«Արմենիա» մրցույթ-փառատոնը կարողացել է հետաքրքրություն առաջացնել դասական երաժշտության երկրպագուների շրջանում


«Արմենիա» մրցույթ-փառատոնը կարողացել է հետաքրքրություն առաջացնել դասական երաժշտության երկրպագուների շրջանում

  • 11-07-2017 12:45:14   | Հայաստան  |  Մշակույթ

Հայկական բարեգործական ընդհանուր միության համերգասրահում հուլիսի 10-ին «Արմենիա» միջազգային մրցույթ-փառատոնի շրջանակներում հանդես է եկել Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի անսամբլ Աբգար Մուրադյանի անվան դուետը (Լիլիթ Զաքարյան՝ դաշնամուր, Դավիթ Գյուլամիրյան՝ կլարնետ)։
Համերգային երեկոյի ընթացքում հնչել են Յոհաննես Բրամսի, Էդուարդ Բաղդասարյանի, Կլոդ Դեբյուսիի, Ֆրանսիս Պուլենկի ստեղծագործությունները։
 
Կլարնետահար Դավիթ Գյուլամիրյանը նկատում է. «Փառատոներն իրենց մեջ ներառում են համերգաշարեր, որոնք կարող են լինել թեմատիկ կամ չլինել, բայց մեր փառատոնն իր անվան մեջ արդեն ամբողջ մի համապարփակ իմաստ Է պարունակում։ «Արմենիա» միջազգային փառատոնի շրջանակում տարբեր համերգային ծրագրերով հանդես են գալիս աշխարհահռչակ երաժիշտներ, հնչում է միմիայն բարձրորակ դասական երաժշտություն։ Հաճելի է միջազգային փառատոների մի փոքր մասը լինել՝ «Արմենիա»,«Խաչատրյան»։ Եթե խաչատրյանական փառատոնն արդեն միջազգային ճանաչում ու հարգանք է վայելում, ապա «Արմենիա» առաջին միջազգային մրցույթ-փառատոնին միայն բարի մեկնարկ ու կանաչ ճանապարհ կարող եմ մաղթել։ Եվս մեկ կայացած նախագիծ ընդամենը մի քանի օրից կավարտվի, և ուրախալին այն է, երբ հասկանում ես ու տեսնում, որ մեր փոքր երկրում կարող է իրականացվել այս մակարդակի նախագիծ, որը ոչ միայն չի զիջում միջազգային չափանիշներին, այլև կարճ ժամանակահատվածում կարողանում է հետաքրքրություն առաջացնել դասական երաժշտության երկրպագուների շրջանում»։
Հիշեցնենք, որ «Արմենիա» միջազգային առաջին մրցույթ-փառատոնն անցկացվում է Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի և Մշակույթի աջակցության եվրոպական հիմնադրամի (European Foundation for Support of Culture) նախաձեռնությամբ և ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։ Մրցույթ-փառատոնը կայանում է ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանի բարձր հովանու ներքո։
 
Նոյյան տապան  -   Մշակույթ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play