«Դուրս մեր գրպանից»-ը կոչ է անում վարորդներին կարմիր գծերի համար չվճարել տարեկան կտրվածքով (տեսանյութ)


«Դուրս մեր գրպանից»-ը կոչ է անում վարորդներին կարմիր գծերի համար չվճարել տարեկան կտրվածքով (տեսանյութ)

  • 12-07-2017 14:50:19   | Հայաստան  |  Հասարակություն



 
«Դուրս մեր գրպանից» նախաձեռնության անդամները կոչ են անում վարորդներին չվճարել կարմիր գծերով կայանատեղիներից օգտվելու համար սահմանված վճարները տարեկան կտրվածքով: 
Ինչպես  հուլիսի 12-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ պարզաբանեց նշյալ նախաձեռնության անդամ Արսենը Պետրոսյանը, վարորդների մեծ մասն անտեղյակ է, որ տարվա ընթացքում կատարված տարեկան վճարն ուժի մեջ է լինում մինչև սույն թվականի դեկտեմբերի 31-ը: 
 
Նրա խոսքերով, եթե վարորդներն իրենց անտեղյակության  հետևանքով որոշեն թեկուզ հենց այս ամսից տարեկան վճարներ կատարեն, ապա այդ վճարը չի գործելու հաջորդ տարվա նույն ժամանակահատվածի համար: 
«Պատկան մարմիններն այնքան ազնվություն չունեն, որպեսզի հանրությանն իրազեկեն կամ գոնե հորդորեն այս ամսվանից կամ թեկուզ օգոստոսի 1-ից չվճարեն կարմիր գծերի վճարները տարեկան կտրվածքով, քանի որ հիմա արված վճարն ուժի մեջ չի լինի հաջորդ տարի այս ժամանակահատվածի համար, այլ զրոյանալու է դեկտեմբերին: Սա ևս մեզ ստիպում է մտածել, որ ամեն ինչ արվում է մարդկանց գրպաններին հարվածելու համար ոչ ազնիվ ճանապարհով»,- նշեց Ա. Պետրոսյանը: 
 
Վերջինիս գնահատմամբ` օգոստոսի 1-ից կարմիր գծերով կայանատեղիների համար սահմանված վճարի թանկացումը (500 դրամ ավտոկայանատեղի վճար, 124.6 դրամ միջնորդավճար և 123.4 դրամ ԱԱՀ, ընդհանուր առմամբ` նախկին 500 դրամի փոխարեն 748 դրամ) միտում ունի այս վճարը հերթական հարկատեսակը դարձնելու: 
 
Նշենք, որ օգոստոսի 1-ից կարմիր գծերով ավտոկայանատեղիներից օգտվելու համար սահմանված գումարի փոփոխությունը ենթադրում է, որ 5045 հեռախոսահամարին SMS հաղորդագրությամբ մուծում կատարելիս, բաժանորդի հաշվեկշռից կգանձվի 748 դրամ: 
 
Ա. Պետրոսյանի պնդմամբ` Երևանի քաղաքապետարանի ներկայացուցիչների այն պատճառաբանությունը, թե վարորդները կարող են օգտվել ավտոկայանատեղիներում տեղադրված տերմինալներից և ավելորդ գումար չվճարել, նույնպես ձևականություն է, քանի որ ոչ բոլոր տեղերում են տերմինալներ տեղադրված: 
 
«Եթե հավատանք, որ «Փարկինգ սիթի» ընկերությունը գործում է Երևանի քաղաքապետարանի ենթակայության տակ, ապա ակնհայտ է, որ կարմիր գծերի թանկացումն ուղղակի կապված է Երևանի քաղաքապետարանի հետ. Վերջինս  նման որոշումը պետք է համաձայնեցներ կառավարության հետ»,- փաստեց բանախոսը` հավելելով, որ շատ վարորդներ ոչ բջջային հեռախոսից, և ոչ էլ տերմինալից կարող են օգտվել, հետևաբար նրանք ակամայից ստիպված են լինում տարեկան 12 հազարները վճարել, որպեսզի ազատվեն ամեն տեսակ գլխացավանքներից: 
 
 
Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան» 
Նոյյան տապան  -   Հասարակություն