Ինչու է Ադրբեջանը մտածված ցուցադրում է նոր զենքը


Ինչու է Ադրբեջանը մտածված ցուցադրում է նոր զենքը

  • 10-07-2017 18:35:44   | Հայաստան  |  Վերլուծություն

Սերժ Սարգսյանի խոստովանությունն ու Շավարշ Քոչարյանի գաղափարը. Ապրիլի դասը

 

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը ցուցադրել է Ռուսաստանից ձեռք բերած սպառազինության հերթական խմբաքանակը, որտեղ ըստ փորձագիտական դիտարկումների մի քանի հարյուր կրակային համազարկային Սոլնցեպյոկ կայանի համար նախատեսված հրթիռներ են: Ներկայում այդ զինատեսակով համալրված է նաեւ Հայաստանի զինուժը, որը ցուցադրվել է 2016-ի սեպտեմբերի 21-ի ռազմական շքերթում:

 

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը մտածված ձեւով ցուցադրում է Ռուսաստանից ստացվող յուրաքանչյուր նոր խմբաքանակ: Մոսկվան պնդում է, որ դա հին պայմանագրերով ձեռք բերած սպառազինությունն է, որը պարզապես մատակարարվում է փուլերով: Հնարավոր է, իհարկե, թեեւ օրինակ 2015 թվականի սեպտեմբերին ՌԴ արտգործնախարար Լավրովը Բաքվում հույս էր հայտնում, որ Ադրբեջանը կմասնակցի Ռուսաստանում կայանալիք ռազմա-տեխնիկական ցուցահանդեսին: Այսինքն, ՌԴ-ն արտգործնախարարի մակարդակով էր հայտարարում, թե հույս ունի, որ Բաքուն զենքի նոր խմբաքանակ կպատվիրի:

 

Իհարկե, այժմ Ադրբեջանի տնտեսական վիճակն այնպիսին չէ, որ կարողանա տալ շատ մեծ պատվերներ, բայց Ռուսաստանի վիճակն էլ այնպիսին է, որ փոքր պատվերն անգամ օգտակար է:

 

Միեւնույն ժամանակ, հստակ է, որ բանը լոկ բիզնեսը չէ, որքան էլ Մոսկվան փորձում է արդարացնել Ադրբեջանի հետ գործարքը հենց բիզնեսով:

 

Կրեմլում հազիվ թե գտնվեն հիմարներ, որ առնվազն ապրիլի պատերազմից հետո չգիտակցեն, թե ռազմա-քաղաքական ինչպիսի հետեւանքի է բերում սեփական դաշնակցի դեմ կիրառելու համար Ադրբեջանին սպառազինություն վաճառելը, անտեսելով դաշնակցի մտահոգությունները:

 

Հիմար վիճակում հայտնվել կարող են նրանք, ովքեր կհավատան, թե բանը լոկ բիզնեսն է: Ընդ որում, դատելով Սերժ Սարգսյանի մարտի 10-ին ՄԳԻՄՕ-ում ունեցած ելույթից, հնարավոր է եզրակացնել, որ Հայաստանի իշխանությունը հայտնվել է այդպիսի հիմար վիճակում: ՄԳԻՄՕ-ում Սերժ Սարգսյանը հայտարարեց, թե «երբ Հայաստանը ահազանգում էր Ադրբեջանի ռազմատենչության մասին, «մեր գործընկերները» հավատացնում էին, թե դա ներքին սպառման համար է»:

 

Պետք է ենթադրել, որ Սարգսյանը կարող էր նկատի ունենալ նաեւ Ադրբեջանին ռուսական սպառազինության վաճառքի վտանգավորությունը, ինչին ի պատասխան փաստորեն լսել է պատասխան, թե մի անհանգստացեք՝ Ադրբեջանը չի կրակի: Ի դեպ, Սերժ Սարգսյանը նաեւ 2016 թվականի ապրիլի 22-ին Երեւանում էր Լավրովին հարցրել, թե բացատրեք՝ «ինչու այդպես եղավ»:

 

Իսկ Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը դրանից մոտ մեկ ամիս անց ավստրիական թերթին տված հարցազրույցում բարձրացնում էր գաղափար, թե որոշակի կայունացնող գործոն կլինի հակամարտ կողմերին զենքի մատակարարման արգելքի սահմանումը ՄԱԿ ԱԽ մակարդակում:

 

Շավարշ Քոչարյանի այդ գաղափարը սակայն կարծես թե շարունակություն չի ունեցել: Համենայն դեպս, երբ Բաքուն ցուցադրում է ռուսական զենքի հերթական խմբաքանակի ստացումը, հարց է առաջանում, թե արդյոք Երեւանը ընթացք տվել է ավստրիական թերթում իր փոխարտգործնախարարի բարձրաձայնած գաղափարին. եթե չի հաջողվում հասնել նրան, որ Ռուսաստանը դադարի սպառազինություն վաճառել Բաքվին, գուցե արժե հասնել ընդհանրապես հակամարտ կողմերին զենքի վաճառքի ՄԱԿ արգելքի:

 

Այդ գաղափարի առաջմղման Երեւանի տեսանելի ջանք անցնող մեկ տարվա ընթացքում նկատելի չի եղել: Հայաստանի դիվանագիտությունն այդօրինակ դեպքերում նախընտրում է հղում անել «դիվանագիտության յուրահատկությանը»՝ թե դա այդքան էլ տեսանելի դաշտի գործ չէ:

 

Փաստն այն է, որ Հայաստանի ռազմավարական դաշնակիցը շարունակում է տեսանելիորեն թքած ունենալ Հայաստանի թե շահի, թե արժանապատվության վրա եւ իրականացնում է մատակարարումները Բաքու: Ապրիլից հետո փոխվել է թերեւս այն, որ սպառազինություն մատակարարում են նաեւ Հայաստանին՝ հավասարակշռությունը պահելու համար: Իհարկե քանակական հավասարակշռության մասին խոսք լինել չի կարող, բայց այստեղ կա առանցքային խնդիրը՝ քանակից դուրս:

 

Բանն այն է, որ պատերազմի միայն մի ասպեկտն է զուտ ռազմա-տեխնիկական հավասարակշռությունը: Մյուս, եւ գուցե կարեւոր ասպեկտը քաղաքական կամ ռազմա-քաղաքական հավասարակշռությունն է:

 

Եվ այստեղ շատ էական է դառնում դաշնակիցների՝ իրական դաշնակիցների հանգամանքը, որն ապրիլյան պատերազմի գլխավոր դասերից մեկն էր, ինչը խոստովանեց նաեւ Սերժ Սարգսյանը Բեռլինում, երբ հայտարարեց, թե Հայաստանը չունի հզոր հովանավոր: Դա պարզապես նշանակում էր, որ Հայաստանը մնացել է առանց դաշնակից, որովհետեւ դե յուրե դաշնակիցը փաստորեն աշխատում էր Ադրբեջանի հետ:

 

Ապրիլի պատերազմից հետո Հայաստանի իշխանությունը հայտարարում է, որ կատարել է քայլեր պատերազմից հետո արված հետեւությունների հիման վրա: Տարբեր աղբյուրներ հավաստում են, որ քայլեր իսկապես կատարված են, եւ ներկայում անվտանգության կազմակերպումն անհամեմատ ավելի բարձր մակարդակի վրա է: Դա նաեւ նկատելի է առաջնագծում Ադրբեջանին հասցվող հարվածներից:

 

Բայց ղարաբաղյան խնդիրը մեծ քաղաքականության խնդիր է, հետեւաբար կարեւոր են նաեւ այդ մակարդակում քաղվող դասերը: Եվ այդ առումով հարց է առաջանում, թե արդյոք Հայաստանը լուծել է դաշնակիցների՝ իրական դաշնակիցներ ունենալու խնդիրը, արդյոք դե յուրե դաշնակիցները թղթից վերածվել են իրականի, կամ թղթից բացի ձեռք են բերվել իրական դաշնակցային հարաբերություններ:

 

Դա մի հարց է, որն առայժմ չունի դրական պատասխան:

lragir.am

 

 

Նոյյան տապան  -   Վերլուծություն