Այսօր Ժիրայր Սեֆիլյանը դառնում է 50 տարեկան.Վարուժան Ավետիսյանի ուրվագծած դիմանկարը


Այսօր Ժիրայր Սեֆիլյանը դառնում է 50 տարեկան.Վարուժան Ավետիսյանի ուրվագծած դիմանկարը

  • 10-07-2017 16:46:07   | Հայաստան  |  Հասարակություն

Վարուժան Ավետիսյանի ուրվագծած դիմանկարը Ժիրայր Սէֆիլյանի հիսնամյակի առիթով.
 
Ժիրայր Սէֆիլյանի էությունը, նրա մտքի և վարքի ակունքն ու շարժիչ ուժը սերն է․ սերն առ Արարիչ, Հայրենիք, Մարդ և Բնություն։
 
Նրան հասկանալու համար հարկավոր է սիրել այն ամենը, որ նա է սիրում։ Եվ այնպես ու այնքան, ինչպես և որքան նա սիրում է։
 
Եթե որևէ մեկը նրան չի հասկանում, պետք է ի՛ր ներսը նայի։
 
Ժիրայր Սէֆիլյանի առաքելությունը նոր ժամանակը կերտելն է։ Նա կանչված  և ընտրված է անկումների և կորուստների ժամանակից դեպի վերելքների ու ձեռքբերումների ժամանակը ձգվող կամրջով մեր երթն առաջնորդելու համար։
 
Որպես մարդ՝ համեստ է, չարքաշ, սակավապետ, նյութի ու փառքի նկատմամբ անտարբեր։ Առհասարակ առաքինի է ամեն առումով։ Որպես ընկեր՝ անդավաճան է և անձնուրաց։ Որպես հրամանատար՝ վտանգն իր վրա վերցնող է, առջևից քայլող, բոլորի և յուրաքանչյուրի հոգս ու ցավով ապրող։ Դիմացինի մեջ նախ մարդն է տեսնում, ապա վարվում է ըստ արդարության և ներողամտության, քանի որ վեհ է ու մեծահոգի։ Բնատուր կազմակերպիչ  և առաջնորդ է։ Նրա համար մանրուքներ չկան։ Չի խորշում  և նույն ջանասիրությամբ ու պատասխանատվությամբ է լուծում իր առջև ծառացած բոլոր խնդիրները՝ տեխնիկականից մինչև համազգային նշանակության։ Խիստ է և խստապահանջ, սակայն ամենախորը հարգանքով է վերաբերվում մարդու արժանապատվությանն ու իրավունքին։
 
Շատ հերոսներ և նվիրյալներ կան։ Սակայն նրանց մեծ մասն իր առաքելությունը կատարում է ըստ կյանքի թելադրանքի՝ հանգամանքների կամ գործի բերմամբ։ Մինչդեռ Ժիրայր Սէֆիլյանն այն եզակիներից մեկն է, որ ինքն է պատրաստում իր խաչը և այդ խաչը կրում է մշտապես՝ անընդհատ և անդադար մնալով և լինելով իր տեղում և դիրքում, որոնք ևս ինքն է ստեղծել։ Այո, նա ոչ միայն պարզապես հերոս է, այլ կյանքի ամեն ակնթարթը հանուն Հայրենիքի և իր առաքելության հերոսավայել ապրող Ոգու Ասպետ: Նա շարունակում է Հայկ Նահապետից դրված կարգին հավատարիմ ընտրյալների անխախտ շարքը և վերջին հարյուրամյակում Նիկոլ Դուման-Արամ Մանուկյան-Գարեգին Նժդեհ-Լեոնիդ Ազգալդյան- Մոնթե Մելքոնյան շղթայով իրեն  վստահված Հայոց Ոգու հուրը փոխանցում է գալիք սերնդին:
 
Ժիրայր Սէֆիլյանը նաև թերություններ ունի։ Ինչպես նաև սխալներ է գործում։ Դրանք ի հայտ են գալիս այն ժամանակ, երբ նրա սերն ու երազանքը անհրաժեշտից ավելի շատ են առաջ ընկնում իր առաքելությունից։ Սակայն Բարձրյալը մարդուն կշռում է նրա սրտի պարունակությամբ, ուստի իր ձեռքով էլ շտկում է Ժիրայր Սէֆիլյանի թերությունների ու սխալների հետևանքները։
 
Ժիրայր Սէֆիլյանի և Հայրենիքի կյանքն ու ճակատագիրը միաձույլ են։ Նա Հայրենիքի մասն է, առլեցուն է նրանով և դարձել է յուրօրինակ մարմնացյալ Հայրենիք։ Առանց չափազանցության, նրան կարելի է Հայրենիքի կերպար և խորհրդանիշ համարել։
 
Նա այսօր բանտում է, որովհետև բանտված է նաև Հայրենիքը։ Նա Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն չունի, որովհետև Հայաստանի Հանրապետությունը զրկված է քաղաքացիությունից։
 
Ժիրայր Սէֆիլյան գործչի առաքելությունը և կամավոր ու կամաստեղծ խաչակրությունը սահմանել են նաև նրա ազգային-պետական կարգավիճակը։ Նա մերօրյա Հայոց մաղխազն է՝ Գերիշխան Հայ ազգի կյանքի, ազատության և արժանապատվության պահպանության պատասխանատուն։
 
Գերությունը երկար չի տևելու։ Ոգու Ասպետի ցանած հրեղեն սերմերն արդեն  ծիլ են տվել։ Ապրիլյան քառօրյայի հերոսական դիմադրության և Սասնա Ծռերի ապստամբության անթեղած կրակից շուտով բռնկվելու է Նոր Սարդարապատի բոցը, որն ազատության առատ բերք է հավաքելու՝ ծնունդ տալով Կուր- Արաքսյան Նոր Հանրապետության։ 
 
Օրհնյալ լինի նվիրյալ զավակիդ և Նոր Հանրապետության առաջին քաղաքացուդ ծնունդն ու հոբելյանը, սիրելի՛ Հայրենիք։
 
 
Վարուժան Ավետիսյան
Արմավիր ՔԿՀ
 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play