Սերժ Սարգսյանի նկարները իրենց պատերին փակցնելու համար Հայաստանի դպրոցները ծախսել են առնվազն 15 միլիոն դրամ. ԺԱԱ նախագահը կոչ է անում դպրոցը մաքրել տոտալիտարիզմից


Սերժ Սարգսյանի նկարները իրենց պատերին փակցնելու համար Հայաստանի դպրոցները ծախսել են առնվազն 15 միլիոն դրամ. ԺԱԱ նախագահը կոչ է անում դպրոցը մաքրել տոտալիտարիզմից

  • 12-07-2017 18:06:04   | Շիրակի մարզ  |  Հասարակություն

Սերժի Սարգսյանի նկարները իրենց պատերին փակցնելու համար Հայաստանի դպրոցները ծախսել են առնվազն 15 միլիոն դրամ։  Այս մասին  ֆեյբուքյան իր էջում գրել է ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի ղեկավար Լեւոն Բարսեղյանը:
 
Երեկ մի թեթեւ բան գրեցի Սերժիկի նկարների մասին, որ սրբապատկերի պես «զարդարում են» մեր դպրոցները։ Մոտավոր նվազագույն ծախսը գրեցի այդ նկարների համար արված։ Սա շատ երկար ու տխուր պատմություն է։
 
Պարզվեց ահագին մարդ անտեղյակ է, որ նման անհեթեթություն է տիրում դպրոցներում, ասես բոլոր պարերը պարել են, երգերը երգել են, մնացել էր հենց Սերժիկի ու կաթողիկոսի նկարները ճպպցնել պատերին։ Հասկանալի է, որ չկա ոչ իրավական հիմք դրա համար, ոչ էլ գիտական ապացույց այն բանի, որ այդ նկարները օգնում են դպրոցին դպրոց դառնալ, նպաստում են հանրային կրթության որակի աճին եւ այլն։ Դրա հետ մեկտեղ էլ անտեղի ծախս են բարդում դպրոցների աղքատիկ բյուջեների վրա։ Մեր ո՞ր մեղքի համար, կներեք։ Ինչու պիտի աշակերտ-մանկավարժը օրը 6-7 ժամ այդ պատկերները տեսնի իր գլխավերեւում։
Որովհետեւ սա սողացող ու կայացող տոտալիտարիզմ է։ Որովհետեւ տնօրենը վախենում է հակաճառել, չկախել, մանկավարժը վախենում է հարցնել, թե ինչու են էդ պատկերները ճպպցրած կրթօջախի պատերին, աշակերտները իրենց հում ուղեղով ուղղակի ի գիտություն է ընդունում տնօրենի ակնածանքի ու խոնարհման այդ «սրբերի» գոյությունը, իսկ ծնողները … Ծնողների մեծ մասը տեղյակ էլ չէ, որ իրենց փողերով կրթության հետ կապ չունեցող կերպարների պատկերներով քաղկեդոնական հնարքներ են բանեցնում իրենց երեխաների վրա։
Գրածս 15 մլն դրամի ծախսը միայն Սերժիկի նկարների միանվագ ծախսն էր, այդ ծախսերն արվում են պարբերաբար, հաճախ պահանջվում է թարմացնել այդ նկարները, զի առաջնորդը փոխվում է ժամանակի եւ կազինոների ազդեցությամբ, ու ծախսում են մեր փողերը։
Հարգելի ծնողներ, հասարակական գործիչներ, էս տոտալիտարացման խնդիրը հասկացող մարդիկ, ջանք դրեք դպրոցն ապաքաղաքականացնելու եւ ապակրոնականացնելու համար, ասեք, խոսեք, պահանջեք տնօրեններից՝ հանել այդ լուսապայծառ էակների նկարները կրթօջախների պատերից, այդ մարդիկ ոչ Հայաստանի խորհրդանիշն են, ոչ ազգի, ոչ ազգային հերոս են ոչ էլ ուսման առաջավոր, ասեք՝ հանեն ու, թե սրտանց սիրում են, թող տանեն իրենց տներում կախեն այդ նկարները տատուպապի նկարների կամ ժամացույցի կողքին։
Շատ կուզեմ որ այս կոչս հասնի յուրաքանչյուր ծնողի, ով աշակերտ ունի կամ ուսանող։
 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play