Քաղաքապետարանը հերքել է Երեւանում հանրային տրանսպորտի ուղեվարձի թանկացման վերաբերյալ լուրը


Քաղաքապետարանը հերքել է Երեւանում հանրային տրանսպորտի ուղեվարձի թանկացման վերաբերյալ լուրը

  • 12-07-2017 17:10:10   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Այս օրերին լուրեր են պտտվում, որ սեպտեմբերից Երեւանում բարձրանալու է հանրային տրանսպորտի ուղեվարձը: Ընդ որում, ըստ նույն լուրերի, սկզբում թանկացումը նախատեսվել է օգոստոսին, ներքին զորքերին հանձնարարվել է հետաձգել արձակուրդները` կանխատեսվող հանրային լարվածության պատճառով: Հետո, սակայն գործընթացը հետաձգվել է մինչեւ սեպտեմբեր:
 
Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արթուր Գեւորգյանը, armtimes.com-ի հետ զրույցում անդրադառնալով հարցին, հերքեց, որ սեպտեմբերին սակագնի փոփոխություն է սպասվում: Բայց թե ինչ կլինի ավելի ուշ` բարեփոխումների գործընթացի ավարտի արդյունքում, նա դժվարացավ կանխատեսել:  
 
Ինչպես հայտնի է, միջազգային խորհրդատուին` անգլիական «Դաբլյու Վայ Ջի Ինթերնեյշնլ լիմիթիդ» ընկերությանը, պատվիրվել էր ուսումնասիրել, մշակել երթուղային նոր ցանց եւ ներկայացնել առաջարկների ամբողջական փաթեթ: Դա նախատեսված էր հունիսին:
 
Քաղաքապետարանից հստակ չեն պատասխանում` միջազգային խորհրդատուն ինչ առաջարկներ է ներկայացրել: Խորհուրդ են տալիս սպասել մոտակա օրերին հրավիրվելիք ասուլիսին, որի ընթացքում քաղաքապետի տեղակալ Վահե Նիկոյանը կպատասխանի հետաքրքրող բոլոր հարցերին:
 
Չի նշվում նաեւ, թե ուղեւորափոխադրում կազմակերպելու առաջարկված տարբերակներից յուրաքանչյուրի դեպքում ինչ սակագին է հաշվարկվել: Գեւորգյանն ասաց, որ ինքը տեղեկություն չունի ոչ այդ տարբերակների, ոչ էլ դրանց դեպքում առաջարկվող սակագների մասին:
 
Այդուհանդերձ, նկատեց, որ խորհրդատուի առաջարկած տարբերակները դեռեւս ոչինչ չեն նշանակում, քանի դեռ չեն ներկայացվել հասարակական տրանսպորտի բարեփոխումների աշխատանքային խմբի քննարկմանը: Նաեւ ընդգծեց, որ քաղաքապետարանը խորհրդատուի առջեւ խնդիր է դրել չծանրացնել քաղաքացու սոցիալական բեռը:
 
Գեւորգյանի խոսքով, բոլոր տարբերակներից ի վերջո կընտրվի այն մեկը, որն արժանացել է հանրության հավանությանը: Այսինքն` երեւանցին ինքը պետք է որոշի` նախընտրում է, ասենք, միասնական տոմսի՞ տարբերակը, ուղեվարձի սակագնի սահմանումը` ըստ կիլոմետրի՞ եւ այլն:
 
Իսկ թե ինչ մեխանիզմով են քաղաքացիներն արտահայտելու իրենց դիրքորոշումը, դարձյալ առայժմ չի նշվում` հղում անելով սպասվող ասուլիսին:
 
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն