնել ոչ միայն վերջին տարիների  կատարած աշխատանքները, այլեւ մանուկ հասակի իր ստեղծագործությունները, կարելի է առհասարակ նշել, որ իրեն հարազատ հայրենի բնաշխարհը, պատմությունը, հերոսամարտերը, ինչպես նաեւ ժանրային հորինվածքները տեղ են գտել թե՛ մանկական, թե՛ հասուն տարիքի գործերում:
 
Նկարիչ Դավիթ Ստեփանյանը «Նոյյան Տապան»-ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ «Կայթ» արվեստի զարգացման հիմնադրամի անմիջական աջակցությամբ ՀՀ Նկարիչների միությունում տեղի է ունենում իր առաջին անհատական ցուցահանդեսը, որտեղ վերջինս հանրության դատին է հանձնում շուրջ 101 աշխատանք. «Ցուցահանդեսին ներկայացված են ճարտարապետական և գեղանկարչական աշխատանքներ, գրաֆիկա եւ քանդակ, ինչպես նաև 20-րդ դարի հայ ճարտարապետական հուշարձանների վերլուծությանը նվիրված աշխատություն, որտեղ հեղինակը անդրադարձել է հատկապես ազգային ձեռագիր ունեցող կոթողներին»: 
 
Դ. Ստեփանյանի փոխանցմամբ, ինքն իր կտավներում անդրադառնում է պատերազմին,բայց չի սիրում անդրադառնալ  խեղված անդամների, արյան առատության, ողբերգական ու դաժան տեսարանների, այլ ձգտում է  պատկերել ոգեղեն կողմերը, ուժը, պայքարը, շարժումն ու սլացքը, այն ամենը, ինչով որ առաջնորդվել են մեր հերոսները, ու սա իսկապես բարդ է ՝ իրական հերոսին շարժման մեջ պատկերելը, և նկարիչները հաճախ խուսափում են, քանի որ կամ նմանությունն են կորցնում, կամ էլ լուսանկարից տվյալ դիրքն ու դեմքի արտահայտությունը, երբ որ մտցնում են այլ կոմպոզիցիոն տեսարանի մեջ, շատ կեղծ ու չստացված կերպարներ են դառնում: 
Դ. Ստեփանյանը  նշեց նաեւ, որ մինչ  իր  անհատական ցուցահանդեսի  բացումը, վերջինիս աշխատանքները ներկայացված են եղել  տարբեր հանրապետական ու խմբակային ցուցահանդեսներում:
Արվեստաբան Լիլիթ Սարգսյանի բնորոշմամբ՝ Դավիթ Ստեփանյանի արվեստին անդրադառնալիս նախ պետք է խոսել Դավիթ տեսակի մասին, քանի որ շատ եւ շատ ներդաշնակ է այն ամենը, ինչ անում է Դավիթը, սկսած այս հրաշալի ցուցահանդեսի բացումից, վերջացրած նրա փայլուն ճարտարապետական վերլուծություններով. «Դավիթը շատ առանձնահատուկ կերպար է, կարեւոր տեսակ այսօր հայության համար: Դեռ խորհրդային տարիներից ազգայինի ընկալումը բավականին խեղաթյուրված էր, եւ Դավիթի ամբողջ գործունեությունն իբրեւ ներդաշնակություն՝ անդրադառնալն է ստեղծագործության արմատին, ակունքին».-նշեց արվեստաբանը՝ հավելելով, որ Դավիթ Ստեփանյանը, լինելով շատ ժամանակակից եւ արդի մտածող մտավորական ու պայքարող տեսակ, կարողանում է ներդաշնակեցնել ավանդականը եւ արդիականը. «Գեղանկարչության մեջ այն ճանապարհը, որ ընտրել է նկարիչ Դավիթ Ստեփանյանը, շատ դժվար է, որովհետեւ ազգային հայրենասիրական թեմատիկ նկարը հայ կերպարվեստում մեծ խնդիր է, իսկ Դավիթը խիզախորեն անդրադարձել է այդ թեմային, եւ կարելի է ասել, որ դա նրան հաջողվել է»: 
 
ՀՀ վաստակավոր նկարիչ Մարտիրոս Բադալյանի խոսքերով, Աստծո կողմից մարդուն տրված ամենամեծ հատկությունը երախտապարտությունն է, իսկ մարդկային մնացած բոլոր արժանիքները երախտապարտության հետեւանք են. «Մենք պետք է երախտպարտ լինենք մեր մշակույթին, հոգեւոր արժանիքներին, լեզվին ինչպես նաեւ մանկությանը, մեր նորաստեղծ ու երիտասարդ նկարիչներին, եւ հատուկ պետք է երախտապարտ լինենք մեր քաջարի զինվորներին, որոնք այսօր հսկում ու պահպանում են մեր սահմանները եւ թույլ են տալիս մեզ, որպեսզի մենք կարողանանք ներկա լինել այս տաղանդավոր նկարչի առաջին անհատական ցուցահանդեսի բացմանը: Նկարիչ, ով ոչ միայն չի վախեցել անդրադառնալ  ազգային ընկալմանը, այլեւ հանրության դատին է հանձնել իր մանուկ հասակի աշխատանքները, որոնք արտացոլում են նրա երազանքները:
 
Նշենք, որ նկարչի անհատական ցուցահանդեսը  բաց կլինի մինչեւ սույն թվականի հուլիսի 15-ը:
 
Նոյյան տապան  -   Մշակույթ