«Կարմիր մահիկի» ընկերակցությունը հանդես է եկել Հայաստանում բուժարան բացելու առաջարկությամբ


«Կարմիր մահիկի» ընկերակցությունը հանդես է եկել Հայաստանում բուժարան բացելու առաջարկությամբ

  • 12-07-2017 11:47:55   | Հայաստան  |  Հասարակություն

ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը երեկ ընդունել է  Իրանի Իսլամական Հանրապետության «Կարմիր մահիկի» ընկերակցության նախագահ Սեյեդ Ամիր Մոհսեն Զիայի գլխավորած պատվիրակությանը և ՀՀ-ում ԻԻՀ արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջջադին:
Հանդիպման ընթացքում նախարարին ներկայացվել է, որ արդեն 95 տարի գործող «Կարմիր մահիկն» ունի 2 մլն կամավոր և 9 հազար հաստիքային աշխատող։ Աշխարհի շատ երկրներում ներկայացված  ընկերակցությունը, բացի աղետների ռիսկի նվազեցմանը և արտակարգ պատահարներին ու աղետներին արձագանքմանը, նաև տարբեր երկրներում գործող կլինիկաներ, բուժարաններ ու հեմոդիալիզի կենտրոններ ունի։  
 
«Անհրաժեշտ  սարքավորումներով ու դեղորայքով ապահովված մեր բուժարաններն անվճար սպասարկում են սոցիալապես անապահով բնակչությանը»,-նշել է Սեյեդ Ամիր Մոհսեն Զիաին` հավելելով, որ պատրաստ են նման ծրագիր սկսելու և զարգացնելու նաև Հայաստանում։
Բարձր գնահատելով ինչպես «Կարմիր մահիկի» ընկերակցության բարեսիրական գործունեությունը, այնպես էլ Իրանում առողջապահության ոլորտի առաջընթացը` Լևոն Ալթունյանը պարաստակամություն է հայտնել նպաստելու հարևան երկրի հետ առողջապահության  ոլորտում համագործակցության ընդլայնմանն ու զարգացմանը։ 
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև դեղերի արտադրության, բժշկական պարագաների ու դեղերի ներկրման և արտահանման ոլորտում համագործակցության հնարավորությունները։
Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադին ևս առողջապահության ոլորտում երկու երկրի միջև արդեն իսկ զարգացող փոխգործակցության  ընդլայնմանը նպաստելու իր ցանկությունն է հայտնել։ 
Ամփոփելով հանդիպումը` ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը նշել է, որ կքննարկվեն Հայաստանում բուժարան բացելու իրանցի գործընկերների կողմից ներկայացված ընդունելի առաջարկի մանրամասներն ու կազմակերպական հարցերը։ 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն