«Եհովայի վկաններ» աղանդի ղեկավարությունը կարող է տեղափոխվել Հայաստան (տեսանյութ)


«Եհովայի վկաններ» աղանդի ղեկավարությունը կարող է տեղափոխվել Հայաստան (տեսանյութ)

  • 10-07-2017 13:51:26   | Հայաստան  |  Հասարակություն



 
 
Օրերս Մարաշում գտնվող մի բավական ընդարձակ առանձնատան վրա կարդացինք` Եհովայի վկաների թագավորություն: Կասկած չունենք, որ եթե իշխանությունները հոգեորսության դեմն առնելու համար համապատասխան միջոցներ չձեռնարկեն, մասնավորապես` պետական ֆինանսավորմամբ չստեղծեն հանրային իրազեկման հատուկ կենտրոններ, որոնք կպատռեն աղանդների ու նրանց ղեկավարների դիմակը, ապա այսպիսի թագավորությունները ոչ հեռու ապագայում կարող են այնքան բազմանալ, որ մի օր գուցե հանդիպեն Երևանի և Հայաստանի այլ բնակավայրերի ամեն մի թաղամասում և, ի վերջո, կլանեն մեր երկիրը…
Երբ իշխանությունները վտանգն արհամարհելու կամ Եվրոպայի և ԱՄՆ-ի համապատասխան կառույցներից ու արևմտյան որոշ տերություններից կաշկանդված լինելու հետևանքով ընդհանրապես որևէ քայլ չեն կատարում Հայաստանում գնալով ծավալվող հոգեորսության և աղանդավորության դեմն առնելու համար, ապա միանգամայն տրամաբանական է, որ մենք այսօր պետք է կանգնեինք այն իրավիճակի առաջ, որի առջև կանգնած ենք…
Իսկ այդ իրավիճակը բավական տագնապալի է…
Օրերս հրավիրված մամուլի ասուլիսում «Քայքայիչ աղանդներից տուժածների օգնության և վերականգնողական կենտրոն» ՀԿ-ի և Կոռուպցիայի հակազդման ասոցիացիայի նախագահ Ալեքսանդր Ամարյանը տեղեկացրել է, որ այս տարվա օգոստոս- սեպտեմբեր ամիսներին Հայաստանում նախատեսվում է «Եհովայի վկաներ»-ի կոնգրեսը, ավելին` չի բացառվում, որ «Եհովայի վկաններ» աղանդի  վարչական ղեկավարությունը Սանկտ Պետերբուրգից տեղափոխվի Հայաստան:
Ինչպես արդեն հայտնի է, Ռուսաստանի Դաշնությունը համեմատաբար վերջերս «Եհովայի վկաններ» աղանդի գործունեությունը Ռուսաստանում օրենսդրական մակարդակով արգելել է, ինչը հավանական է դարձնում Ռուսաստանից նրանց մի ահագին մասի տեղափոխվելը Հայաստան նաև այն առումով, որ ՀՀ իշխանություններն Արևմուտքի առջև ստանձնած պարտավորությունների պատճառով և Արևմուտքի ճնշմամբ նրանց և, ընդհանրապես, այլ աղանդների խաթրին չեն դիպչում:
Ալեքսանդր Ամարյանը նշել է նաև այն մասին, ինչը մեր բոլորի աչքերի առջև է. Հայաստանում Եհովայի վկաներին կարող ենք հանդիպել գրեթե բոլոր բանուկ փողոցներում, մասնավորապես`դատարանների մոտ, որտեղ ոստիկաններ կան: Մայթերին ազատորեն դնում են իրենց «ստենդ» կոչվածները և անարգել տարածում աղանդավորական գրականություն, օրվա վերջում էլ ամփոփում, թե քանի հոգու են հոգեորսության իրենց ուռկանը ձգել: Ոստիկանների մոտ լինելն անհրաժեշտ են համարում, որպեսզի հանկարծ նեղացնող չլինի իրենց: Բացի այդ, դատարանների, ոստիկանատների մոտ գործելը պայմանավորված է նաև նրանով, որ այդ հաստատություններից դուրս եկող մարդկանց թվում շատ են սթրեսային և փխրուն հոգեբանական վիճակում գտնվող, օգնության կարիք ունեցող և օգնություն փնտրող մարդիկ:
Վերջում հավելենք հետևյալը. ըստ մեզ հասած տեղեկությունների, բավական մեծ է հավանականությունը, որ «Եհովայի վկաններ» աղանդի  վարչական ղեկավարությունը Սանկտ Պետերբուրգից կարող է տեղափոխվել Հայաստան: Այժմ նախատեսվում է մի քանի ամսից, եթե պլանների մեջ փոփոխություններ չլինեն, Հայաստանում հիմնել ԱՊՀ, միգուցե նաև եվրոպական տարածաշրջանային կենտրոն: Դրա վերաբերյալ որոշում, ըստ տեղեկատվության մեր աղբյուրի, վերջնականապես ընդունվելու կամ մերժվելու է այն կոնգրեսում, որը մտադիր են կազմակերպել Հայաստանում:  Եվս մեկ կենտրոն (ասիականը), դարձյալ ըստ մեզ հասած տեղեկատվության, Եհովայի վկաները մտադիր են հիմնել Ղազախստանում: Թեև այնտեղ քրիստոնյաներն այնքան էլ շատ չեն, բայց, այնուհանդերձ, ինչպե՞ս կարելի է նրանց հոգեորսության ցանցից դուրս թողնել, ախր Եհովան չի ների…
 
Արթուր Հովհաննիսյան 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն