Խուլ մարզիկների ՀՀ հավաքական թիմը 23-րդ ամառային սուրդլիմպիկ խաղերին կմասնակցի նոր մարզահագուստով


Խուլ մարզիկների ՀՀ հավաքական թիմը 23-րդ ամառային սուրդլիմպիկ խաղերին կմասնակցի նոր մարզահագուստով

  • 12-07-2017 15:53:21   | Հայաստան  |  Սպորտ

Այսօր՝ հուլիսի 12-ին, ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության աշխատակիցները այցելեցին Օլիմպավանում մարզումներ անցկացնող խուլ մարզիկների Հայաստանի Հանրապետության հավաքական թիմի անդամներին և նրանց հանձնեցին մարզահագուստներ, որոնցով նրանք մասնակցելու են 23-րդ ամառային սուրդլիմպիկ խաղերին:
 
Նախարարության մասսայական սպորտի և ֆիզիկական դաստիարակության քաղաքականության վարչության պետ Լևոն Վահրադյանը մարզիկներին փոխանցեց ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանի ողջույնի խոսքը և բարեմաղթանքները, մաղթեց նրանց հաջող մրցելույթներ և հաղթական վերադարձ:
 
«Պարոն Ռոստոմյանը խնդրեց հաղորդել, որ խաղերի ընթացքում ողջ հայ ժողովրդի հետ միասին ինքը նույնպես հետևելու է ձեր գոտեմարտերին և վստահ է, որ ինչպես աշխարհի և Եվրոպայի առաջնություններում, այս սուրդլիմպիկ խաղերից նույնպես դուք վերադառնալու եք մեդալներով»,- ասաց Լ. Վահրադյանը:
 
Նշենք, որ 23-րդ ամառային սուրդլիմպիկ խաղերը անցկացվելու են հուլիսի 18-ից 30-ը՝  Թուրքիայի Սամսուն քաղաքում: Մեր մարզական պատվիրակության կազմում հանդես են գալու 12 մարզիկ՝ 10 ըմբիշ և 2 ձյուդոյիստ:
 
Հայաստանի  Հանրապետությունը սուրդլիմպիկ խաղերին մասնակցում է 5-րդ անգամ:
 
 
Նոյյան տապան  -   Սպորտ