Սերժ Սարգսյանը գտել է ընդմիշտ մնալու ձեւը


Սերժ Սարգսյանը գտել է ընդմիշտ մնալու ձեւը

  • 10-07-2017 18:34:54   | Հայաստան  |  Վերլուծություն

Շախմատի դպրոցական դասավանդման եւ ընդլայնման գործում մեր նպատակը միայն գրոսմայստերների թիվն ավելացնելը չէ, այլ շախմատիստի նման մտածողների թիվն ավելացնելը: Այդ միտքը Սերժ Սարգսյանինն է, շախմատի ֆեդերացիայի գործունեության տարեկան ամփոփման հավաքի ընթացքում: Նա հայտարարել է, որ շատ կարեւոր է, որպեսզի մենք ունենանք 50 հազար երիտասարդներ, որոնք մտածում են շախմատիստի նման:

 

Ի՞նչ է նշանակում մտածել շախմատիստի նման: Սերժ Սարգսյանը չի սահմանել դա: Ո՞րն է չափանիշը, կամ համեմատական վերլուծությունը, որ պետք է հենց շախմատիստի պես մտածող սերունդ: Իսկ գուցե պետք է, որ շախմատիստի պես մտածեն շախմատիստները, իսկ սերունդը մտածի պարզապես քաղաքացու պես՝ իրավունքի եւ ազատության արժեհամակարգով, միաժամանակ գիտակցված քաղաքացիական պարտականությունների:

 

Բանն այն է, որ շախմատը, լինելով ինտելեկտուալ խաղ, կամ համարվելով այդպիսին, գործնականում քիչ առնչություն ունի այդ արժեքների, քաղաքացի հասկացության հետ:

 

Շախմատն իհարկե մաթեմատիկա է, կամ, ինչպես Տիգրան Պետրոսյանը կասեր՝ ըստ ձեւի՝ խաղ է, ըստ բովանդակության՝ արվեստ, իսկ խաղին տիրապետելու առումով՝ գիտություն, բայց այդ ամենը կապ չունի հանրային մտածողության հետ:

 

Հանրային արդիական մտածողությունը պահանջում է այլ հենասյուների վրա գտնվող դպրոց, ինչը ցույց է տվել նաեւ քաղաքակրթության զարգացման պատմությունը: Դրա առաջատար պետությունները հանրային մտածողության, հասարակական համակեցության կանոնների, քաղաքական մշակույթի զարգացման հասել են ոչ թե դպրոցներում շախմատ դասավանդելու, այլ ազատ մտածողությունն ու իրավունքի ուժը անհատին հասցնելու միջոցով:

 

Դասավանդե՞լ դպրոցներում շախմատ, թե ոչ: Դա իհարկե այլ խնդիր է: Բայց շախմատը չի կարող լինել սերնդի դաստիրակության հիմք, որովհետեւ շախմատն իր բնույթով ավելի շուտ խրախուսում է ինտրիգային մտածողությունը կամ պարզապես «պալատականությունը», քան քաղաքացիական գիտակցությունն ու լայնախոհությունը: Դա չի նշանակում, որ շախմատիստը չի կարող լինել լայնախոհ: Ավելին, կան այդպիսի բավական հնչեղ անուններ, որոնք շախմատը թողնելուց հետո աչքի են ընկնում քաղաքացիական ակտիվ դիրքորոշումներով: Բայց, դրա հիմքն ամենեւին շախմատը չէ:

 

Այլ հարց է, որ Սերժ Սարգսյանը պատկերացնում է «օրդենի» ձեւավորում՝ շախմատիստի մտածողության «օրդեն», որը կմիավորի նվազագույնը 50 հազար մարդու, կամ այլ կերպ ասած 50 հազար Սերժ Սարգսյանի, նկատի ունենալով այն, որ Սարգսյանն իբրեւ քաղաքական գործիչ ընկալվում է հենց որպես շախմատ խաղացող՝ «շախմատիստ», որը քաղաքական դաշտը դիտարկում է հենց որպես շախմատային խաղատախտակ:

Ըստ ամենայնի, Սերժ Սարգսյանը հենց «շախմատիստների» 50 հազարանոց «օրդենն» է դիտարկում իր քաղաքական ճակատագրի «հարատեւության» հիմք: Բանն այն է, որ ժամանակի ընթացքում խաղն իհարկե բարդանում է ամբողջ աշխարհում կամ մեծ շախմատային խաղատախտակում, ինչպես կասեր համաշխարհային քաղաքագիտության գուրուներից մեկը՝ Զբիգնեւ Բժեզինսկին: Այդ բարդ խաղը առավել մեծ հմտություն է պահանջում հանգուցային տարածաշրջաններում գտնվող փոքր իշխանությունների կամ ֆիգուրների համար: Սերժ Սարգսյանը, լինելով այդպիսի իշխանություններից մեկի գլուխ, լավ պատկերացնում է, որ հնարավոր չէ մանր առեւտրականների ՀՀԿ «օրդենով» լուծել լինել ամուր դիրքերում եւ լուծել երկարաժամկետ խնդիրներ, եթե անգամ այդ «օրդենին» անդամակցում է մի քանի հարյուր հազար մարդ:

Պետք է առավել կենսունակ եւ մրցունակ հիմք ունեցող մի կառույց, որը թեկուզ կլինի առավել նվազ թվաքանակով՝ 50 հազար, բայց շատ ավելի կայուն մտածողության համակարգով: Երբ կլինի մտածողությամբ 50 հազար «շախմատիստ», այսինքն 50 հազար «Սերժ Սարգսյան», ապա գործնականում անհնար կդառնա Սերժ Սարգսյանի հեռացումը:

 

Սերժ Սարգսյանը ներկայում ունի 2018-ի, ընդհանրապես իշխանության մեջ ազդեցություն պահելու խնդիր: Եվ այդ հարցում նա ունի շոշափելի դժվարություն թե ներքին ֆինանսա-տնտեսական, թե արտաքին քաղաքական առումով: Այդ առումով շախմատը Սարգսյանի պլան Բ-ն է, իսկ խորքային առումով գուցե պլան Ա-ն, որովհետեւ Սերժ Սարգսյանի համար զուտ ֆորմալ իշխանությունը փաստորեն արդեն անցած փուլ է, նրա թիրախն արդեն մտածողության վրա իշխելն է:

 

lragir.am

 

 

Նոյյան տապան  -   Վերլուծություն